«ՕԹԹԿ» ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը ներկայացվեց հանրությանը։ Ապրիլի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ոչ միայն ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, այլեւ հյուրեր, դերասաններ, կինոսերներ։ Կինոնկարում սփյուռքահայ գործարարին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու եւ ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների հետեւանքով ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ: Ֆիլմի նկարահանող ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Սերժ Գաբյանը սկսել է աշխատել նախագծի վրա 2020 թվականից:

 

«Քրեական կատակերգություն է՝ նոր ժանր հայկական ֆիլմարտադրության մեջ, նման ոճային փորձեր քիչ են արվել։ Ֆիլմը՝ իր ժանրային տարօրինակություններով, նոր շունչ կտա մեր մշակութային աշխարհին եւ հետաքրքիր կլինի. դրանով իսկ մեր ուզածին հասել ենք։ Իմ ուզածը՝ որպես ռեժիսոր, պրոդյուսեր կայանալն էր, ստեղծել նոր ոճ, դրա հետ մեկտեղ անել ամեն ինչ, որ այն ծառայի հայ մշակույթին եւ ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ նման նոր արտադրանքը մեզ վրա ուշադրություն է սեւեռելու»,-նշում է Սերժ Գաբյանը՝ հավելելով՝ պետք չէ վախենալ նոր բաներ անելուց, փորձելուց։ Նրա խոսքով՝ ֆիլմում ներգրավված են եղել թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, մեծ մասը՝ թատրոնի դերասաններ, ինչպես նաեւ արտիստներ, որոնց առաջին դերասանական փորձն է՝ ի դեմս, օրինակ, ռեփեր Նարեկ Հովսեփյանի։ «Իմ ոլորտը մի քիչ այլ է. առաջարկել են մի քանի ֆիլմում նկարահանվել, չեմ համաձայնել, քանի որ դրանք նույնատիպ են եղել։ Քանի որ ես շատ եմ սիրում իմ գործում կարծրատիպ կոտրել, նկատեցի, որ այս գործով կարծրատիպ ենք կոտրում»,-նշում է Նարեկ Հովսեփյանը (A-Chilla)։

Թատրոնի ռեժիսոր, դերասան Ջերարդ Փափազյանը «ՕԹԹԿ»-ն բնորոշում է որպես խելառ ֆիլմ։ Փաստում է՝ նկարահանումները շատ լավ են անցել։ Կասկածում է՝ գուցե ֆիլմը մեծահասակները չհասկանան, բայց երիտասարդներին վստահաբար հետաքրքիր կլինի. «ՕԹԹԿ»-ն տարբերվող բան է մինչեւ հիմա ստեղծված հայկական ֆիլմերի մեջ։ Կինոնկարում ներգրավված են շուրջ 30 պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ դերակատարողներ։ Ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արման Ղազարյանը, ֆիլմում նաեւ իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ Հովսեփյանը հայտնի որպես A-Chilla: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչեւ 2022-ի մայիս Երեւանում:

Կինոնկարում նկարագրված բոլոր կերպարները մտացածին են եւ ոչ մի առնչություն չունեն իրական մարդկանց հետ, անունների զուգադիպությունը բացարձակապես պատահական է: Այն նախատեսված է 18+ տարիքի հանդիսատեսի համար: Ֆիլմում կան հակասոցիալական գործողությունների տեսարաններ եւ բազմաբարբառ ժարգոնային խոսակցություն: Ֆիլմի միակ նպատակն է ծիծաղաշատ ժամանց տրամադրել հանդիսատեսին: Ֆիլմը նախաձեռնող եւ իրականացնող «Հուլիգան Ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:

 

 

 

ԳԱԲԻԻ ՄՈՐԵՂԲՈՐ ՏՂԱՆ Է

 

Երեկ ադրբեջանական սադրանքի հետեւանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներից է Մկրտիչ Արմենի Հարությունյանը, որը երգչուհի Գաբի Գալոյանի մորեղբոր տղան է:

 

Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Զոհվածներից Մկրտիչ Արմենի Հարությունյանը իմ ազգականն է, ում մորեղբոր տղան նույնպես զոհվեց.. Դժոխք է սա, վերջ չկա սրան, տե՛ր Աստված»:

Նշենք, որ Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր: 33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ուներ երկու դուստր:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՕԳՆԵՑԻ»

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։ Լուկակուն խփել էր «Ինտերի» երկրորդ գոլը՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։

«Ես երջանիկ եմ, որ օգնեցի ակումբակիցներիս։ Մենք խելացի խաղ անցկացրինք, եւ մենք էլի գոլ խփելու հնարավորություն ունեինք, բայց 2:0 հաշիվն այսպիսի լավ թիմի դեմ անկասկած լավ արդյունք է։

11-մետրանոցը ընդամենը կենտրոնացման հարց է։ Ես երբեք ոչ մեկի չեմ լսում 11-մետրանոց իրացնելիս, նույնիսկ թիմակիցներիս չեմ լսում»,- Լուկակուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ինտեր» – «Բենֆիկա» պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա ապրիլի 19-ին։

 

 

 

 

«ՀԱՅ ԿԻՆՈՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է»

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների եւ ուսանողների շրջանում:

Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

– ապրիլի 12-ից մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ՝ ամեն օր՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր,

– այն մասնակիցը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի ճիշտ եւ ամբողջական պատասխանը, կհամարվի հաղթող,

– պատասխանը պետք է գրել հայատառ,

– պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,

– արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,

– պատասխանի հետ պետք է նշել նաեւ մասնակցի անունը, ազգանունը, մարզը, բնակավայրը, ուսումնական հաստատությունը,

– նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Յուրաքանչյուր օր նախորդ օրվա հաղթողի անունը կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում:

Հաղթողները կպարգեւատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

 




Լրահոս