ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԺԻ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ցուցաբերած պահվածքը, որը ուղեկցվում էր սպառնալիքներով, խուլիգանական վարքագծով, կներվի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, ասել է թե՝ քաղաքական որոշումը կայացված է, իրավապահները պետք է հիմնավորեն դա:

Ինչպես հայտնի է, այդ օրը ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերեց ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլեւ խուլիգանական պահվածքով սպառնաց կտրել Ղազարյանի ականջներն ու լեզուն: Նա նաեւ հայտարարեց, որ հանձնաժողովի նիստը խանգարում է, ինչը կարող են ներկաները արձանագրել: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված նամակը՝ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից, ըստ էության, մերժվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը հասցեագրվել էր ՀՀ քննչական կոմիտեին: Երեկ հետաքրքրվեցինք կոմիտեից, թե ինչ են արել Թովմասյանի գրության հետքերով, հարուցվել է կամ կհարուցվի արդյոք քրեական գործ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն է կազմվել այդ նիստի ընթացքում հնչած արտահայտությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայության պատճառով»:

Պարզեցինք, որ խուլիգանական վարքագիծ դրսեւորած Արթուր Հովհաննիսյանն ինքն էլ է իրավապահներին գրություն ուղարկել՝ պահանջելով քրգործ հարուցել այդ օրը կատարվածի առիթով, միայն թե պարզ չէ՝ Հովհաննիսյանն ում է մեղադրում:

Արձանագրենք, որ տեղի ունեցածը անպատժելիության վառ դրսեւորում է. եթե ՔՊ խմբակցության քարտուղարն է սպառնում, դա ներվում է, եթե այլ քաղաքացի է դա անում, պատժվում է: Ահա Նիկոլ Փաշինյանի կերտած արդարադատության պտուղները:

 

 

 

Վերջին օրերին իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետեւից սկանդալների կենտրոնում են հայտնվում: Մեկ ԱԺ նախագահն էր սկանդալի կենտրոնում, մեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, վիրավորանքներով խոսեց ընդդիմության թեկնածուի հետ՝ սպառնալով մարմնի տարբեր մասեր կտրել: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրության «սքրինը», որտեղ երեւում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ: Ուշագրավ է, որ նախկինների արատավոր վարքուբարքի մասին աղաղակող քաղաքական ուժն իր ներսում անգամ չի քննարկում  այս աղմկահարույց դեպքերը, ավելին՝ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով փորձում են արդարացնել իրենց թիմակիցների անթույլատրելի արարքները: Այս միջադեպերից հետո չհնչեց գեթ մեկ ներողություն ՔՊ-ականների կողմից, փոխարենը նրանք մեկը մյուսի հետեւից շտապեցին ներողություն խնդրել ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ թշնամի երկրի դրոշն այրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման քննարկում չի եղել նաեւ երեկ կայացած ՔՊ նիստում, որը անցնում էր ԱԺ 334 սենյակում: Տպավորություն է, որ միջազգային հանրությունը եւս պատրաստ է աչք փակել գործող իշխանության նույնիսկ ամենալկտի արարքների վրա: Ստացվում է՝ ՔՊ-ականներն արտոնյալ են. այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է գործող իշխանություններին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ինչ քրեական վարույթի շրջանակներում է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե եւ որպես վկա հարցաքննվել: Պարզվում է՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա հոր՝ Աժ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի գործունեության եւ մարզում առկա հողերի մասով կա քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Արգամ Աբրահամյանին որպես վկա հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նշենք, որ Գուլոյաններն ու Աբրահամյանները խնամիներ են: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ArmLur.am-ը արձանագրել էր, թե ինչպես է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դուրս գալիս ՀՀ քննչական կոմիտեից, եւ փորձել էր անձամբ նրանից հարցնել, թե ինչու է հրավիրվել կոմիտե: Աբրահամյանը հրաժարվել էր մանրամասնել իր այցի մասին:

 

 

 

Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Երեւանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։ Նկատենք, որ այսպիսի տեղեկատվություն նոյեմբերին հայտարարել էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Սակայն նկատենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու եւս 473 վերելակ՝ կառավարության ֆինանսավորմամբ։ Միեւնույն ժամանակ «Սիվիլնեթ»-ը նկատում է, որ այժմ քաղաքապետարանի կայքում տեղադրված է միայն 500 վերելակի ձեռք բերման մրցույթ։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երեւանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը։ Փաստացի խոստացված 700 վերելակից այժմ պլանավորվում է տեղադրել 573-ը, սակայն մրցույթ հայտարարված է միայն 500-ի մասով։




Լրահոս