Հրանտ Բագրատյանին կմերժեն բանկերի միջոցով.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի առաջարկին ՝ փոփոխություններ մտցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» բանկային  օրենքում, վարչապետը քիչ էր մնում զարմացներ հանրությանը և ընդուներ այն: Սա կլիներ պատմական քայլ, քանի որ մինչ օրս Բագրատյանի առաջարկները նա ոչ մի անգամ չի ընդունել, կարծես նրա համար սա «պրինցիպի» հարց լինի: Գործադիրի վերջին նիստի հաղորդագրության մեջ նույնիսկ նշված է, որ, քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախագիծը, կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, «հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա»:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետն առաջարկել է օրենքում լրացում կատարել, առավելագույնը 4 մլն դրամով (տարադրամով ավանդների համար ՝  2 մլն) երաշխավորելով ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց բանկային ավանդները: Գործող օրենքը պարտադրում է բանկերին երաշխավորել միայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը, ինչը, փաստորեն, խտրականություն է իրավաբանական անձանց նկատմամբ: Իհարկե, Բագրատյանի առաջարկը լրացուցիչ պարտավորություն է ենթադրում բանկերի համար՝ հօգուտ նրանց հաճախորդների, այսինքն հանրությանը, ինչը, իհարկե, հաճելի չէ բանկերի լավագույն բարեկամ Տիգրան Սարգսյանին: Եվ ահա նա Բագրատյանին մերժելու խորամանկ ձև է մոգոնում: «Անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»,- ասում է վարչապետը: Այլ կերպ ասած, նա Բագրատյանին մերժելու է ոչ թե անձամբ, այլ բանկերի միջոցով, որոնք, իհարկե, դեմ կլինեն օրինագծին: Ճիշտ է, կան նաև «ձեռնարկությունների տերերը», իրավաբանական անձինք, որպես քննարկման կողմ, որոնք պետք է որ պաշտպանեն բանկերի հուսալիությունը բարձրացնող օրենքը, բայց նրանք, սովորաբար, նման քննարկումների ժամանակ վախվորած և նվաստ կեցվածքով են հանդես գալիս և, ի վերջո, նախընտրում են չփչացնել անձնական հարաբերությունները չինովնիկական դասի հետ: Հասկանալի է արդեն, որ հանրօգուտ օրենսդրական այս նախաձեռնությունը ևս չի ընդունվի: Նորությունը թերևս այն էր, որ Տիգրան Սարգսյանը հասկանում է, որ մեր հասարակությունը «պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում», բայց, չգիտես ինչու, հիշում է սա միայն ընդդիմությանը մերժելու համար: Պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեպքում նա ուղղակի թքած ունի այդ դիրքորոշման վրա:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս