Քաթարի ղեկավարը` իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը Իսրայելի և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, որը սպանում է խաղաղ բնակիչներին։ Նա համապատասխան հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով Խորհրդատվական խորհրդի (միապալատ խորհրդարան) 52-րդ նստաշրջանի բացմանը։

«Անմեղ մարդկանց սպանությունն անընդունելի է` անկախ նրանից, թե նրանք ինչ ազգության են և որ կողմն է հարվածողը: Մենք տարածաշրջանի երկրներին և աշխարհին կոչ ենք անում ամուր դիրքորոշվել այս սրման դեմ, որը սպառնում է Մերձավոր Արևելքի և մերձավորարևելյան անվտանգությանը: Մենք նաև կոչ ենք անում դադարեցնել այս պատերազմը, որն արդեն դուրս է եկել բոլոր հնարավոր սահմաններից»,- ասել է էմիրը:

«Մենք ցանկանում ենք հարցնել նրանց, ովքեր կանգնած են այս պատերազմի հետևում և չեն ընդունում այլընտրանքային սցենարներ: Ի՞նչ կլինի դրանից հետո: Կլինի՞ խաղաղություն և անվտանգություն և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար: Ո՞ւր են գնալու պաղեստինցիները պատերազմից հետո: Պաղեստինի ժողովուրդը մնում է, և նրա հետ մնում է նրա տառապանքը: Այս պատերազմից հետո մենք միայն վիշտ ենք ստանալու, աճող զոհեր և դրա հետ կապված՝ անարդարության խոր զգացում»,- հավելել է Էմիրը։

«Երկու ժողովուրդների կայունությունն ու անվտանգությունը երաշխավորելու միակ ճանապարհը արդար և կայուն խաղաղություն հաստատելն է և Պաղեստինի ժողովրդին հնարավորություն տալով իրականացնելու իր բոլոր օրինական իրավունքները, ինչպես սահմանված են միջազգային կազմակերպությունների կողմից, մասնավորապես՝ սեփական պետություն ստեղծելու իրավունքը։»,- ընդգծել է Քաթարի ղեկավարը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս