Խոշոր հարկատուների հնգյակը փոխվել է. որոնք են նոր ընկերությունները. Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արդեն հրապարակվել է 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը։

2022 թվականի համեմատ՝ 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակը փոփոխվել է. այն գլխավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», «Ինտերնեյշնալ Մասիս Տաբակ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները։ 2023 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններն իրենց դիրքերը չեն զիջել, սակայն 3-րդ տեղում «Ինտերնեյշնալ Մասիս Տաբակ»-ը իր դիրքերը զիջել է «Գրանդ Տոբակո» ընկերությանը, որի տարեկան հարկային մուտքերը կազմել են 31 մլն 031 հազար դրամ։ 4-րդ տեղում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որի հարկային մուտքերը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել են՝ 17 մլդ 569 մլն դրամից դառնալով 30 մլդ 133 մլն դրամ, որը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 4 անգամ։

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի դեմ: Բանն այն էր, որ հանձնաժողովը բողոքներ էր ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն է դրսեւորում, մասնավորապես՝ ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:

Հարուցված վարչական վարույթի մասին այլ մանրամասներ չկան, պարզապես փաստն այն է, որ այս կազմակերպությունը, օգտվելով տոների հանգամանքից, գայթակղիչ գովազդներ է ստեղծում, ապա չի կարողանում դրա տակից դուրս գալ։

Նմանատիպ գովազդային արշավ էլ կարող ենք սպասել Ամանորի նախաշեմին, երբ կգովազդեն այլ խաղարկություն ու կնվիրեն ավելի ցածր որակի տեխնիկա։ 2023 թվականին 1000 խոշոր հարկատուների շարքում 5-րդ տեղում է «Փրիթի Ուեյ» կազմակերպությունը, որը նախորդ տարի 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլն 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Նման կտրուկ աճը, ըստ երեւույթին, պայմանավորված է Հայաստանում տեխնիկայի շրջանում արտասահմանցի տուրիստների հետաքրքրությունից։

Հավելենք նաեւ, որ այս ընկերությունների ֆինանսական միջոցների աճին նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները, քանի որ արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է սանկցիաների տակ։ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ներկայացնում է Vesta տեխնիկայի վաճառասրահները։ Այս տարի «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի տարեկան հարկային մուտքեր կազմել են 23 մլդ 354 մլն դրամ։

Հիշեցնենք, որ «Փրիթի Ուեյ» ընկերությունը հայտնի է իր՝ կասկածելի տենդեռների մասնակցությամբ։ Բանն այն է, որ 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, տեսանկարահանող սարքեր ձեռք բերելու համար մրցույթ էին հայտարարել: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդ փուլին մասնակցել է միայն մեկը՝ «Փրիթի Ուեյ» ընկերությունը:

Ավելին՝ երկրորդ փուլին մասնակցող ընկերությունը պետք է մատակարարեր նշված կառույցների պահանջներին համապատասխան տեխնիկա։ Մրցույթը հայտարարվեց, գործարքը կատարվեց, եւ գումարը փոխանցվեց, ավելի ուշ պարզվեց, որ նման չափորոշիչներով եւ պահանջված մոդելի տեսախցիկներ պարզապես չկան։ Ստացվում է, որ այս ընկերությունը եւս խաբեությամբ է զբաղվում։ Նախորդ տարի 5-րդ տեղում էր «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որի հարկային մուտքերը կազմել են 19 մլդ 588 մլն դրամ։

Այս տարի այն 102-րդ տեղում է 2 մլդ 291 մլն դրամով՝ նախորդ տարվա համեմատ նվազելով գրեթե 9 անգամ։ Նախկինում մամուլը գրել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն են պատկանում նաեւ Սոթքի ոսկու հանքավայրն ու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերեց ՀՀ կառավարությանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս