ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան համայնքում տեղական վճարների՝ 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով. այս մասին գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Առաջարկվում է Երեւան քաղաքում սահմանել Ա եւ Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց եւ պողոտա: Նշված հատվածներում, ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետեւյալ դրույքաչափերը՝

Ա գոտի՝

յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ,

յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ,

մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ,

մեկ ամսվա համար՝ 18000 դրամ,

մեկ տարվա համար՝ 160 000 դրամ:

Բ գոտի՝

յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ,

յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 դրամ,

մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,

մեկ ամսվա համար՝ 4000 դրամ,

մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

Նախաձեռնության հիմքում առաջնահերթ մայրաքաղաքի Փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այսկերպ ավելացնելը: Ընդ որում՝ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է նաեւ այլ բաղադրիչներ:

Մասնավորապես՝ հաջորդիվ Փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է:

 

 

 

ԿԱՅՔԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է ԿԳՄՍ նախարարության կողմից հրատարակած դասագրքերի խնդիրներին։ Սկզբում դրանք ունեին քարտեզների հետ կապված խնդիրներ, որտեղ Արցախը Հայաստանի մաս չէր։ Այս ամենից հետո «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր մաթեմատիկայի դասագրքերին, որտեղ մաթեմատիկական խնդիրների կողքին գտնվող QR-ները պարունակում են խնդրի լուծումները եւ խնդիրների պատասխանները։

Այս անգամ խնդիրն այլ է։ Մի շարք դասագրքերի QR կոդերը տանում են դեպի նպատակակետ, սակայն կայքը թուրքական կողմի թեթեւ ձեռքով կոտրվել է, եւ սկանավորելուց հետո թուրքական դրոշ է հայտնվում։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քանզի վասնզի ինձ  գրում են, ասեմ. մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( այս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը , որը տվյալ գրքերն է տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։

Բայց վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն է QR-ների հետ. գալիս ենք պարզ եզրակացության՝ թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տասն անգամ չափել, հետո նոր տպել»:

 

 

ՏՈՒԳԱՆՔԸ ԿՀԱՆՎԻ

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված է, որ պետական եւ համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել` հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը. այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հաջորդ փոփոխությունը վերաբերում է օրենսգրքի 302-րդ հոդվածին, որով ասվում է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել գործող խմբագրմամբ կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Հստակություն եւ օրենքների միջեւ համապատասխանություն սահմանելու համար առաջարկվում է «կայացման օրվանից» արտահայտությունը փոխարինել «ամբողջակի դառնալու օրվանից» արտահայտությամբ:

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով սահմանված են որոշակի վարչական պատասխանատվության տեսակներ, որոնք պետք է քննի հարկային մարմինը: Դրանց մասով վարույթներն այլեւս կիրականացվեն էլեկտրոնային եղանակով: «Դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն այդ ժամկետն իրատեսական չէ, ուստի առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք դրույթն ուժի մեջ մտցնել 2024 թվականի փետրվարի 1-ից»,- ասել է Արթուր Մանուկյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է՝ որոշումը հօգուտ տնտեսվարողների է արդյոք, նախագծով տնտեսվարողների համար նախատեսված 20.000 դրամ վարչական տույժն է արդյոք վերացվում:

«Այո՛, տնտեսվարողների համար հանում ենք 20.000 դրամ տուգանք վճարելու պարտավորությունը, քանի որ, միեւնույնն է, դրա համար ֆինանսական պատասխանատվություն սահմանված է: Բազմաթիվ վարչական վարույթներ են կազմվում, սակայն արդյունքում պարզվում է, որ մեղավորություն չկա, ու դրա բացակայության պատճառով տուգանքը կա՛մ չի կիրառվում, կա՛մ կիրառվում է նվազագույն չափով»,- հարցին ի պատասխան՝ ասել է Արթուր Մանուկյանը:

Հավելենք, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:

 




Լրահոս