Քանի բռնի տեղահանված արցախցի է բնակություն հաստատել Վարդենիսում․ համայնքապետարանից թվեր են նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թ. Արցախի հայաթափումից հետո ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բնակություն է հաստատել 704 բռնի տեղահանված արցախցի:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը:

«Այս պահի դրությամբ Վարդենիսում բնակվում է 704 արցախցի /224 ընտանիք/: Թվերն անընդհատ փոփոխվում են՝ կախված գրանցումից դուրս գալու և նոր գրանցում կատարելու հետ: Հիմնականում նախընտրում են այնտեղ բնակվել, որտեղ աշխատանք կա և կարող են աշխատել ու հոգալ սեփական կարիքները: Շատ օպերատիվ կերպով կազմակերպել և լուծել ենք համայնքում նրանց առանձին տներում բնակության հարցը: Եթե Վարդենիսում առաջին երկու օրն ունեցել ենք հյուրատներում խմբերով ապրող բռնի տեղահանվածներ, ապա երրորդ օրն արդեն համայնքը չի ունեցել այդ խնդիրը: Իհարկե, որոշները վարձով են ապրում, իսկ որոշներն էլ համայնքի բնակիչների կողմից անվճար տրամադրված տներում են բնակվում: Վարդենիսում ևս արցախցիներն ապահովվել են զբաղվածությամբ: Համայնքի հնարավորությունների չափով, որտեղ, որ ազատ աշխատավայրեր են եղել, բռնի տեղահանված մեր հայրենակիցները դիմել են և ընդունվել աշխատանքի: Շատերն արդեն սկսել են զբաղվել անասնապահությամբ»,- ասաց Էդգար Պետրոսյանը:

Մեր զրուցակիցը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ որոշ բարերաների աջակցությամբ նախատեսվում է իրագործել մի նախաձեռնություն, որ արցախցիներին հնարավորություն կտա համայնքում հիմնել և ունենալ իրենց սեփական գործը:

Էդգար Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը մոտ օրերս հնարավոր է արդեն իրագործվի:

ArmLur.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նաև նշեց, որ 2020 թ. պատերազմից հետո՝ Արցախի կորսված բնակավայրերից 427 արցախցի /90 ընտանիք/ հաստավել է Վարդենիսում և առ այսօր շարունակում են բնակվել այնտեղ:

Նանիկ Աղասյան




Լրահոս