«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՇՏԿՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ՝ հունվարի 18-ին Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը:

 

Արամ Ղազարյանը 2016թ.-ից եղել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչեւ անցած տարի, Շիրակի մարզում ղեկավարել է ոստիկանության մարզային վարչությունը։ Այնուհետեւ նա նշանակվել է «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Արամ Ղազարյանին:

-Պարո՛ն Ղազարյան, նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փնտրտուքների մեջ էր, մարզպետի թեկնածու չէր գտնում: Ինչպե՞ս ընտրությունը հենց Ձեզ վրա կանգ առավ:

-Այնպես չէ, որ երկար ժամանակ փնտրտուքների մեջ են եղել. եթե ժամանակային առումով նայեք, այդքան էլ երկար ժամանակ չի անցել, այնպես չէ, որ ցանկացած պաշտոնի նշանակում հենց հաջորդ օրը լինում է: Իսկ թե ինչու են կանգ առել հենց իմ թեկնածության վրա, դրա համար կա ղեկավարություն. հարմար են գտել, որ հենց ես լինեմ մարզպետ՝ գուցե հաշվի առնելով իմ աշխատանքային փորձը եւ մարզում աշխատած տարիները:

-Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մարզպետների պաշտոնանկության շքերթ է սկսել. այցելում է մարզեր, դժգոհում մարզպետների աշխատանքից ու հեռացնում նրանց: Մտավախություն չունե՞ք, որ որոշ ժամանակ հետո հերթը Ձեզ էլ կհասնի:

-Ես ամեն ինչ անելու եմ՝ իմ աշխատանքը պատվով կատարեմ, իսկ պաշտոնանկության մասով՝ ցանկացած պետական պաշտոնյա մի օր նշանակվում է, մի օր՝ ազատվում: Երբ այդ օրը գա, ես ցավով չեմ տանի:

-Պարո՛ն Ղազարյան, ինչպես նկատում ենք, իշխանությունը նոր քաղաքականություն է որդեգրել. պաշտոնների նշանակում է նրանց, ովքեր ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Դուք ՔՊ անդամ չեք, պատրասվո՞ւմ եք կուսակցության անդամ դառնալ

-Նմանատիպ առաջարկ չի եղել. երբ լինի, անպայման կտեղեկացվեք։

-Լոռի կատարած իր վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ թերություններ արձանագրեց մարզում, ինչի պատճառով էլ նախկին մարզպետին պաշտոնանկ արեց: Ինչպե՞ս եք այդ թերությունները շտկելու:

-Ցանկացած դժգոհություն շտկում են բարեխիղճ աշխատանքով ու նվիրվածությամբ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿԵԼ ԷՄԲԱՐԳՈՆ

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի մոտ հիմնավոր մտահոգություն է առկա առ այն, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։

Ինչպես նշվում է ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։

«Թուրքիայի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առեւտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո, երբ 2019թ. պաշտոնական Օտտավան թույլատրել էր անօդաչուներում կիրառվող L3Harris/WESCAM տեխնոլոգիաների վաճառքը Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրակթար» անօդաչուների մրցունակությունն ապահովող առանցքային դետալներից մեկը։ Հետագա հետաքննությունն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ադրբեջանին, ինչն արգելված էր։ Բացահայտվել էին թուրքական այլ զեղծարարություններ եւս։ Մասնավորապես, կանադական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակա էր կիրառման ոչ թե հարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։ Պետական այս հետաքննությունից հետո կանադական կողմը Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի դիրքորոշմամբ՝ Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին` նպաստելով նրանց ռազմական զինանոցների ընդլայնմանը: Խարդախ մտադրություններ ունեցող պետություններին զենքի վաճառքը խախտում է Կանադայի զենքի արտահանման կանոնները՝ զգալի վտանգ ներկայացնելով տարածաշրջանային կայունությանը: Տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության պահպանման եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կանադայի հայտարարած առաջնահերթություններին համահունչ՝ Օտտավան պետք է չչեղարկի զենքի վաճառքի էմբարգոն։

Հաշվի առնելով թուրքական նախկին զեղծարարություններն ու զենքի ձեռք բերման կանոնների խախտումները, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ սպառնալիքները՝ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգուշություն եւ առաջնահերթություն տալ տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը եւ մարդու իրավունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ՑԱՆԿԱՑԱԾ ԽԱԽՏՈՒՄ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԻ

Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոսեպ Բորելն ասուլիսին նշեց` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Նախագահ Ալիեւի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», – նշեց Ժոսեպ Բորելը։

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան որպես վկա է հրավիրվելու հարցաքննության Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: Նշենք, որ իրավապահներն այդ քրգործով կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին: Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին:

 

«ԼԱՎ ԵՔ, ԷԼԻ՜…»

«Freenews-ը չի պատկանում ո՛չ ինձ, ո՛չ իմ կնոջը. դրա մասին տեղեկությունը բաց է եւ ցանկության դեպքում բոլորին հասանելի»,- տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, եւ հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ, դրա վառ ապացույցն է: Բայց, դե, հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի:

Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի եւ շահարկումների:

Օրինակ՝ «Հացի խանութը որտեղի՞ց. Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ՝ «Ալեն Սիմոնյանի՝ Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել. կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:

Լավ եք, էլի՜.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ։




Լրահոս