ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարեւորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։

 

Այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տեւած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո՝ 2022 թվականին, երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։

«Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձեւավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն եւ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը, Հունգարիա պաշտոնական այց է ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Եվ այս առումով նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը երկու երկրների հարաբերությունների համար կունենա իր կարեւորագույն դերը եւ նշանակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցով հունգարական կողմն ազդարարեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Ինչպես տեսանք, թե՛ Հունգարիայի նախագահի, թե՛ Հունգարիայի վարչապետի եւ թե՛ Հունգարիայի ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահին»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ հանդիպումները եղել են շատ բովանդակային, որոնց ընթացքում ստորագրվել է կրթական եւ մշակութային ոլորտին վերաբերվող երկու համաձայնագիր։

Այս առումով դեսպանը կարեւորեց Երեւանի պետական մանկավարժական համալսարանի եւ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջեւ համաձայնագրի ստորագրումը։

«Պատահական չէր, որ ընտրվել էին հենց այդ բուհերը, քանի որ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում գործում է հայագիտական կենտրոնը։

Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ վերջին տարիներին նկատվում է հայագիտական կենտրոնների փակման միտում, իսկ այս առումով հետաքրքիր է, որ Հունգարիայի պետական այս բուհում գործում է հայագիտական կենտրոնը եւ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։

Դրանից զատ, հունգարական կողմը հակված է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում բացել հունգարագիտության կենտրոն, ինչը ողջունվել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Կարծում եմ, որ սա նույնպես քայլ կլինի երկու երկրների միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտում հարաբերություններն ավելի սերտացնելու առումով»,- ընդգծեց դեսպանը։

Սմբատյանը նաեւ առանձնացրեց Հանրապետության նախագահի հանդիպումը Հունգարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հունգարահայ համայնքը իրավական առումով ունի հատուկ դեր եւ կարգավիճակ Հունգարիայում։ Եվ նմանօրինակ դեր եւ կարգավիճակ հայ համայնքների առումով ունեն երկու երկիր ողջ Եվրոպայում՝ Հունգարիան եւ Ռումինիան, որոնց խորհրդարաններում հայ համայնքը ունի իր խոսնակը։ Եվ այս առումով Հունգարիայի սահմանադրությունը օրինակելի է. Հունգարիայում պաշտոնապես գրանցված 13 փոքրամասնություններից մեկը հենց հայկական ինքնավարությունն է։

Կարծում եմ՝ երկու երկրների պատմական առնչությունները շատ խորն են, եւ այդ իմաստով Տրանսիլվանիայի հայերն ունեն բացառիկ դեր Հունգարիայի պատմության մեջ, ինչը Հունգարիայի կողմից գնահատվում է։ Ինչպես Հանրապետության նախագահը նշեց հայ համայնքի հետ հանդիպմանը եւ այլ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այստեղ բնակվող հայերը պետք է առաջին հերթին լինեն Հունգարիայի օրինակելի քաղաքացիներ եւ այս առումով յուրովի կամուրջի դեր ունենան երկու երկրների միջեւ»,- շեշտեց Սմբատյանը։

Դեսպանը նշեց, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունն արդեն Հայաստանում ունի բավականին ակտիվ չվացուցակ։ Նա կարծիք հայտնեց, որ այս տարվա ընթացքում կկարողանան հասնել նրան, որ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն Հայաստան։ Դեսպանը ցանկալի է համարում, որ թռիչքներ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն ոչ միայն Երեւան, այլ նաեւ Գյումրի։ «Այս ուղղությամբ հայկական կողմն աշխատանքներ է իրականացնում։ Դա, իհարկե, կախված է նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնի ավիաընկերությունը»,- նշեց Սմբատյանը՝ ընդգծելով, որ ուղիղ չվերթի բացումը յուրովի խթան կհանդիսանա զբոսաշրջության բնագավառում։

Դեսպանը նաեւ առանձնացրեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի այն հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում պաշտոնական Բուդապեշտը մտադրություն ունի հյուպատոսություն բացել Հայաստանում։

«Կարծում եմ եւ հուսով եմ, որ համապատասխան քայլը հայկական կողմից եւս կլինի։ Ինչպես Հունգարիայի նախագահը նշեց, դա նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով քայլ կլինի»,- ասաց Սմբատյանը։

Դիվանագետը նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը կարեւորեց նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնելու առումով, քանի որ Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը։

«Կարծում եմ՝ այդ նախագահության մեկնարկից առաջ շատ կարեւոր էր նախագահի պաշտոնական այցը Հունգարիա։ Այսինքն՝ Հունգարիայի հետ հարաբերությունները կարեւորվեցին ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ մակարդակով»,- շեշտեց դեսպանը։

Ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, նախագահի այցը անցավ շատ ջերմ մթնոլորտում, եւ հունգարական կողմը այդ ամենը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի նախագահին հրավիրեց Հայաստան, եւ հունգարական կողմից այդ հրավերն ընդունվեց։

Կարծում եմ, որ այս տարի ականատես կլինենք նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Հունգարիա։ Բացի այդ, Հունգարիայի խորհրդարանում հանդիպման ժամանակ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրավիրեց Հունգարիա։

Այս բարձր երկկողմ մակարդակի այցերը անպայման իրենց դերը եւ նշանակությունը կունենան երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում»,- եզրափակեց Սմբատյանը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 9-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին առեւտրի եւ զարգացման համագործակցության նախարար Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը եւ դրան համահունչ առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։ Քննարկվել են այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ. ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար առկա գործիքակազմի առավելագույնս օգտագործելու կարեւորությունը՝ ի շահ ԵՄ հետ ՀՀ շարունակական մերձեցման։

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետեւանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների եւ իրավունքների հասցեագրման ուղղությամբ ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

 

 

 

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով եւ կարեւորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետեւողական զարգացման ու այդ ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Աոկի Յուտական նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության ամրապնդման:




Լրահոս