ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ 

 

Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձեւակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միեւնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ, որպեսզի զորքերը իրենց դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի եւ գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը եւ երկու երկրների զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարատադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, դրանք երկուստեք պետք է հետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադարձությունը ձեւակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որեւէ կերպ հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը կրկին վերահաստատեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։ Նա ներկայացրեց, թե ինչ սկզբունքների մասին է խոսքը։

«Խոսքը միջազգային հարթակներում գրավոր կերպով եւ հրապարակային արձանագրված պայմանավորվածության մասին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։ Սա նշանակում է, որ մեզ մնացել է տեխնիկական աշխատանք՝ քարտեզների եւ գետնի վրա վերարտադրել հայկական եւ ադրբեջանական ԽՍՀ-ների միջեւ 1991 դրությամբ դե-յուրե առկա սահմանը եւ դրանց իրավական հիմքերը վերհանելու միջոցով լուծել հարցը։

Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաեւ այսպես կոչված էքսկլավ/անկալվների հարցը։ Օրինակ՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել եւ հետագա բանակցությունների արդյունքում որեւէ բանաձեւով լուծել նաեւ այդ հարցը։

Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին եւ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, եւ անցնել հաջորդ հատվածին, իսկ էսքկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։ Այսինքն՝ կա երկու տարբերակ՝ նախ ամբողջ սահմանի գծով իրականացնում ենք սահմանագծում եւ անցնում դրա իրագործմանը, իսկ երկրորդը՝ կտորների ենք բաժանում սահմանը եւ կտոր-կտոր սահմանագծելով գնում ենք առաջ։ Մենք երկու տարբերակին էլ համաձայն ենք՝ վերը նշված սկզբունքների համաձայն։

Բայց Ադրբեջանը, կարծես թե, խուսափում է նաեւ այս տարբերակից։ Նաեւ մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, եւ այդ պատճառը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։

Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարարություններում ու գործողություններում»,- ընդգծեց Փաշինյանը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը փետրվարի 14-ին հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի եւ Ալի Բաղեր Քանիի հետ:

 

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ այլ  բնագավառներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը ընդգծել են երկու երկրների գործարար միջավայրի ներկայացուցիչների պարբերական շփումների, համատեղ ներդրումային ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի՝ իրանական ընկերությունների կողմից նախանշված ժամկետներում կառուցման կարեւորությունը։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում առկա գործընթացները։ Այս առնչությամբ բարձր է գնահատվել Իրանի ղեկավարության քանիցս արտահայտած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության վերաբերյալ։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, դրանց համադրման եւ փոխշահավետ գործակցության շարունակականության ապահովման կարեւորությանը։

Ս.  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ԴԵՄ՝ ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը:

Ինչպես հայտնում է IRNA-ն, Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, որ Իրանը կարեւորում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանումը։

Ռաիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը՝ հավելելով, որ արտաքին ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլ նաեւ ավելի լուրջ մարտահրավերներ է բերում։

Իրանի նախագահը Թեհրանի եւ Երեւանի հարաբերությունները բնութագրել է որպես պատմական, բարեկամական եւ կառուցողական։

Նա իր աջակցությունն է հայտնել Թեհրանի եւ Երեւանի միջեւ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործումը ջանքեր է պահանջում, եւ երկու երկրների տնտեսական հարցերով համատեղ հանձնաժողովը պետք է դրանց հետամուտ լինի:

 

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում կայանալիք ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։

Այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։

«Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ ժամանակ կլինի Բրյուսելում եւ հնարավորություն կունենա հանդիպել Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առաջիկա բարձրաստիճան այցերի մասին հարցին։

Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբեւէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին եւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։

 

 




Լրահոս