ԱՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑՎԱԾՔ ԴԻԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նկատել էր, որ Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել։ Փորձեցինք հենց նրանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն Հովսեփ Աղազարյանը մեր զանգերին չպատասխանեց։ Նախկին փոխթաղապետի հայրը՝ Հովիկ Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ որդին աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարության վարչություններից մեկում որպես խորհրդական։

Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Մինչ այդ էլ Աղազարյանը 2020 թվականին բնակարան էր ձեռք բերել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է  20 մլն 702 հազար դրամ։

Հովիկ Աղազարյանի նախկին փոխթաղապետ որդին պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ներկայացրեց օրերս` պահանջվող ժամկետից 2 ամիս ուշ։ Ի դեպ, կրտսեր Աղազարյանի ֆեյսբուքյան գլխավոր էջը, հեղափոխության առաջնորդի լուսանկարի փոխարեն, այժմ զարդարում է Մարկ Տվենի մի գրառում։ Ըստ երեւույթին նրանք նեղացած են Նիկոլ Փաշինյանից, քանի որ որդին  չնշանակվեց Նոր Նորքի թաղապետ, փոխարենն ազատվեց պաշտոնից, սակայն, անկասկած, ՔՊ օրոք ծաղկող խնամի-ծանոթ-բարեկամ կապը չի թողնի «տաշած» իշխանավորը գետնին մնա։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են դիզել ունեցվածք՝ անշարժ գույք, մեքենա։

Կրտսեր Աղազարյանը շտապել է նաեւ կարեկցանք հայտնել Վահան Քերոբյանին` ամրապնդելով ՔՊ վարքի նոր` կոռուպցիոն ռասիզմի տեսությունը, այն է՝ նախկին թալանչին թալանչի է, ներկա թալանչին` մանկահասակ երեխայի մայր։

 

 

 

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է արել ու որոշել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից: Նախ տեղեկացանք, որ, բացի Պապոյանից, այլ թեկնածուներ էլ են քննարկվել նիստին, այդ թվում՝ պատգամավոր Բաբկեն Թունյանը. վերջինս, սակայն, հենց սկզբից հրաժարվել է ու չի ցանկացել առաջադրվել նախարարի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե տրամադրված չի եղել պատգամավորներից մեկին տանել գործադիր, բայց նրա կադրային բանկն այնքան աղքատիկ է, որ այլ համապատասխան թեկնածու չի գտել:  Պապոյանի թեկնածությունը դնելու հարցը, կարելի է ասել, վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Պապոյանի թեկնածությունը վարչության նիստին միանշանակ է ընդունվել՝ բոլոր անդամների կողմ քվեարկությամբ: Նրա փոխարեն ԱԺ կմտնի Դավիթ Կարապետյանը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նախապատմություն է ունեցել: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել: Անակնկալ հրաժարականի պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, շպիոնաժն է եղել: Լրտեսել են դատավոր Վարդանյանին, ինչն էլ  պատճառ է դարձել, որ  Վարդանյանը դիմում գրի, ավարտի դատավորի կարիերան: Մեզ լուրեր հասան, որ Արշակ Վարդանյանի հրաժարականով ամեն ինչ չի ավարտվելու, դեռ շատ խմորումներ են սպասվում դատական համակարգում: Նշենք, որ երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ե՛ւ դատավորի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ հանդիպումից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականները բավականին ակտիվ են եղել։ Մասնավորապես, փակ հանդիպմանը կոնկրետ ՍԴ դատավորի թեկնածուին  6-ից ավելի հարց է  տվել  Անդրանիկ Քոչարյանը, որից հետո հարցեր են տվել Վլադիմիր Վարդանյանը, Տրդատ Սարգսյանը, Լիլի Մինասյանը, Հայկ Կոնջորյանը: Վերջիններիս հարցերը եղել են ինչպես նրա կրթությունից, այնպես էլ  նրա գործունեությունից: Ի դեպ, ըստ ՔՊ-ականների, առավել սուր հարցեր է տվել  Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխաններ  է տվել։ ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ։ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ որեւէ բան մանրամասնել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումը շատ ակտիվ է եղել, որի ժամանակ պատգամավորները տարբեր հարցեր են հղել Բալայանին։ Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։ Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից։




Լրահոս