ՔԿՀ-ի աշխատակիցները խոշտանգել են մեղադրյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ֆելիքս Գևորգյանն իրավապահ մարմինների կողմից բռնության է ենթարկվել:

Armlur.am-ի հետ զրույցում մեղադրյալի հայրը` Պետրոս Գևորգյանը, հայտնեց, որ Մաշտոցի բաժնի ոստիկանության քրեականի պետ Արթուր Գևորգյանի և իր տեղակալի գլխավորությամբ ներխուժում են իր սեփական տարածք, որտեղ այդ ժամանակ գտնվել է Ֆելիքս Գևորգյանը: Նրան,ուժի գործադրմամբ բերել են Մաշտոցի բաժին:

Պետրոս Գևորգյանի փոխանցմամբ` նրա տանն ապօրինի խուզարկություն են իրականացրել, պահարանից հանել են մեղադրյալի անձնագիրը՝ հանելով նաև նրա գոտին:

«Նրանց նպատակն է եղել մարտի մեկի սպանություններից որևիցե մեկը Ֆելիքսը վերցնի իր վրա: Քրեականից տարբեր մարդիկ են մասնակցել բռնությանը: Ոտքի եղունգներն են մահակներով կոտրել և այլ խոշտանգումների են ենթարկել: Դատաբժշկական փորձաքննությունը եղել է շատ ուշ: Քսան օր հետո միայն կարողացել եմ փաստաբանի միջոցով տան բանալիներն ու գոտին վերցնել»,-ասաց մեղադրյալի հայրը:

Պետրոս Գևորգյանի փոխանցմամբ` Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ նաև հոգեբանական ճնշումներ են գործադրվել. այն ժամանակ, երբ իրեն ծեծի են ենթարկել, ոստիկանության աշխատակիցները ստել են, թե նույնը կանեն նաև հոր և եղբոր հետ, եթե Ֆելիքսը չխոստովանի որևէ սպանություն:

Նշենք, որ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար վերոնշալ գործով դատական նիստը, որը հետաձգվեց մեղադրող և պաշտպան կողմերի բացակայության պատճառով: Դատապարտյալը հայտնել էր, որ ուշագրավ հայտարարություններ կանի:

Տաթև Հարությունյան




Լրահոս