Ադրբեջանը սադրանքը մեծացնում է՝ հայկական կողմից պատասխան ստանալու համար, որ ավելի մեծացնի ծավալները. Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը կրակ էր բացել ՀՀ ԶՈՒ ուղղությամբ, մասնավորապես կրակ է բացվել
ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

ArmLur.am-ը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ, հասկանալու համար՝ արդյո՞ք այս ամենը կապված է վարչապետ Փաշինյանի Բրյուսել այցի հետ։

«Չեմ կարծում, որ հենց Բրյուսել գնալն է պատճառը։ Ադրբեջանը ընդհանրապես ինքն իր մարտական խնդիրները իր նախատեսված ծրագրով լուծում է։ Դիմացը պաշտպանություն չկա, այսինքն բանակն է միայն, ինչքանով որ իր ներքին ուժով կարող է դիմակայել իրենց վերադասի ապօրինություններին՝ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և այլն, փորձում են մեր երկիրը պաշտպանել հայրենանվեր մեր զինվորներն ու սպաները, իսկ Ադրբեջանն ինքն իր խնդիրները լուծում է՝ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը Երևանում է, թե Բրյուսելում, իրենց համար ի՞նչ տարբերություն, եղած չեղած մի բանի հաշիվ է»,- մեզ հետ զրույցում ասաց Էսգար Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ ադրբեջանցիները հիմա նպատակ են դրել, որ Հայաստանից տարածքներ զավթեն։
«Այդ տարածքները զավթելը, իմ կարծիքով, իրենց մոտ ունի հստակ գրաֆիկ, ասենք՝ ինչ քայլերով ու ուղղություններով պետք է անեն։ Այս պահին թիրախում Տավուշն է, Գեղարքունիքն է և այդ պահին էլ իրենք ակնհայտորեն ավելի մեծ սրացման են գնում, այսինքն հիմա հակամարտությունը, կոնֆլիկտը մեծացնում են այդ կարգի սադրանքներով, որպեսզի համարժեք պատասխան ստանան մեր զինված ուժերի կողմից և ավելի մեծացնեն ծավալները»,- ասաց Ղազարյանը՝ ավարտելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս