ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի 2024թ․ մայիսի 21-ի եւ 25-ի «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ընթացքում հաղորդավար Գնել Սարգսյանի հնչեցրած որոշ արտահայտությունների վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) դիմումի կապակցությամբ
Ա․ ՓԱՍՏԵՐ
2024թ․ մայիսի 31-ին ԶԼՄ-ների Դիտորդ մարմին է դիմել ՀՌՀ-ն՝ խնդրելով արտահայտել ԴՄ դիրքորոշումը 2024թ․ մայիսի 21-ի եւ 25-ի «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ընթացքում հաղորդավար Գնել Սարգսյանի հնչեցրած որոշ արտահայտությունների առնչությամբ: Այդ արտահայտությունների հղումները՝ FreeNews TV [2024-05- 21T18_45_00..2024-05-21T18_45_40].ts եւ FreeNews TV [2024-05- 25T00_52_40..2024-05-25T00_53_40].ts, ՀՌՀ-ն կցել է դիմումին։
ՀՌՀ-ն խնդրահարույց է համարում հաղորդավարի հետեւյալ ձեւակերպումները․ «21․05․2024թ․ ժամը 18։45։10 – 18։45։34 ընկած ժամանակահատվածում հաղորդավար Գնել Սարգսյանն ասում է՝ «…ձեր դաշնակները, տալով եկել եք, տալով, պատերազմի վախտ էլ թռնելով եկել եք, դեռ մեկն էլ մի հատ ֆոտո էր գցել դիրքերից՝ Բագրատ սրբազանն էլ եկել ա դիրքերում իբր իրան տենալու, տեսնելու, մեր հոգեւոր գեներալը, ըսենց մի հատ բան էր դրել, էդ հոգեւոր գեներալը «WarGonzo»-ի՝ էն Պեգովի հետ մեռավ թուրքերին սահմանների տեղը ցույց տալով»։ «25․05․2024թ․ ժամը 00։52։49 – 00։53։35 ընկած ժամանակահատվածում «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման հաղորդավարն ասում է․ «… Ակնհայտ է, որ Մայր Աթոռը ասել է, թե կաթողիկոսը եւս կրկնում է Գալստանյանի ու նրա շարժման բառապաշարը ու ակնհայտորեն հովանավորում այն։ Նաեւ, երբ փորձեցինք Մայր Աթոռից կաթողիկոսի հատուկ դիրքորոշումը ճշտել, մեր գրավոր հարցումն անպատասխան մնաց, իսկ զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Մայր Աթոռը անհասանելի ա։ Մայր Աթոռի Գարեգին Բ-ն հասանելի ա միայն Դոգի եւ Քոչարյանի համար։ Էս 2-ի պարագայում ոնց ծնգցնեն թռած վերցնում են։ Ասեմ ավելին՝ պատրաստ են միասին, ինչ-որ վայրում աղոթքով սկսելու իրենց շարժումը»։
Քննության առնելով դիմումը՝ Դիտորդ մարմինը ՀՌՀ-ին խնդրել է տրամադրել ամբողջական թողարկումների հղումները՝ դրանցում հնչած ձեւակերպումների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար։ ՀՌՀ-ն այդ հաղորդումների հղումները տրամադրել է։
Բ․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Քննելով ՀՌՀ դիմումը եւ ուսումնասիրելով խնդրո առարկա տեսանյութերը, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրում է․
ՀՌՀ առանձնացրած հատվածներում հաղորդավարի կողմից Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի դրույթների խախտում ֆորմալ առումով չկա, թեեւ շատ մոտ է եղել դրանք խախտելու վտանգավոր սահմանագծին։
Հաղորդավարն իր դեմքի քամահրական արտահայտությամբ, ագրեսիվ ժեստիկուլյացիայով ու խրատական տոնայնությամբ անթաքույց հակակրանք է արտահայտում այն գործիչների հանդեպ, որոնց քաղաքական հայացքները տարբերվում են իր պատկերացումներից։ Հաղորդավարը թիրախավորում է ոչ իշխանամետ որոշ գործիչների եւ նրանց մասին իր անձնական կարծիքն ու գնահատողական բնույթի դատողությունները (որոնք թույլատրելի են) զուգակցում է այդ գործիչների անձը, գործողությունները, գաղափարները վարկաբեկող խոսույթով, ինչը հարիր չէ մեդիաարժեքներին։ Հաղորդավարն իր ամբողջ պահվածքով ագրեսիա է դրսեւորում այն անձանց հասցեին, որոնք այդ նույն հաղորդաշարում պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն չունեն՝ տվյալ հեռուստաժանրի (հեռուստամենախոսություն) կանոնների համաձայն։
Հաղորդավարի խոսելաոճը բուլինգային է եւ ագրեսիվ, ինտոնացիան՝ քամահրական, անհանդուրժող, դեմքի արտահայտությունն ու դիմախաղը՝ ատելախառն, ձայնը՝ բղավոցի հասնող, սաստող ու իր համար անընդունելի գործիչների հանդեպ զզվանքով լի։
Իր կարծիքն արտահայտելիս, իր գնահատականները շարադրելիս Գնել Սարգսյանն իր պատկերացումներն արտահայտում է լրատվության ստանդարտներին ոչ հարիր եղանակներով՝ ոչ քաղաքակիրթ բառապաշարով, քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, իր համար անցանկալի գործիչների անձը նվաստացնող ակնարկներով։ Սա հարիր չէ մեդիաարժեքներին։
Եթերում հաղորդավարի այս կարգի պահվածքը տարածված էր մասնավորապես հետխորհրդային Ռուսաստանի հեռուստաեթերում, բնորոշվում էր «մեդիաքիլլեր» կամ «տելեքիլլեր» եզրույթներով եւ բնորոշ էր ագրեսիվ քարոզչական հարթակներին։ Սա «կարծիքի ժուռնալիստիկա» որակվող մեդաարտադրանքի վատագույն օրինակն է։
ՀՌՀ-ից ստանալով վերոնշյալ թողարկումներին վերաբերող դիմումը, ինչպես նաեւ քննարկելով այդ հաղորդաշարի եւ հաղորդավարի առնչությամբ ԴՄ անդամներին փոխանցված ոչ ֆորմալ, բանավոր բազմաթիվ տարակուսանքները, դժգոհությունները եւ վրդովմունքը, Դիտորդ մարմինը (պատահական ընտրությամբ) ուսումնասիրել է «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի որոշ թողարկումներ, որոնց առնչությամբ մոտ ապագայում կլինի ԴՄ հատուկ հրապարակային անդրադարձը։
Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցներն ընդունում են ԴՄ իրավասությունը՝ քննելու իրենց գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունն այդ Կանոնագրի դրույթներին, եւ պատրաստակամություն են հայտնում Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակել իրենց լրատվամիջոցներում եւ այդ մասին տեղեկացնել ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:
Ընդունվել է 2024 թ. օգոստոսի 9-ին,
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով՝
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ
ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
պրոֆեսոր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի
նախագահ
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր