ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԵՐԴՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

 

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները:

Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Բացման խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է ամփոփել ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները. «Կարեւոր է եւս մեկ անգամ խոսել առաջնային անելիքների մասին՝ շեշտադրելով դրանք, որպեսզի մեր գործընկերները՝ թե՛ մարզային վարչություններից, թե՛ Երեւանի քաղաքապետարանից, պլանավորեն իրենց համապատասխան անելիքներն՝ ուսումնական տարվան ընդառաջ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ նա նշել է, որ աշխատանքներն այս տարի եւս շարունակվում են. 2024/25 ուսումնական տարում ՀՊՉ-ն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոխնախարարը, մասնավորապես, ընդգծել է դասագրքերի ապահովման հարցը. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել եւ տպագրվել են:

Որոշ դասագրքերի տպագրումը դեռեւս ընթացքի մեջ է, որովհետեւ դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված: Նախատեսվում է, որ մինչեւ սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»:

Նրա խոսքով՝ փոքր թվով առարկաների դասագրքեր չկան, որոնցից առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել. «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»։

Ըստ նրա՝ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության եւ համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր չկան, որովհետեւ դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները: Այս առարկաների համար այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, եւ հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:

 

 

 

ՆՈԱ ՖԱ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱԳԻՐԸ

Սերգեյ Մուրադյանը երկարաձգել է «Նոայի» հետ պայմանագիրը մինչեւ 2027 թվականը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանն ու «Նոան» շարունակում են համագործակցությունը։ Հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։

«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ շարունակել իմ ճանապարհը։ Հպարտ եմ ներկայացնել հայկական «Նոա» ակումբն ու Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում»,-նշել է Մուրադյանը։

19-ամյա Մուրադյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, մեր թիմի կազմը համալրել է նախորդ տարվա փետրվարին։ Նա ելույթ է ունենում ազգային հավաքականում, ինչպես նաեւ խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։

«Նոայի» կազմում Մուրադյանն անցկացրել է 45 հանդիպում։

 

 

ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆ

Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչեւ 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Ալեքսը ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:

 

 

«ՓՅՈՒՆԻԿ»-Ը ՓԼԵՅ-ՕՖՖՈՒՄ Է

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը Երեւանում հյուրընկալեց ղազախական «Օրդաբասի»-ին:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով եւ «Փյունիկ»-ի գրոհներն առավել վտանգավոր էին: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում «Փյունիկ»-ն առավել մեծ ուժերով էր գրոհում: Եվ, ի վերջո, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգտագործեց իր հնարավորությունը: 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օտուբանջոն:

«Փյունիկ»- «Օրդաբասի»` 1:0: Թիմերի առաջին խաղում էլ «Փյունիկ»-ը հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 2:0 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ «Փյունիկ»-ը: Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին եւ 29-ին:

 




Լրահոս