
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։
Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։
«Այս պահին մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի կառավարության կարծիքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական ներկայացուցչի ներկայիս գործունեությունն ավելորդ է։ Կառավարությունը կարծում է, որ ԿԽՄԿ-ի գործունեության համար այլևս որևէ պատճառ չկա։
Գործակալությունը հիշեցնում է, որ նախկինում Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև խնդիրներ են եղել՝ նկատելով, որ 2020 թվականի սկզբին Կոմիտեն գրասենյակ էր բացել Ստեփանակերտում՝ առանց Ադրբեջանին ծանուցելու, իսկ դրանից հետո չէր փակել այն՝ չնայած ադրբեջանական կողմի զգուշացումներին։
Ադրբեջանական կողմը նաև հայտնել էր, թե տվյալներ ունի այն մասին, որ մարդասիրական առաքելության քողի տակ ԿԽՄԿ գրասենյակը իբր «զբաղվել է մաքսանենգությամբ»։ Նշվում է, թե իբր «Սահմանապահ ծառայությունը (BPS) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքեր է հայտնաբերել»։
APA գործակալությունը նաև գրում է, թե մեկ այլ տեղեկություն էլ կապված է Կոմիտեի աշխատակիցների կողմից իբր «Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու հետ»։
Նշվում է, որ Բաքուն առաջարկել է փակել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
Ադրբեջանի կառավարությունից նշել են, որ դա չի նշանակում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ավարտ։