Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաի Քանեն՝ արձագանքելով Մեծ Յոթնյակի (G7) վերջին հայտարարությանը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այն որակել է որպես խաբուսիկ, իրականության խեղաթյուրում եւ միջազգային իրավունքի անտեսում։
Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ, որը տեղադրվել է նրա «Telegram» ալիքում, Բաղաին խստորեն քննադատել է այն փաստը, որ G7-ն աջակցել է ԱՄՆ-ի եւ եվրոպական երեք երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նախկինում ուժը կորցրած բանաձեւերի վերակենդանացմանը։
«Երեք եվրոպական երկրները շահարկել են ՀԳԾ-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր ) վեճերի լուծման մեխանիզմը, որը հայտնի է նաեւ որպես Snapback մեխանիզմ։ Այս քայլը չունի որեւէ իրավական կամ տրամաբանական հիմնավորում», – հայտարարել է ԱԳՆ խոսնակը։
Նա ընդգծել է, որ G7-ի դիրքորոշումը չի կարող փոխել այս գործողության անօրինական եւ անարդար բնույթը։
Բաղաին նաեւ հիշեցրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական ճնշումները Իրանի նկատմամբ՝ մանավանդ այն ժամանակաշրջանում, երբ ընթանում էին դիվանագիտական բանակցություններ։ Նա ժխտել է G7-ի պնդումները, թե ԱՄՆ-ը եւ Եվրոպական երեք երկրները «բարեխղճորեն փորձել են դիվանագիտական լուծումներ գտնել»։
«Դա բացահայտ սուտ է եւ իրականության ամբողջական խեղաթյուրում», – շեշտել է նա։
Իր հայտարարության մեջ ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ին անվանել է իրավիճակի հիմնական պատասխանատու՝ հիշեցնելով Վաշինգտոնի միակողմանի եւ անօրինական դուրս գալը ՀԳԾ-ից 2018 թվականին, ինչպես նաեւ Իրանի դեմ միջազգային իրավունքի շարունակական խախտումները։
Բաղաին խստորեն քննադատել է նաեւ եվրոպական երկրներին՝ մեղադրելով նրանց, որ հետեւել են ԱՄՆ-ի օրինակին, չեն կատարել իրենց հանձնառությունները եւ աջակցել են Վաշինգտոնին ու Թել Ավիվին՝ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ իրականացված գործողություններում։
«Նրանք ոչ միայն խախտել են ՀԳԾ-ով ստանձնած պարտավորությունները, այլեւ արհամարհել են Իրանի բոլոր դիվանագիտական նախաձեռնությունները», – նշել է նա։
Նա հավելել է, որ G7-ը ցուցաբերում է ակնհայտ երկակի ստանդարտ՝ անտեսելով Իսրայելի միջուկային զենքի պաշարները։
«Իրականում, G7-ի վերաբերմունքը զենքի չտարածման հարցում բացարձակ կեղծավորություն է։ Նրանք որեւէ բարոյական իրավունք չունեն ուրիշներին դաս տալու՝ իրենց խաբուսիկ ու անպատասխանատու պահվածքի պատճառով, որն ուղղված է միջազգային իրավունքի, խաղաղության եւ անվտանգության դեմ», – եզրափակել է Բաղաին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























