Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարել է հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկել է հետևյալ հարցերը՝
- «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
- «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
- Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ:
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
- «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 21 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«Առաջին հարցով ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Այնուհետև Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և 2026 թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021 թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։
ՀՌՀ-ն հունիսի 30-ին որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և հուլիսի 8-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։
Հանձնաժողովն իրականացրել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» տեսալսողական ծրագրի 2026 թ․ հունիսի 3-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հասցվող օգտագործման հետևանքով առողջությանը վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։
Արձանագրության համաձայն՝ Հեռարձակողի ծրագրով հունիսի 3-ին հեռարձակված «Շնագայլ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։
Հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։






















