Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ շարունակվում է TRIPP նախագծի շուրջ գործընթացը, և այժմ ընթանում է անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը։ Այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Բայրամովի խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի տարածքով անցնող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային և երկաթուղային նախագծի ուղղությամբ։
«Անցյալ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» հատվածի համաձայնեցումն էր։ Այդ մոտեցումն աջակցում են նաև Միացյալ Նահանգները։ Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Միևնույն ժամանակ TRIPP-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի մեզ տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։ Մեզ խոստացել են, որ գործընթացը շարունակվում է, և այժմ փաստաթղթերի նախապատրաստման փուլն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։
Բայրամովը չի ներկայացրել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, սակայն նշել է, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ադրբեջանական կողմին փոխանցում են ԱՄՆ-ի գործընկերները։
Անի Վարդանյան




























