ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական և հաճախ փոփոխվող հայտարարությունները գերիշխել են Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի վերջին ժամերին։ Այդ մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
Ըստ հրապարակման՝ գագաթնաժողովի սկզբում Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել դաշնակիցներին՝ նրանց մեղադրելով պաշտպանության համար բավարար միջոցներ չծախսելու և Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ։ Նա նաև կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր ցանկության մասին և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Իրանի ղեկավարության հասցեին։
Սակայն ավելի ուշ, ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների ղեկավարների փակ հանդիպման ընթացքում, ԱՄՆ նախագահը փոխել է իր հռետորաբանությունը։ The Guardian-ի փոխանցմամբ՝ Թրամփը չի անդրադարձել նախկին քննադատություններին և դաշնակիցներին ասել է. «Մենք ցանկանում ենք մնալ ձեզ հետ»։
Հետագայում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, Թրամփը հայտարարել է, որ նիստի ընթացքում զգացել է «հսկայական սեր» և ընդգծել. «Այդ սենյակում շատ սեր և մեծ միասնություն կար»։ Նա նաև անակնկալ առաջարկ է արել՝ Ուկրաինային տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության լիցենզիա։
Գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Թրամփը հիմնականում խոսել է ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ տնտեսության և նույնիսկ TikTok-ում իր ժողովրդականության մասին՝ հայտարարելով, թե ինքն այնտեղ «թիվ մեկ» է։
Չնայած դրան՝ The Guardian-ը նշում է, որ եվրոպացի առաջնորդները գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումը համարում են այն, որ Թրամփը վերջում վերահաստատել է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին աջակցությունը։ Վերջնական հռչակագրում, որը ստորագրել են ԱՄՆ նախագահն ու դաշինքի մյուս 31 առաջնորդները, ընդգծվում է անդամ երկրների «անսասան հանձնառությունը» 5-րդ հոդվածին, ըստ որի՝ մեկ անդամի նկատմամբ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի դեմ։
Միաժամանակ, հոդվածում նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները մտահոգված էին Թրամփի անկանխատեսելի պահվածքով՝ մտավախություն ունենալով, որ նման հայտարարությունները կարող են խաթարել դաշինքի միասնականությունը և լրացուցիչ խրախուսանք դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։
Անի Վարդանյան




























