Ուկրաինայի բանակը գրոհում է Սլավյանսկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի կառավարական ուժերն ուրբաթ առավոտյան լայնածավալ գործողություններ են սկսել արևելյան Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի անջատողականների դեմ:

Ռուսամետ աշխարհազորի ներկայացուցիչների վկայությամբ՝ մարտական գործողությունները սկսվել են նախորդ օրը ուշ երեկոյան` քաղաք ժամանած մարտական ուղղաթիռներից դեսանտի իջեցումից հետո: Դրանից հետո ակտիվ փոխհրաձգություն է սկսվել Սլավյաnսկի երկաթուղային կայարանի և հեռուստակենտրոնի շրջակայքում:

Հաղորդվում է նաև, որ ուղղաթիռներից քաղաքի վրա ռեակտիվ հրթիռներ են արձակել: Ինչպես լրագրողներին հայտնել է քաղաքային աշխարհազորի ղեկավար Իգոր Ստրելկովը, Սլավյանսկն ամբողջովին շրջապատված է ուկրաինական բանակի ուժերով:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական բանակը հրետանային hրանոթներ է տեղադրում Սլավյանսկի հեռուստակենտրոնի շուրջ, որը վերջերս գրավվել էր անջատողականների կողմից: Նրա խոսքով՝ քաղաքի վրա մոտ 20 ինքնաթիռ է պտտվում:

Ուկրաինական բանակը որոշ տեղերում հարձակման է անցել տանկերով: Դեպքերի զարգացման մասին տեղեկությունները դեռ կցկտուր են, սակայն աշխարհազորայինները, իրենց խոսքով, առնվազն մեկ ՄԻ-24 ինքնաթիռ են խփել:

Իրեն Սլավյանսկի քաղաքագլուխ հռչակած Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել է, որ երկու ուկրաինական ինքնաթիռ է խփվել: Նրա խոսքով՝ օդաչուներից մեկը գերի է վերցվել, իսկ մյուսը՝ սպանվել: Կիևում ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարվել է իրավիճակի մանրամասներ հայտնել: «Մինչև այդ ամենը չավարտվի, ոչ ոք ոչինչ չի ասելու», – ըստ «Ռոյթերսի»՝ հայտարարել է նա:




Լրահոս