Armenian text to speach

Աշխարհը հոկտեմբերին կհավաքվի Երևանում․ ինչ օրակարգով է անցնելու կենսաբազմազանության COP17-ը և ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերին Հայաստանը հայտնվելու է միջազգային բնապահպանական օրակարգի կենտրոնում․ Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 19-ից 30-ը, իսկ բարձր մակարդակի բացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 18-ին։ Համաժողովին զուգահեռ Երևանում կանցկացվեն նաև Կենսաանվտանգության մասին Կարթագենայի արձանագրության կողմերի 12-րդ և Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումները։

Այսպիսով, ավելի քան տասը օր շարունակ Երևանը դառնալու է այն հարթակը, որտեղ տարբեր երկրներ, միջազգային կառույցներ և տեղական համայնքների ներկայացուցիչներ ու այլ շահագրգիռ կողմեր քննարկելու են աշխարհում կենսաբազմազանության պահպանության և բնության կորստի դեմ պայքարի հետագա քայլերը։ Համաժողովի բացման ընթացքում նախատեսվում է նաև տարածաշրջանային խմբերի և տեղական համայնքների ներկայացուցիչների ելույթներ։

Բայց COP17-ը միայն բնապահպանական համաժողով չէ։ Երևանի օրակարգում լինելու են հարցեր, որոնք առնչվում են պետությունների ֆինանսական քաղաքականությանը, գյուղատնտեսությանը, առողջապահությանը, կլիմայի փոփոխությանը, տեխնոլոգիաներին, բիզնեսին և նույնիսկ նորագույն գիտական զարգացումներին։

Գլխավոր հարցերից մեկը լինելու է ֆինանսը։ Համաժողովում քննարկվելու է կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցը։ Գործող ռազմավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը լուծել կենսաբազմազանության ֆինանսավորման գլոբալ բացը, այդ թվում՝ ֆինանսական մեխանիզմների կատարելագործման և տարբեր աղբյուրներից ֆինանսավորման ավելացման միջոցով։ Քննարկվելու են նաև համաշխարհային կենսաբազմազանության ֆինանսավորման արդյունավետության խոչընդոտներն ու ներդրողների շրջանակի ընդլայնման հնարավորությունները։

Այս համատեքստում կարևոր է նաև ֆինանսական մեխանիզմների հարցը․ COP17-ում նախատեսվում է որոշում ընդունել Գլոբալ միջավայրի հիմնադրամի և Գլոբալ կենսաբազմազանության շրջանակային հիմնադրամի ֆինանսավորման, ֆինանսական կարիքների գնահատման և գործող ֆինանսական մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ։

Երևանում քննարկվելու է նաև, թե աշխարհը որքանով է կատարում մինչ այժմ ստանձնած պարտավորությունները։ COP17-ի առանցքային գործընթացներից մեկը լինելու է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը։ Այն հիմնվելու է երկրների ազգային զեկույցների, համաշխարհային զեկույցի և ազգային կենսաբազմազանության ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի վերլուծության վրա։

Այսինքն՝ Երևանում երկրները ոչ միայն նոր պայմանավորվածություններ են քննարկելու, այլև փորձելու են հասկանալ՝ ինչ է իրականում արվել նախկինում ընդունված նպատակները կյանքի կոչելու համար։ Գլոբալ վերանայման արդյունքում կարող են նաև բացահայտվել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք խանգարում են պետություններին կատարել իրենց պարտավորությունները։

Առանձին մեծ թեմա է լինելու կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության կապը։ Քննարկվելու են էկոհամակարգերի միջոցով կլիմայի փոփոխությանը հարմարվելու և աղետների ռիսկերի նվազեցման մոտեցումները, ինչպես նաև Ռիոյի կոնվենցիաների շրջանակում քաղաքականությունների և միջազգային համագործակցության համահունչեցումը։

Օրակարգում է նաև գյուղատնտեսությունը։ Քննարկվելու են հողի կենսաբազմազանության և հողի առողջության պահպանությունը, աղտոտման դեմ պայքարը, միասնական մեթոդաբանությունների և ցուցանիշների կիրառումը, ինչպես նաև գյուղատնտեսական համակարգերի վրա աղտոտման ազդեցությունը նվազեցնելու միջոցները։

Երևանում խոսվելու է նաև կենդանական աշխարհի կայուն կառավարման մասին։ Նախատեսվում է քննարկել տարբեր տեսակների և տարբեր պրակտիկաների նկատմամբ կիրառելի գլոբալ ուղեցույցներ՝ շեշտը դնելով մասնակցային որոշումների կայացման, տարբեր գիտելիքների համակարգերի ներառման, իրավունքների ճանաչման և ծախսերի ու օգուտների արդար բաշխման վրա։

COP17-ը նաև գիտության և տեխնոլոգիաների հարթակ է լինելու։ Օրակարգում ընդգրկված է սինթետիկ կենսաբանությունը, որի շրջանակում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների հնարավոր օգուտներն ու ռիսկերը, տեխնոլոգիաների հասանելիությունը, գիտելիքի փոխանակումը և զարգացող երկրների կարողությունների զարգացումը։

Առանձին ուշադրություն է դարձվելու նաև բիզնեսին և կենսաբազմազանությանը։ Համաժողովի փաստաթղթերում արդեն ներառված է բիզնեսի ազդեցության և բնությունից ստացվող ծառայություններից կախվածության վերաբերյալ գնահատականը, որի հիման վրա նույնպես նախատեսվում է որոշումների ընդունում։

Իսկ այն հարցին, թե ինչպես է «ամբողջ աշխարհը միավորվելու» Հայաստանում, պատասխանը հենց COP17-ի ձևաչափն է։ Տարբեր պետություններ Երևանում մեկ սեղանի շուրջ են քննարկելու ոչ միայն բնության պահպանության ընդհանուր խնդիրները, այլև դրանց ֆինանսավորման, գիտական համագործակցության, տեխնոլոգիաների, տեղական համայնքների, քաղաքների և բիզնեսի ներգրավման հարցերը։ Օրակարգում նույնիսկ առանձին ուղղությամբ նախատեսվում է քննարկել քաղաքների, տեղական իշխանությունների և այլ ենթազգային կառույցների դերը Կունմին-Մոնրեալի շրջանակի իրականացման գործում։

Հայաստանի համար սա նշանակում է, որ հոկտեմբերին Երևանը ոչ միայն ընդունելու է միջազգային պատվիրակությունների, այլև դառնալու է գլոբալ բնապահպանական որոշումների մշակման վայր։ Բարձր մակարդակի հատվածը նախատեսված է հոկտեմբերի 27-28-ին, իսկ համաժողովը նախատեսվում է փակել հոկտեմբերի 30-ին։

Թե ինչ կոնկրետ որոշումներ կկարողանան ընդունել պետությունները, որքան ֆինանսավորում կուղղվի կենսաբազմազանության պահպանությանը, և արդյոք Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն իրական գործողությունների, ցույց կտա արդեն COP17-ի արդյունքը։ Բայց մեկ բան արդեն հստակ է՝ հոկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքը ավելի քան տասը օր լինելու է աշխարհի բնապահպանական օրակարգի կենտրոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով բանախոսության ընթացքում ներկայացրել էր Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, ինչպես նաև նախագահության ռազմավարական առաջնահերթություններն ու ներառական համաժողովի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ին նախատեսվում է Կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը։ Համաժողովին նախորդելու է նաև Առաջնորդների գագաթնաժողովը։

Ա․ Վարդանյան




Լրահոս