«Կարֆուրը» Հայաստանի իշխանությունների հետ համաձայնության չի՞ գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավական երկար ժամանակ է (մոտ երկու տարի), որ խոսվում  է «Կարֆուր»  ֆրանսիական հիպերմարկետների ցանցի՝ Հայաստան մուտք գործելու մասին: Սակայն, չգիտես ինչու, Հայաստանում հիպերմարկետների ցանցի մասնաճյուղի հիմնադրումը ձգձգվում է, ավելին, հայ գործարարներն անհանգստացած են «Կարֆուր»-ի մուտքով, քանի որ սնանկացման վտանգ են տեսնում:

Մյուս կողմից՝ մամուլում արդեն լուրեր են տարածվում, որ «Կարֆուր»-ի բացումը սարերի հետևում չէ, և որ նրա բացմանը ներկա է լինելու անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

armlur.am-ը «Կարֆուրի» ՀՀ մուտքի մասին զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ կոնկրետ խնդիրների առաջ կկանգնեն հայ գործարարները, եթե «Կարֆուրն» իր մասնաճյուղն ունենա Հայաստանում:

-Եթե «Կարֆուրն» իր մասնաճյուղը բացի Հայաստանում և այստեղ աշխատի այն խաղի կանոններով, որով խաղում է այլ երկրներում, կնշանակ, որ մեր գործարար այն շրջանակները, որոնք կապ ունեն մանրածախ առևտրի հետ, ստիպված կլինեն փոքրացնել իրենց ստվերային շրջանառությունը:

Կա նաև երկրորդ տեսակետը`մեր գործարարները ստվերային շրջանառությունը չեն պակասեցնի և դրանով կմրցակցեն «Կարֆուրի» հետ, որի հետևանքով կբացահայտվի այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսվում է` ստվերը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ առևտրում, մեծ է:

Իսկ եթե քաղաքական կամք դրսևորի այս իշխանությունը, ինչին ես չեմ հավատում, ապա մեր գործարարները ստիպված կլինեն մրցակցել «Կարֆուրի» հետ այն խաղի կանոններով, որով նա խաղում է այլ երկրներում, բայց հաջողություն չեն ունենա:

-Խաղի կանոնների մասին խոսեցիք, կմանրամասնե՞ք՝ խաղի ի՞նչ կանոններով է խաղում «Կարֆուրը», որը, կարծես թե, ընդունելի  չէ մեր գործարարների  մեծ մասի համար: 

-«Կարֆուրն» առաջնորդվում է, այսպես ասած, «սպիտակ տնտեսության» ու «սպիտակ հաշվապահության» խաղի կանոններով, այսինքն` ամեն ինչ  «Կարֆուրի» գործունեության մեջ թափանցիկ է: Մի բան, որը չես տեսնի առևտրով զբաղվող մեր գործարարների դեպքում:

-Իսկ հայ գործարարների` սնանկանալու մտահոգությունն  արդարացվա՞ծ է:

-Դուք հարցը նայեք մեր` սպառողներիս շահերի տեսանկյունից: Սպառողների համար ցանկալի է, որ լինի մրցակցություն և ցանկացած ապրանքի համար մի այնպիսի գին սահմանվի, որ մենք համոզված լինենք` այդ ապրանքն, իրոք, այդքան արժե: Կան ապրանքներ, որոնք վաճառվում են Երևանում և հաճախ ավելի թանկ են, քան, օրինակ, Փարիզում: Իսկ այդ ամենը տեղի է ունենում մենաշնորհային ու ոչ մրցակցային իրավիճակի պատճառով:

«Կարֆուրի» հայտնվելը մրցակցություն կառաջացնի առևտրային դաշտում: Բայց կարող է լինել մեկ այլ իրավիճակ`«Կարֆուրը» գա, տեսնի, որ հայ գործարարները խաղում են ոչ թե գրված, այլ՝ չգրված խաղի կանոններով, ստանում առավելություն իր նկատմամբ, կթողնի, կհեռանա` ասելով. «Ես բարեգործական կազմակերպություն չեմ, այլ եկել եմ Հայաստան՝ բիզնես գործունեություն ծավալելու»:

-Այնուամենայնիվ, եթե խնդիրը քննենք նաև գործարարների տեսանկյունից, ի վերջո, ի՞նչ խնդիրների առաջ կարող են նրանք կանգնել: Բացի այդ` չպե՞տք է  քայլեր ձեռնարկել, որպեսզի մրցակցություն լինի  նախևառաջ  տեղի գործարարների  ու արտադրողների միջև:

– Ցավոք սրտի, Հայաստանում արտադրողն ու գործարարը երբեմն միաձույլ  են, «խառնված» իրար, այսինքն` նույն մարդը երբեմն զբաղվում է և´ գործարարությամբ, և´ արտադրությամբ, ստանում գերշահույթ, հատկապես՝ առևտրի ոլորտում ներգրավվածները: Եթե խոսքն արտադրողների մասին է, ապա նրանք, եթե ուզում են իրենց արտադրանքը վաճառվի «Կարֆուր» հիպերմարկետի ցանցում, պետք է ստանդարտներին համապատասխան  ապրանք արտադրեն:

Այն  գործարարները, որոնք առևտրի ոլորտում են ներգրավված, կզրկվեն իրենց գերշահույթներից, որոնք նրանք ստանում են իշխանությանը մոտ կանգնելու, մենաշնորհային դիրք ունենալու ու մեր գրպանի հաշվին:

-Ի՞նչն է պատճառը, որ «Կարֆուրի» հայաստանյան մասնաճյուղի բացումն այսքան ձգձգվում է: Որքանո՞վ է հավանական մասնաճյուղի չբացվելը:

-Ես  ավելի շատ հավատում եմ, որ «Կարֆուրը» Հայաստանում մասնաճյուղ չի բացելու: Զարմանալի չէ, որ մինչև հիմա չի եկել:

«Կարֆուրը» հաստատ ուսումնասիրում է Հայաստանի բիզնես դաշտը, ավելին` համոզված եմ, որ այդ ուսումնասիրման ընթացքում, երևի, ընկերությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել, իսկ այս նոր փոփոխություններից հետո ուզում է նորից հաստատել իր պայմանավորվածությունը: Առավելևս, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատունն այս առումով աշխատում է ոչ եվրոպական ձևով. միայն ասում է` «Կարֆուրն» անպայման կգա: Բայց եթե չի գալիս, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ համաձայնություն իշխանությունների հետ չեն եկել: Ցավոք սրտի, պետք է իշխանությունների հետ համաձայնության գալ, ոչ թե օրենքի:

Սոնա Դավթյան




Լրահոս