ԽԵՂՃ ՎԱՐՉԱՊԵՏ. ԷԼ Ի՞ՆՉ ՈՒՐԱԽ ԱՄԱՆՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նախատոնական բաց «ֆաքս-5» է հղել Տիգրան Սարգսյանին, որում անդրադարձել է, իր խոսքով, «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն ուռճացված աշխատակազմին:
Մի շարք փաստարկներից հետո ՀՌԱԿ ատենապետը վարչապետին 3 հարց է հղում:

Հարց 1.
Պարո՛ն վարչապետ, Դուք «Նաիրիտ» գործարանի պետական 10 տոկոս բաժնետիրոջ իրավունքով հետաքրքրվե՞լ եք, թե ինչու պետական բյուջեից աշխատավարձ ստացող Ձեր ֆինանսիստները չեն զբաղվել վերը նշված շատ պարզ ուսումնասիրություններով: Իսկ եթե զբաղվեին իրենց պարտականություններով, հնարավոր կլիներ Հախինյանի «տնօրինության» ժամանակահատվածում խնայել շուրջ 6 միլիոն դոլար, այսինքն` աշխատավարձի պարտք այսօր գործարանը չէր ունենա:

Հարց 2.
Արդյո՞ք չիրականացված անհրաժեշտ կրճատումները չեն խոսում այն մասին, որ ձրիակերների շարքում կարող էին հայտնվել բազմաթիվ «ադմինիստրատիվ» օժանդակ աշխատակիցներ, որոնք «ընդունվել են» 2007 թվականից հետո եւ մինչ օրս պարապուրդի մատնված գործարանում ստանում են ՀՀ նախագահից շատ ավելի բարձր աշխատավարձ: Ճի՞շտ են արդյոք իմ ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկությունները, որ ներկայումս պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի առկայության պարագայում գլխավոր տնօրենի 10 տեղակալները միասին վերցրած ամսական ստանում են շուրջ 35 միլիոն դրամ աշխատավարձ (Ձեր հարազատ եղբայրը ներառյալ):

Հարց 3.

Արդյո՞ք աբսուրդի թատրոն չի հիշեցնում այն փաստը, որ կյանքի համար թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներն անվերջ պահանջում են իրենց չնչին աշխատավարձերը, իսկ արդյունքում շահում է արտադրության հետ կապ չունեցող, գործարանի ապագայի հանդեպ անտարբեր «ձրիակերների» մեծ բանակը: Եւ արդյո՞ք սա հովանավորչություն չէ…»:
Հարություն Առաքելյանն իր «ֆաքս-5»-ն ավարտում է ամանորյա շնորհավորանքով. «Առո՛ղջ եղեք: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ… Մյուս կողմից էլ մտածում եմ, թե ինչ սրտով պետք է դիմավորեք Ամանորը եւ ուրախանաք, կամ ինչներիդ վրա պետք է ուրախանաք…
Մնացածը ձմեռային արձակուրդներից հետո…»:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս