ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստվերային տնտեսությունից ենք խոսում, որտե՞ղ է ստվերը, մի հատ կարո՞ղ եք ասել: Ստվերը, երբ Վարդուշ մորքուրը սիգարետը 100 դրամով առնում է, տանում է, 105 դրամով հայաթում ծախում է, դա էլ է ստվեր»:
Վարդան Այվազյան «Առավոտ»

Չենք կարծում, որ Վարդան Այվազյանը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, այն էլ` պաշտոնյա, չգիտի, թե որտեղ է ստվերը: Իրենք էլ որ չիմանան, էլ ո՞վ իմանա: Ու խոսքը Վարդուշ մորքուրի մասին չէ, այլ կիսագրագետ, բայց «հաջողակ» օլիգարխների, քրեաօլիգարխների, կիսագողական եւ համատեղության կարգով էլ ՀՀԿ-ական գործարարների: Այսինքն՝ ստվերն էլ իրենց թիմի ձեռքում է, եւ, բնական է, նախկին «կարմիր դիպլոմով գռուզչիկը», որ այսօր պատգամավոր է, չի ցանկանում մատնել յուրայիններին: Վարդուշ մորքուրն ու նրա նման խեղճերը կան ու կան, եւ ամեն ինչ կարելի է վերագրել նրանց:

«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, գիտեք… Բայց ես ուրախ կլինեմ, որ ղեկավարի նման երիտասարդը (վարչապետի օգնական Նարեկ Գալստյանը)»:
Սեդրակ Աճեմյան 168.am

Դե իհարկե, ուրախ կլինեն, եւ ինչպե՞ս կարող է ուրախ չլինել, եթե վարչապետի նման մեծն օֆշորագետը ՍԴՀԿ-ն ամբողջությամբ իրենով անի եւ դրանով իսկ ապահովի քաղաքականության մեջ իր տեղը վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Վարչապետի օգնականի` կուսակցությունը ղեկավարելը համարժեք կլինի հենց վարչապետի ղեկավարելուն, ՍԴՀԿ-ն էլ երեւի այսուհետ ֆինանսական խնդիրներ չի ունենա, քանի որ Տ. Սարգսյանի նման հմուտ մասնագետն ի վիճակի է նոր մտահղացումներով տաքացնել ու տաք պահել իրենց տեղը: Հետաքրքիր է, վարչապետն այդ դեպքում ՍԴՀԿ-ն է՞լ կգրանցի օֆշորային գոտում:
«Եվրոպան եթե իրոք ցանկանում էր մեր երկրի զարգացումը, պետք է ներդրումներ աներ մեր տնտեսության մեջ»:
Արամ Գ. Սարգսյան «Հայոց աշխարհ»

Փոփոխական բնույթով եւ իշխանասեր ու նաեւ «մաքսասեր» դարձած այս գործիչը երեւի մոռացել է, որ Եվրոպան ՀՀ կառավարությանը 1 մլն եվրո փող էր տվել, որպեսզի վերջինս կանխեր արտագաղթը Հայաստանում: Իսկ արտագաղթը ոչ միայն չկանխվեց, այլեւ գնալով աճում է եւ ահագնացող տեմպերի հասնում, եւ դա էլ` շնորհիվ ՀՀ իշխանությունների, նույն կառավարության ապաշնորհ ու վնասակար գործունեության: Հիմա Եվրոպան մեղավո՞ր է, որ իր տված 1 մլն եվրոն ՀՀ կառավարությունը փոշիացրեց: Կամ Եվրոպա՞ն է մեղավոր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանությունները երկրում աղքատությունը հասցրին 35 տոկոսի:

Կարեն Վարդանյան




Լրահոս