ՊԱՀԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ԱԶԱՏՎԵԼ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում երեկ հանդես է եկել ծավալուն հոդվածով, որը վերնագրված է «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: Հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:

«Բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենեւին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանն ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու եւ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Թալանի եւ ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետեւ այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ։ Ինչ վերաբերում է երրորդ նկատառմանը, ապա այստեղ Սերժի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձեւավորել ՀՀԿ-ի հետ, թեեւ համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7-8 նախարարի եւ 4-5 մարզպետի պաշտոն։ Չհաջողելով այս հարցում, վստահաբար, Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին…։
ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը երկու անգամ անդրադառնում է «դասական երկբեւեռ քաղաքական համակարգի» ձեւավորման գաղափարին: Եթե ոմանց կարող է թվալ, թե այս գաղափարը Սարգսյանի ուղեղում ծնվել է քաղաքագիտության այբուբենի սերտման արդյունքում, ապա այդպես կարծողներին ես պետք է հիասթափեցնեմ։ Իմ խորին համոզմամբ, երկբեւեռ կամ երկկուսակցական քաղաքական համակարգի գաղափարն ընդամենը ճղճիմ հաշվարկի վրա կառուցված թափանցիկ պատգամ (մեսիջ) է՝ հասցեագրված Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Դրանով Սերժ Սարգսյանն, ըստ էության, վերջիններիս ստորագույն քաղաքական գործարք է առաջարկում, այն է՝ թեկուզ միայն սահմանադրական բարեփոխումներին համաձայնություն տալու դիմաց ապագա ընտրություններում ՀՀԿ-ի հետ «ախպերավարի» կիսել խորհրդարանական մանդատները եւ հաշտ ու խաղաղ տիրել Հայաստանին, իհարկե, ԲՀԿ-ին վերապահելով կրտսեր գործընկերոջ կամ «պուճուր ախպոր» կարգավիճակը: Բայց քանի որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը։ Այլապես նրանք կկորցնեն վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը։ Եվ ընդհանրապես, որեւէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնա Հայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը:
Պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»:




Լրահոս