«ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԽԱՂԱՅԻ ՄՈԽՐՈՏԻԿԻ ԴԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստահաղորդավարուհի, լրագրողուհի Մերի Մակարյանն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը։ Աշխատել է «Պարադիզ» ստուդիայում։ «Շանթ» հ/ը-ում վարել է «Առավոտը «Շանթ»-ում» հաղորդումը, Հ2-ում՝ «Օդից փող» հեռուստախաղը։ Ապա «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում խաղացել է Մերիի դերը։

Սովորաբար հաղորդավարուհիների, դերասանուհիների անձնական կյանքի շուրջ տարբեր խոսակցություններ են պտտվում, եւ այդ առումով մեր զրուցակիցը բացառություն չէ։ Բայց մինչ այդ խոսակցություններին անցնելը նախ պարզենք, թե ինչով է այսօր զբաղված Մերին։
-Հիմա պատրաստվում եմ դիմավորել Ամանորը: 2014 թվականի համար նախատեսված մի քանի նոր նախագծեր կան, որոնք դեռ քննարկման փուլում են, ուստի այս պահին ճիշտ չեմ համարում խոսել այդ մասին. դեռ կարող են ինչ-որ բաներ փոփոխվել:
-Սերիալում նկարահանվելն ի՞նչ ազդեցություն ունեցավ Ձեր կյանքում։
-Միանշանակ ասել չի կարելի։ Ես հաղորդավարուհի եմ ու շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ նկարահանումների ընթացքում նույնիսկ կարոտում էի այն։ Բայց հեռուստասերիալը մի նոր գույն բերեց իմ կյանք. նախ՝ սովորեցրեց աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով, պարտադրեց կրել ճանաչված լինելու հաճույքն ու պատասխանատվությունը: Բացի այդ, երբ տեւական ժամանակ ու ամեն օր ապրում ես ֆիլմի կյանքով, այն չի կարող ազդեցություն չթողնել:
-Իսկ Ձեր հերոսուհու եւ Ձեր միջեւ ընդհանուր գծեր կա՞ն։
-Նրա աշխուժությունը, խոսելաձեւը, ոճը իմն են։ Ծիծաղում եմ Մերիի նման, դեմքի շարժումներն էլ են «ընդհանուր»։ Բայց նրա կանացի վարքն ինձ դուր չի գալիս։ Խանդ, խաբեություն… Բացի այդ, ես երբեք չեմ իմացել՝ ինչ է նշանակում լինել չսիրված, ինձ երբեք չեն մերժել, եւ առաջին քայլեր էլ երբեք չեմ արել։ Ճիշտ է, եթե զգամ, որ սիրում եմ եւ պետք է առաջինը խոստովանեմ, կարծում եմ՝ կհամարձակվեմ գնալ այդ քայլին։
-Այլ սերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացե՞լ եք։
-Դեռ նոր սերիալներ չկան, սակայն դրանց շուրջ քննարկումներ, անշուշտ, կան:
-Կա՞ դեր, որի մասին երազում եք։
-Երազում եմ լուրջ դերի մասին՝ հոգեբանական ու խորը կերպարի, ասելիք ունեցող կնոջ դերի մասին: Բայց հենց այս պահին մտքովս անցավ, որ հաճույքով կխաղայի Մոխրոտիկի դերը:
-Հիմա անցնենք Ձեր մասին խոսակցություններին։ Ոմանք կատակով, ոմանք լուրջ ասում են, որ Դուք ամուսնացել եք: Դա իրո՞ք այդպես է։
-Ո՛չ կատակով, ո՛չ լուրջ չեմ ամուսնացել ու նաեւ ասեմ, որ երեխա էլ չունեմ:
-Իսկ ընկեր ունե՞ք: Ամուսնության հարցում տարիքը Ձեզ համար կարեւո՞ր է:
-Ամուսնության հարցում շատ ավելի կարեւոր բաներ կան, քան տարիքը: Ամենակարեւորը ճիշտ մարդու հանդիպելն է:
-Ընդհանրապես ի՞նչն եք գնահատում տղամարդու, ի՞նչը` կնոջ, աղջկա մոտ։
-Տղամարդու մեջ կարեւորում եմ արժանապատվությունը, դժվարություններ հաղթահարելու տոկունությունը, հումորի զգացումը, հաստատակամությունը, ու, առհասարակ, տղամարդը պետք է լինի իր խոսքն արժեւորող եւ, իհարկե, ոչ ժլատ: Իսկ կնոջ մոտ գնահատում եմ կանացիությունը, բարությունը, ցանկացած պարագայում ժպտալու ունակությունը:
-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը։
-Երջանկությունն ակնթարթներ են, որոնք առկայծում են կյանքում՝ ստիպելով փշաքաղվել ու մտածել. «Այդ ակնթարթի համար աշխարհում ամեն ինչ կտայի», երբ ցանկանում ես Գյոթեի Ֆաուստի նման բացականչել. «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու հիասքանչ ես…»։ Երջանկությունը չի կարող հարատեւ լինել։ Եվ դա լավ է. դրա անորսալիությունը մեզ սովորեցնում է այն գնահատել իրականում։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչպիսի՞ երաժշտություն եք սիրում։
-Տարիների հետ ավելի հարազատ է դառնում դասական երաժշտությունը (ես մասնագիտությամբ դասական վոկալի կատարող եմ), սակայն, ըստ տրամադրության, սիրում եմ լսել տարբեր ժանրերի լավ երաժշտություն:
Ու քանի որ հաշվված օրեր են մնացել Ամանորին, ցանկանում եմ, որ իմ հայրենակիցների հոգիներում ու տներում միշտ լինի ուրախություն ու խաղաղություն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս