ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ երկու վայրում՝ համատեղության կարգով: Շուտով պետք է գնամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի: Ինձ տեղեկացնում են, որ ես կարող եմ միայն մի աշխատավայրից արձակուրդ ստանալ: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում արձակուրդի տրամադրումը եւ վճարումն ինչպես են կատարվում: Մե՞կ, թե՞ երկու աշխատավայրից պետք է վճարում կատարվի, եւ ո՞րն է վճարման աղբյուրը:

Լիանա Տոնոյան (27 տարեկան, մենեջեր,
թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Տոնոյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի կողմից՝ անկախ մյուսի կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:
Այսինքն՝ Ձեր կողմից նշված դեպքում հղիության եւ ծննդաբերության նպաստ պետք է ստանաք ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ աշխատանքի վայրից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ նույնպես մեզ դիմած քաղաքացուն փորձել են գցել մոլորության մեջ եւ խաբել: Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ գործատուները, շահարկելով աշխատողների` սեփական իրավունքներից ոչ բավարար չափով իրազեկված լինելու հանգամանքը, փորձում են ապօրինաբար գումար տնտեսել նրանց հաշվին: Տվյալ դեպքում խոսքը հղի կնոջ մասին է, ինչը էլ ավելի ամոթալի է մեզ դիմած քաղաքացու գործատուի համար: Հետեւաբար անհրաժեշտ է լավագույնս տեղեկացված լինել եւ պաշտպանել սեփական իրավունքները: Ձեր փոխարեն դա ոչ ոք չի անի:

 

 
ՀԱՐՑ. Ձկան խավիարի ներմուծման դեպքում արդյո՞ք գանձվում է ակցիզային հարկ, թե՞ ոչ:

Ռիմա Մելքոնյան (47 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով: Ըստ այդմ` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են` գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ենթադրվում է, որ հարցում հնչեցված ապրանքատեսակի՝ ձկան խավիարի համար ակցիզային հարկ չի գանձվում: Բայց կարելի է ենթադրել, թե այն ներմուծելու համար ինչպիսի մաքսատուրք կպահանջվի:




Լրահոս