ԲՈՅԿՈՏԻ ՎԵՐՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին հերթական անգամ Իջեւանի ավագանու նիստ էր հրավիրված, եւ հերթական անգամ այն չկայացավ: Նորից 14-հոգանոց ավագանու նիստին չէին ներկայացել նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից 7 անդամները, ուստի  քվորում չապահովվեց:  Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի միակ համայնքն է, որի 2012 թվականի բյուջեն ավագանու կողմից չի հաստատվել: Այս պայմաններում, ՏԻՄ օրենքի համաձայն, քաղաքապետարանը գործում է նախորդ տարվա բյուջեի ծախսերի համամասնություններով: Իջեւանի հասարակական սեկտորի ներկայացուցիչները, մասնավորապես Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը «Ֆեյսբուք»-ում նախաձեռնությամբ էին հանդես եկել, որպեսզի հանդիպեն նիստին չներկայացողների հետ եւ ծանոթանան համայնքի բյուջեի հետ կապված վերջիններիս առաջարկներին: Հիշեցնենք, որ  ավագանու անդամ, Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն, նախկին քաղաքապետ Վարուժան  Ներսիսյանի հարազատ եղբայր Հրաչ Ներսիսյանը  նիստերին իրենց չներկայանալը պատճառաբանել էր նրանով, որ համայնքի բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկությունները քաղաքապետարանն անտեսում է:  «Ֆեյսբուք»-ում Վահագնի պահանջին ի պատասխան` Հրաչ Ներսիսյանը նույն էջում գրառել է հետեւյալը. «Հրաչյա Ներսիսյանին  վիրտուալ աշխարհում անհաջող փնտրելու փոխարեն աշխատավայրն էլ գիտես, բնակվելու վայրն էլ: Համայնքի բյուջեի հետ կապված առաջարկներին ծանոթացի՛ համայնքապետարանում»: Մինչդեռ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը բազմիցս հայտարարել է, որ  նիստերից բացակայող ավագանու անդամները (այդ թվում նաեւ Հրաչ Ներսիսյանը) համայնքի 2012թ. բյուջեի վերաբերյալ քաղաքապետարան որեւէ գրավոր առաջարկություն չեն ներկայացրել: Ակնհայտ է, որ բյուջեի վերաբերյալ այս պատճառաբանություններն անհիմն են, Տավուշի լեզվով ասած` «մահանա», որպեսզի խոչընդոտներ ստեղծվեն նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանի  աշխատանքի  համար: Նշված պայմաններում  «չխառնվելու» դիրք է ընտրել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Վերջինս հարկի կամ անհարկի խառնվում է   մարզի համայնքների գործերին, սակայն այս դեպքում գերադասում է չմիջամտել, չաջակցել մարզկենտրոնում իրավիճակի կայունացմանը: Ավագանու նիստերը բոյկոտող ավագանու անդամների մեջ կան մարզպետարանի ենթակա հիմնարկների ղեկավարներ, մարզպետի հետ գործնական կապեր, ընդհանուր շահեր ունեցող անձինք: Ցանկության դեպքում Արմեն Ղուլարյանը կարող է նրանց վրա ազդել: Ստեղծված փակուղային իրավիճակից ելքը կարող է լինել այն, որ այս տարվա մայիսի 31-ից հետո, երբ լրանա  Իջեւանի ավագանու ընտրությունների մեկ տարվա ժամկետը, քաղաքապետ Վ. Ղալումյանը դիմի դատարան, որպեսզի օրենքով սահմանված կարգով դադարեցվեն նիստերի մեծ մասին անհարգելի բացակայած ավագանիների լիազորությունները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս