ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած ՀԱԿ անդամ Վարդան Ջհանգիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մրցակիցների ընտրակաշառքների եւ վարչական լծակների  դիմաց ինքը փորձելու է հնարավորինս լավ քարոզարշավ իրականացնել:
-Ծագումով Արարատի մարզից եք, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել Գեղարքունիքի մարզում:
-Գեղարքունիքի մարզում իմ թեկնածությունն առաջադրեցի նաեւ նրա համար, որ այդ մարզում նախ առաջադրող չկար, բաց տարածք էր: Երկրորդն էլ ես մի քանի տարի աշխատել եմ Գեղարքունիքի մարզում որպես էլեկտրացանցի տնօրեն, հարաբերական կապված էի տարածքի հետ: Չեմ կարող ասել, որ ինչ-որ խնդիր կար` այդ տարածքի հետ կապված, քանի որ ես բավականին շուտ ասել էի, որ ես պատրաստ եմ իմ թեկնածությունն այդ տարածքում առաջադրել:
-Ձեր հաղթանակի հնարավորությունները որքա՞ն եք գնահատում, Ձեզ այդ տարածքում ճանաչո՞ւմ են:
-Ես չէ, որ պետք է իմ հնարավորությունները գնահատեմ, դա ժողովուրդը պետք է գնահատի, բայց ես կփորձեմ ամեն ինչ անել` ժողովրդին տեղ հասցնելու համար իմ մտահոգությունները, իմ նպատակներն ու իմ ծրագրերը: Եւ կարծում եմ` ժողովուրդն ինքը կորոշի` 5-հազարական, 10-հազարական դրամի հետեւից գնա, թե իմ հետեւից գա, ընտրի 5-10 հազարին, թե ինձ: Իսկ ինչ վերաբերում է ճանաչվածությանը, եթե հիմա ասեմ, որ շատ ճանաչված եմ, սուտ կլինի, բայց հարաբերական` այո՛: Ամեն դեպքում, 6-7 տարի էլեկտրացանցի տնօրեն եմ եղել, ժողովրդի հետ շփումներ եղել են:
-23 ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չունի, թեկնածու ունեն ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Հիմա վաղ է նման միտք արտահայտելը, թե ում եմ համարում իմ հիմնական մրցակիցը, առաջիկայում պարզ կդառնա: Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել,  հնարավոր չէ ասել, թե ով է իմ մրցակիցը: Դուք էլ հասկանում եք, որ երկու թեկնածուներն էլ լուրջ մրցակիցներ են, որոնք լուրջ լծակներ ունեն, մենք էլ ընդդիմություն ենք:
-Արդեն հայտնի է, որ երկու թեկնածուներն էլ ընտրակաշառքի մեխանիզմն են գործի դնելու, ի՞նչ եք անելու այդ ամենի դեմն առնելու համար:
-Ճիշտն ասած` հիմա չեմ ուզի հայտարարեմ, որ թեկնածուները նման արարքով են զբաղված, բայց դա արդեն երեւում է, քանի որ ժողովուրդն է այդ ամենի մասին բարձրաձայնում: Ես նման հնարավորություն չունեմ, ես, դրան փոխադարձ, պետք է ամեն ինչ անեմ մեր քարոզը լավ կազմակերպելու համար: Պետք է ՀՀ քաղաքացուն բացատրել, համոզել, որ 10 հազար դրամի հետեւից չգնա, մտածի իր երեխայի ապագայի մասին: Օրինակ` Վարդենիսի տարածքն անապատ է դարձել, երիտասարդություն չկա, բոլորը թողնում հեռանում են իրենց ընտանիքներով:
-Այնպիսի տպավորություն է, թե Կոնգրեսն ամենաթույլը Գեղարքունիքի մարզում է:
-Սխալ կլինի ասել, որ այդպես է, հնարավոր է, որ բացի այդ հատվածից, էլի թույլ տեղեր կան: Ինչ-որ չափով կարելի է համարել, որ, այո՛, թույլ է: Եթե Աստված մեզ օգնի, ամեն ինչ կանենք:
-Պարո՛ն Ջհանգիրյան, իշխանական ուժերը լուրեր են տարածում, թե Ջհանգիրյան ազգանուն ունենալն այսօր վարկաբեկիչ ազդեցություն ունի` հաշվի առնելով Ձեր եղբոր` նախկին դատախազ լինելու փաստը:
-Իմ եղբայրը վարկաբեկված անձ չէ, ազգանունն՝ առավել եւս, թող այդ իշխանական ներկայացուցիչները մտածեն իրենց ընտանիքների եւ իրենց ազգ ու տակի մասին, իրենց երեխաների ճակատագրով զբաղվեն, իսկ Ջհանգիրյանին հանգիստ թողնեն: Նման բան հայտարարողները, ես համոզված եմ, որ վարկաբեկված են ուղն ու ծուծով:
-Հնարավո՞ր է` իշխանափոխությունը Գեղարքունիքի մարզից սկսվի:
-Ես ամենակարող չեմ, եթե Աստված կամենա, ամեն ինչ կանենք, որ իշխանափոխությունը Գեղարքունիքի մարզից սկսվի: Եթե այնտեղի ժողովուրդը ճիշտ մտածի եւ ժամանակին ոտքի կանգնի, ճիշտ ընտրություն կատարի, ինձ թվում է` ամեն ինչ հնարավոր է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս