ՈՒՂՈՒՑ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ առողջապահության նախարարի ուղեկցությամբ Գյումրի էր ժամանել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Լրագրողներին տեղեկացրել էին, որ փոխվարչապետը  եկել է  բազմապրոֆիլ հիվանդանոցի  շինաշխատանքներին ծանոթանալու համար: Հետեւաբար, մեզ հորդորեցին գնալ եւ շինհրապարակում սպասել Գեւորգյանին: Սակայն մինչ սպասում էինք, պարզվեց` Ա. Գեւորգյանը «շեղվել է» ուղուց եւ փակ խորհրդակցություն կազմակերպել Շիրակի մարզպետարանում` Աշոտ Գիզիրյանի մասնակցությամբ: Մարզպետարանի աշխատակիցները ջղագրգիռ էին ընդունում լրագրողների ներկայությունը եւ հորդորում չսպասել խորհրդակցության ավարտին: Թե 40 րոպե տեւած փակ խորհրդակցության ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, միայն կարելի է կռահել, քանի որ Ա. Գեւորգյանը լրագրողների` այդ մասին հարցերը թողեց անպատասխան: Իսկ մեզ հետաքրքրում էր, թե արդյոք առաջիկա ընտրություններով էր պայմանավորված փակ խորհրդակցությունը, եւ ինչպես են ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարող իշխանությունները վերահսկում Շիրակի մարզում տիրող խայտառակ իրավիճակը, երբ ամեն թաղամասում, այսպես ասած, «ցուցակագրողներ» են պտտվում եւ գումարներ առաջարկում` 7-10.000 դրամ: Իսկ ՀՀԿ-ականներն առայժմ բավարարվում են բնակիչների բանավոր հավաստիացումներով եւ զգուշացնում, որ «փող կա», որի մասին կհայտնեն ավելի ուշ:
Շատ տեղերում, հատկապես գյուղական բնակավայրերում, «բարեգործները» չեն էլ թաքցնում, որ նման գործունեություն են ծավալում: Ասենք` գարի են բաժանում եւ հայտարարում, որ ընտանիքին տալով 40 կգ գարի` խթանում են գյուղատնտեսության զարգացումը: Իհարկե, այս հարցերին պատասխան չունենալն էր պատճառը, որ Գյումրի ժամանած Ա. Գեւորգյանը հայտարարեց, թե քաղաքական հարցերի չի պատասխանում, եւ իր այցը կապված է միայն հիվանդանոցի հետ: Նշենք, որ հիվանդանոցի կառուցումն ավարտական փուլում է: Այժմ իրականացվում են ներքին հարդարման եւ բակի բարեկարգման աշխատանքները: Հավանաբար կառույցը շահագործման կհանձնվի մոտ 1 ամսից: Ա. Գեւորգյանը գոհ էր կատարված աշխատանքներից: Պատասխանելով հարցին, թե եթե մի քանի հիվանդանոցներ միավորվեն եւ գործեն 1 հարկի տակ, արդյոք դա չի ենթադրում կադրային լուրջ կրճատումներ Գյումրիում, Գեւորգյանն ասաց. «Համենայնդեպս պարզ է, որ նմանատիպ հաստատության բացման դեպքում այլ առողջապահական հաստատություններ պետք է վերանայեն իրենց աշխատանքը»:
Հյուրերը հիվանդանոցում քիչ մնացին: Մարզպետ Ա. Գիզիրյանն անընդհատ շտապեցնում էր` ասելով. «Ժամը 3-ին քիչ մնաց»: Առողջապահության նախարարին թողնելով շինհրապարակում` նրանք միասին եւ անհայտ ուղղությամբ հեռացան հիվանդանոցից: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրանց հետ չԷր: Ըստ ամենայնի, եւս մեկ փակ խորհրդակցություն էլ տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետարանում` արդեն 3 հոգու մասնակցությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս