Հյուսիս-հարավ ճանապահի շուրջ կրկին բանակցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ծրագրի շուրջ կենացները գնալով քաղցրանում են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ որոշում է ընդունել` Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության վերսկսման հարցերով բանակցային խումբ ստեղծելու մասին: Ըստ այդմ, խումբը պետք է բանակցություններ վարի Եվրասիական զարգացման բանկի հետ` ծրագրի չորրորդ փուլը սկսելու համար:
Խմբի ղեկավարն է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, այնտեղ ընդգրկված են ՀՀ տրանսպորտի փոխնախարար Ա.Առաքելյանը, արդարադատության փոխնախարար Ա.Գեղամյանը, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարության մի շարք այլ պաշտոնյաներ:
Հովիկ Աբրահամյանի երեկվա որոշումն ուշագրավ է այն առումով, որ ծրագրի իրականացումն ի սկզբանե ուղեկցվել է տարաբնույթ սկանդալներով: Ու հիմա կառավարությունը փորձում է իրավիճակը փրկել` համոզելով շարունակել ծրագրի հերթական փուլը:

Թեեւ Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց` 2012-ի սեպտեմբերին նոր միայն: Այդ ընթացքում ՀՀ կառավարությունն իբր մրցույթներ էր անցկացնում, եւ վերջապես հաղթեց իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը: Չար լեզուների պնդմամբ, այդ ամենի հետ որոշակի առնչություն ուներ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Հայտնի փաստ է, որ Տիգրան Սարգսյանը լուրջ կապեր ունի Իսպանիայում. ի վերջո, մինչեւ Տիգրան Սարգսյանի` վարչապետ դառնալը, նրա ընտանիքը բնակվում էր իրենց իսպանական առանձնատանը:
Շինաշխատանքների ձգձգումն անհետեւանք չմնաց. առաջին փուլի համար հատկացվել էր 170 մլն դոլար, եւ չօգտագործված վարկի համարապետական բյուջեն ստիպված էր պայմանագրով նախատեսված տույժ վճարել` տարեկան չծախսված գումարի 0.15 տոկոսի չափով: Միայն մեկ տարվա համար տույժը կազմել էր 300 հազար դոլար:

Հաջորդ սկանդալը եղավ ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում. ավտոճանապարհի շինարարության մեկնարկից մեկ տարի անց` 2013թ. հունիսի 1-ին ՎՊ խորհրդի նիստում քննարկվեցին ու հաստատվեցին ստուգումների արդյունքները: Ըստ ՎՊ հաշվետվության` ստուգումների արդյունքում պարզվել էին լուրջ չարաշահումներ, որոնք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը որակել էր ՙուղղակի խայտառակություն՚, որոնք անգամ անզեն աչքով են նկատելի. ճանապարհի հիմքում 3 սմ քարեր օգտագործելու փոխարեն օգտագորվել են 30 սմ քարեր, օգտագործված բետոնը չի համապատասխանել հաստատված չափանիշներին, չի իրականացվել ջրահեռացում, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա` չկատարելով համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունները:

Եվ այդ ողջ անորակ աշխատանքն իրականացրել էր իսպանական շինկազմակերպությունը: ՎՊ-ն էլ մեկ ամիս ժամանակ էր տվել կառավարությանը` ձեռնամուխ լինել թերությունները շտկելու համար: ՎՊ նախագահը բացահայտումները ներկայացրել էր Սերժ Սարգսյանին, որից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի Արա Հովսեփյանն ազատվեց աշխատանքից:

Եվ ահա, այդ սկանդալից հետո ի հայտ եկավ երրորդ տհաճ փաստը. 2013թ. նոյեմբերից տեւական ժամանակով դադարեցվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը`անհայտ պատճառներով: Միայն գարնանը այն վերսկսվեց, եւ թափ առավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հրաժարականից հետո:
Նշենք, որ 556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող Բավրայի անցակետին: Ճանապարհի կառուցում ն արժե 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2019թ:

Հետաքրքիր է` Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք նման սկանդալները շարունակական կլինե՞ն, թե՞ այնուամենայնիվ վերջ կտրվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ամենաթողությանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս