ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՍՊԵՏՆԵՐԸ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել էր քաղաքաշինության նախարարություն: Իսկ սա արդեն իսկ ուշագրավ իրադարձություն է, քանի որ Ս. Սարգսյանը սովորություն է դարձրել իր համար կարեւոր հայտարարություններն անել այս կամ այն պետական գերատեսչությունում անցկացրած խորհրդակցությունների ժամանակ:
Երեկվա հայտարարությունները, սակայն, տարբերվում էին նախորդներից. Ս. Սարգսյանը, ըստ էության, անհանգստության լուրջ նշաններ է ցույց տալիս՝ մեղադրանքներ հնչեցնելով բոլորի՝ ե՛ւ խորհրդարանական չորս ուժերի, ե՛ւ արտախորհրդարանական կուսակցությունների, ե՛ւ մամուլի հասցեին:
Եվ այսպես. երեկ Ս. Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան, ինչը լուրջ ձեռքբերում է: Բայց մյուս կողմից նա նշել է. «Մամուլի ազատությունը նաեւ նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում: Մամուլի ազատություն նաեւ նշանակում է, որ մարդկանց որոշակի խմբեր, ելնելով իրենց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, ցանկացած լավ գործ կարող են հանրությանը ներկայացնել որպես վատ: …Նայե՛ք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաեւ մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչեւ կեսգիշեր ցեխ են շպրտում, սեւացնում են ե՛ւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ե՛ւ մեր աշխատանքը: Այս պարագայում մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաեւ հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»:
Փաստորեն, Ս. Սարգսյանը խոստովանում է, որ իր իշխանությունն այսօր չունի հասարակական աջակցություն, չկա իշխանության եւ հասարակության միջեւ հետադարձ կապ, ընդհակառակը՝ մարդիկ այսօր հակված են լսելու ոչ իշխանական ուժերին ու գնալ ընդդիմության հետեւից: Ավելին՝ Ս. Սարգսյանն անուղղակի խոստովանում է, որ այդ փաստն իր հերթին, խորհրդարանական չորս ուժերի միջեւ կարծես թե օրեցօր խորացող համագործակցությունն իր հերթին պարզապես անհանգստացնում են իրենց: Նաեւ Ս. Սարգսյանը խոստովանում է, որ ինքն այսօր մնացել է մենակ՝ ընդդեմ խորհրդարանական չորս ուժերի, ընդդեմ ոչ խորհրդարանական կուսակցությունների ու տասնյակ քաղաքական գործիչների: Նա խոստովանում է, բայց այս ամենի համար մեղադրում ազատ մամուլին:
Սակայն Ս. Սարգսյանը մամուլի ազատության ու, ընդհանրապես, լրատվամիջոցների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ճիշտ կաներ պատասխաներ հետեւյալ հարցերին. արդյո՞ք ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալները, որ 2013թ. ՀՀ-ից հեռացել ու չի վերադարձել 42 հազար ՀՀ քաղաքացի, սուտ են: Արդյո՞ք ապատեղեկատվություն է, որ ծնելիությունը Հայաստանում գնալով նվազում է, որ 2011թ. ծնվել է 43 հազար 340, 2012թ՝ 42 հազար 333, իսկ 2013թ. ավելի քիչ՝ 41 հազար 770 երեխա: Արդյո՞ք բամբասանք է, որ Հայաստանում հետեւողականորեն ոչնչացվում է մանր ու միջին բիզնեսը, որ եթե 2012թ. ՀՀ-ում գործել է 19 հազար 22 մանրածախ առեւտրի օբյեկտ, 2013թ. դրանց թիվը կրճատվել է՝ դառնալով 17 հազար 91: Արդյո՞ք մամուլի կողմից ցեխ շպրտել է, որ հակառակ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու Ս. Սարգսյանի հանձնարարականին՝ կառավարությանը հաջողվեց հազիվ 3.5 տոկոս ապահովել: Արդյո՞ք հերյուրանք է, որ հակառակ կառավարությանը տված Ս. Սարգսյանի հանձնարարականին՝ գնաճը շարունակում է գերազանցել միջին անվանական աշխատավարձի աճը: Արդյո՞ք իշխանություններին սեւացնել է այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը կառավարությանը հանձնարարականներ տալուց հետո նաեւ ասել էր՝ համապատասխան ցուցանիշներ չապահովելու դեպքում այդ կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց հակառակ այս խոսքերի՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը շարունակում է պաշտոնավարել: Արդյո՞ք լավ գործ է, երբ 2011թ. սկսած՝ Հայաստան մատակարարված բնական գազի գնի բարձրացման արդյունքում կուտակվել է 300 մլն դոլար պետական պարտք, որը, սակայն, տեւական ժամանակ գաղտնի է պահվել, եւ այն բացահայտվեց պարտատիրոջ շնորհիվ, երբ կառավարությունը պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմ»-ին տվեց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը: Էլ չենք խոսում Կորեայում Սերժ Սարգսյանի անցած ցողունային բջիջների թերապիայի ու երիտասարդացման պրոցեդուրաների մասին՝ ընդհանուրը 186 հազար դոլար արժողությամբ:
Չնայած սա առաջին դեպքը չէ, որ Ս. Սարգսյանն ազատ մամուլի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում. նախորդ տարի էլ նա հայտարարել էր, թե Հայաստանի ամենամեծ պրոբլեմը, այդ թվում եւ արտագաղթի պատճառը գաղջ մթնոլորտն է, որը տարածում են լրատվամիջոցները:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. իշխանությունները, այնուամենայնիվ, տիրապետում են լուրջ ռեսուրսների. այսօր գրեթե ամբողջությամբ նրանց վերահսկողության տակ են հեռուստաընկերությունները, մի շարք լրատվամիջոցներ: Բացի այդ՝ տիրապետելով ֆինանսական հսկայական ռեսուրսների՝ իշխանությունների համար դժվարություն չէ նորերը բացել: Եվ ուրեմն, ինչո՞ւ իշխանական ռեսուրսն այլեւս իրեն չի արդարացնում: Պատճառը մեկն է. որքան էլ իշխանությունները խոսեն բարեփոխումների մասին, հասարակությունը տեսնում ու զգում է ամեն ինչ. տեսնում է, որ իշխանությունների հայտարարությունները որեւէ առնչություն չունեն իրականության հետ:
Հ.Գ. Ի դեպ, Ս. Սարգսյանը խոսել է նաեւ ՄՄ-ին անդամակցելու մասին եւ հայտարարել, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից՝ Հայաստանը միանալու է ՄՄ-ին, թե ոչ: Նրա խոսքով՝ որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Դե իհարկե, ցողունային բջիջների թերապիայի համար 186 հազար դոլար ծախսած մարդու համար հազիվ թե 5-10 տոկոսը լինի կտրուկ, իսկ ամսական հազիվ 50 հազար ստացող թոշակառուի համար անգամ 1-2 տոկոս գնաճն ահռելի կլինի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՕԵԿ-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ գնացել է ՕԵԿ կենտրոնական գրասենյակ: Մեր տեղեկություններով՝ նա ՀՀԿ-ի կոալիցիոն միակ գործընկերոջը բացատրել է, թե իրենից ինչ է ներկայացնում կուտակային կենսաթոշակային համակարգը, եւ դա որքան արդյունավետ է հայ հասարակության համար: Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ: ՕԵԿ-ը հասկացել է, թե չէ կամ ինչ եզրահանգման է եկել՝ երեկ մեզ չհաջողվեց պարզել, քանի որ կուսակցության խոսնակը չէր պատասխանում հեռախոսազանգերին:

 

ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ

Հայաստանի հոգեւոր կենտրոն Էջմիածնում երեկ՝ գրեթե ողջ օրը, քաղաքացիները էլեկտրաէներգիա չեն ունեցել: «Ժողովուրդ»-ին ահազանգած Էջմիածնի բնակիչները զայրացած նկատեցին, որ այս անջատումների արդյունքում մի քանի տասնյակ խանութներ եւ ընկերություններ վնաս են կրել: Ու թեեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները քաղաքացիների հետ հեռախոսազրույցում խոստացել են, որ երեկոյան՝ ժամը 17:00-ին, էլեկտրաէներգիան կլինի, այնուամենայնիվ, մենք դիմեցինք ՀԷՑ՝ պարզելու անջատումների պատճառը: «Դա օրենքով կարգավորված խնդիր է: Ընկերությունն իրավունք ունի պլանային անջատումներ եւ վերանորոգումներ իրականացնել մշտապես՝ բացի երեկոյան ժամը 18:00-ից հետո եւ այլն»,-կարճ պատասխանեց ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:
Նկատենք, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում նմանատիպ պլանային վերանորոգումներն ու անջատումներն այնպիսի օրերի եւ ժամերի են իրականացվում, որ ամենեւին էլ չեն խանգարում քաղաքացուն, առավել եւս չեն կպչում նրա գրպանին: Ի դեպ, հավելենք, որ վերջերս ողջ հանրապետությունում հաճախակի են երկարատեւ անջատումներ լինում, ինչի պատճառով առաջին հերթին տուժում է քաղաքացին:

 

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ՊԱՏԺԵԼ

Փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստների եւ երիտհանրապետականների միջեւ տեղի ունեցած միջադեպի, ապա ոստիկանությունում լրագրողի նկատմամբ կիրառված բռնության հետ կապված երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ կատարվածն այլ բան չէ, քան իշխանական էժանագին սադրանք, որը մատնում է մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի նկատմամբ վախն ու տագնապը: Դա բնական զգացում է Սերժ Սարգսյանի ու նրա հանցավոր վարչախմբի համար, քանզի հասկանում են իրենց սպառնացող այն մահացու վտանգը, որն անխուսափելիորեն կառաջանա մարտի 1-ին Ազատության հրապարակում դժգոհ զանգվածների եւ ուժերի մեկտեղմամբ: Կոնգրեսը իշխանությունից պահանջում է անհապաղ դադարեցնել ակտիվիստների նկատմամբ ապօրինի հետապնդումները եւ պատժել իրական մեղավորներին»:

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով հունվարի 23-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանին առանց ներկայացված հիմնավորման աշխատանքից ազատելու Սերժ Սարգսյանի հրամանագրին` 168.am-ը նշում է, որ դա կապված է «Հայբիզնեսբանկ»-ում 2013թ. տեղի ունեցած մութ գործարքների հետ: Պարզվել է, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահը խոշոր ֆինանսական կորուստներ է արձանագրել, որոշ աշխատակիցներ ինչ-ինչ մարդկանց առանց բանկի ղեկավարության իմացության եւ առանց գրավի վարկեր են տրամադրել, բանկի որոշ աշխատակիցներ էլ բանկի միջոցներից գումարներ են պարտվել խաղատներում: Ըստ աղբյուրի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը եւս ի պաշտոնե ներգրավված է եղել բանկում տեղի ունեցած խարդախությունների քննության գործում եւ փորձել է գործարք առաջարկել գործով անցնող մեղադրյալներին: Նշվում է, որ Ռ. Հարությունյանը շատ խոշոր գումարի դիմաց խոստացել է փակել գործը: Ի դեպ, վերջինս պաշտոնանկությունից հետո մեկնել է Հայաստանից:

 

ՑՐԵԼ Է

Երեկ ՌԴ դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովնան, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանում գտնվող 80 հազար ադրբեջանցի փախստականներին ինչպես են վերաբերում, նախ խորը հոգոց է հանել, ապա նշել. «Ես դեսպանատան աշխատակից եմ, այլ ոչ թե միգրացիոն ծառայության: Ադրբեջանցի փախստականների համար թող տառապի Ադրբեջանը, դուք ինչո՞ւ եք տառապում նրանց փոխարեն»:

 

ՇԱՐԺՈՒՄԸ ԿՍՏԻՊԻ

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետեւել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները: Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խորը ճգնաժամ առաջացնող գործելաոճից»:




Լրահոս