ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՉ ՄԻ ԶԱԴՆԻ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ՁԳՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ 2013թ. նախագահական ընտրություններում ստանալով կես միլիոն ձայն, պաշտոնական արդյունքներով գրավել էր երկրորդ տեղը, այդ կեղծված ընտրությունների տարելիցը որոշել էր նշել ուղերձ հղելով:

Հովհաննիսյանը, սակայն, ուղերձը ներկայացրեց ոչ թե հանրահավաքի հարթակից, այլ «Անի-պլազա» հյուրանոցում իր թիմակիցների հետ հանդիպելով: Սովորության համաձայն, մինչեւ միջոցառման մեկնարկը, նա մոտեցավ ու հերթով ձեռքով բարեւեց հավաքվածներին: Այնուհետեւ ներկայացրեց ուղերձը, որ տեւեց մեկ ժամ շարունակ:
Այս ողջ ընթացքում նա, մեջբերումներ անելով մեծերի խոսքերից, իսկ իր խոսքը համեմելով «ռահակիցներ», «փետրվարտասնության պատմական փառք», «խոտորություն» եւ այլ պարուրապաճուճ բառերով, նախ թվարկեց մեկ տարվա ընթացքում իշխանությունների գրանցած ձախողումները` գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, ռուսական գազի դիմաց կուտակված 300 մլն դոլար պարտք, տրանսպորտի ուղեվարձի թանկացում, կենսաթոշակային նոր համակարգ, վճարովի կայանատեղիներ, որոնք անվանեց «օրինականացված ռեկետ»: Հովհաննիսյանը նաեւ հիշատակեց ԵՄ-ի հետ ՀՀ ասոցացման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վրա «մեկ գիշերվա մեջ» քաշած գիծը` հօգուտ Մաքսային միության անորոշ հեռանկարի, մեծ չափով շարունակվող արտագաղթը եւ այսպես շարունակ: Նա նաեւ անդրադարձավ ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի խոսքին, թե «միայն զենքով կա փրկություն», ակնարկեց, որ Հայաստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի առաջ. «Ատելության չափաբաժինը այնքան խտացվել է, բարձրացել է մեզ մոտ, եւ հիմնական պատասխանատուն նա է, որ շատերը մտածում են այդ խոսքի ի կատար ածման մասին: Եվ քանի դեռ ուշ չէ, եւ տակավին չենք մոտեցել վտանգավոր եւ անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին»:
Այնուհետեւ Ր. Հովհաննիսյանը թվարկեց նախագահական ընտրություններից ու հետընտրական կացությունից քաղած դասերը, նաեւ մատնանշեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: «Ահագնացող այս ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացման միջոցով… Ժամն է փետրվարտասնության պատմական փառք ու պատվից, խոնարհումից ու խոտորությունից անցնել ապագա կերտելու գործին,-հայտարարեց նա` նույնիսկ ժամկետներ մատնանշելով,-հանուն ՀՀ-ի, մեր ազատության, ինքնիշխանության եւ ազգային շահի, հանուն մեր սուրբ նահատակների ու մեր երեխաների` հողի եւ ջրի նման անհրաժեշտություն է Միացյալ հրապարակի կայացումը եւ այս չընտրված իշխանությունների հեռացումը` մինչեւ վերածննդի ապրիլի 9-ը: Հասկացե՛ք ուղղակի կամ փոխաբերական իմաստով, բայց բոլոր դեպքերում սա ազգային-պետական օրակարգի հիմնական պահանջն է… Արժե ապրել մինչեւ ապրիլ: Եվ… հավերժող բյուր գարուններ»:
Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի հնչեցրած գնահատականները դիպուկ են ու արդարացված. ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չհամաձայնել նրա հետ: Նույնը, սակայն, չես ասի նրա առաջարկների մասին. քաղաքական ուժերի համախմբան վերաբերյալ Ր. Հովհաննիսյանի հայտարարությունները վաղուց ի վեր դարձել են ժամկետանց: Սա առաջին անգամը չէ, որ նա հանդես է գալիս միավորման կոչով. ե՛ւ 2013թ. հետընտրական գարնանային հանրահավաքների ժամանակ, ե՛ւ դրանից հետո` ամռանը` հուլիսի 19-ին, օգոստոսի 24-ին, Ր. Հովհաննիսյանը նման կոչեր էր արել: Նա նաեւ քաղաքական ուժերին հրավիրել էր կլոր սեղանի շուրջ: «Առաջիկա շաբաթները դառնալու են համախմբման ժամանակաշրջան», «Ես կոչ եմ անում մինչեւ պետության 22-րդ տարեդարձին համազգային, համապետական կլոր սեղան կազմակերպել»,-հայտարարել էր նա: Չնայած այդ առաջարկներին՝ Հովհաննիսյանն այդպես էլ չներկայացրեց համախմբման համար կոնկրետ օրակարգ ու հետեւողական չգտնվեց իր հայտարարություններում:
Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հետընտրական հանրահավաքների ժամանակ վստահեցնում էր` «զադնի չկա», ամիսներ շարունակ «անհետացել էր» Հայաստանից: Իսկ հատկապես ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթքից հետո, երբ ընդդիմության առաջնորդը, թողնելով ժողովրդին, «զորավարի» հետ գնաց աղոթելու, նրա նկատմամբ ընդդիմադիրները խոսում էին անթաքույց քամահրանքով: Ու հիմա՝ այսքանից հետո, թերեւս մնում է կռահել` ինչ կլինի մինչեւ ապրիլ եւ բյուր գարուններ ապրելուց հետո:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

ԱՆԱՐՁԱԳԱՆՔ

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում են գտնվում օֆշորային սկանդալի հետ կապված Աշոտ Սուքիասյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունների համադրման աշխատանքները:
Հիշո՞ւմ եք, ըստ պաշտոնական տեղեկության՝ օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրություններն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը համեմատելու համար ՀՀ ոստիկանությունը գլխավոր դատախազությանը դիմում էր գրել: Ըստ այդ գրության՝ դատախազությունը պետք է իր հույն գործընկերների միջոցով առգրավեր փաստաթղթերի բնօրինակները եւ ուղարկեր Հայաստան:
Ի՞նչ ընթացքի մեջ է այս գործը: «Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանեցին. «Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն: Միջնորդությունը 02.12.2013թ. ՀՀ գլխավոր դատախազությունից դիվանագիտական ուղիներով եւ ինտերպոլի միջոցով ուղարկվել է Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին: Նկատի ունենալով միջնորդության մեջ նշված հանգամանքերի կարեւորությունը՝ հայկական կողմը երկու անգամ` 2014 թվականի հունվարի 20-ին եւ փետրվարի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Կիպրոսի իրավապահ մարմիններին է ուղարկել հիշեցումներ միջնորդության կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ կատարման ընթացքը արագացնելու նպատակով: Կիպրոսի Հանրապետությունից, ի պատասխան հայկական կողմի 3 գրությունների, դեռ որեւէ արձագանք չի ստացվել»:
Այսպիսով՝ ՀՀ ուժային կառույցները սպասում են: Ու չգիտեն, թե ինչքան:

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԴԵՌ ԲՈՒԺՎՈՒՄ Է

Հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկը, որը մեղադրվում է անձի առեւանգման մեջ, դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: NEWS.am-ի փոխանցմամբ՝ թեեւ Թեւոսիկի առողջական վիճակը նորմալ է, սակայն հայտնի չէ, թե նա երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Թեւոսիկն այնտեղ է տեղափոխվել դեռեւս 2013թ. դեկտեմբերի վերջին, երբ դատարանը բավարարել էր քննիչի՝ երկամսյա կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Թե ինչ հիվանդության պատճառով է քրեական հեղինակությունն այսքան երկար բուժում ստանում, ՔԿՀ լրատվական ծառայությունից չեն հայտնում: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին անհայտ անձը սպանել էր Թեւոսիկի եղբորը` 41-ամյա Արթուր Սաֆարյանին:

 

ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ

Հայաստանը փորձում է պահպանել Վրաստանից մեքենաների՝ առանց տուրքերի ներմուծման իրավունքը: Այդ մասին երեկ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը` անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզի» շուրջ տարվող բանակցություններին: Նա նշել է, որ եթե Հայաստանը նման իրավունք ստանա, ապա, իհարկե, չի կարողանա վերաարտահանել նման մեքենաները ՄՄ երկրներ: Դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն Հայաստանում: Բայց դրա արդյունքում գոնե ՀՀ քաղաքացիների համար մեքենաների գները չեն թանկանա: Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքացիները կկարողանան այդ մեքենաներով Ռուսաստան մեկնել առանց մաքսազերծման, Մելիքյանը պատասխանել է, թե այդ հարցը ներկայումս քննարկվում է:

 

ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

«Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանը, անդրադառնալով 5 տարվա ընթացքում Սեւանից ջրառի մեծացման կառավարության հաստատած նախագծին, ասել է, թե դրա իրագործման դեպքում լճին ճահճացում է սպառնում: Ըստ նրա՝ քանի որ Արփա-Սեւան ջրանցքը վերանորոգվում է, իսկ Սպանդարյան ջրամբարի ջուրը չի օգտագործվում, Սեւանի ջուրը 35 սմ կիջնի: «Կառավարությունը եւ Ջրային տնտեսության կոմիտեն հիմնավորում են, որ Արարատյան դաշտավայրի 8000 տնտեսություններ ոռոգման ջուր չունեն: Սակայն Սեւանի մեղքով չեն գյուղացիներն անջուր մնացել, այլ խորքային հորերի, որոնք օգտագործվում են ձկնաբուծության համար»,-նշել է բնապահպանը:

 

ՉԷԻ ՈՒԶԵՆԱ, ԲԱՅՑ ԿԱՍԵՄ

Անդրադառնալով ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի տված գնահատականներին` Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Zham.am-ին ասել է. «Ես չէի ուզենա նրա ելույթի որեւէ առանձին դրվագի վրա կանգ առնել ու գնահատական հնչեցնել: Բայց մենք գտնում ենք, որ համագումարի ընթացքում Ծառուկյանի կողմից հնչեցին բազմաթիվ օբյեկտիվ գնահատականներ Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին»: Զարմանալի կլիներ, եթե Սողոմոնյանն այլ գնահատական տար Ծառուկյանի ելույթին` հատկապես հաշվի առնելով, որ դրանում առկա էին Ռ. Քոչարյանի կողմից տակավին վերջերս հնչեցված մտքերի բառացի կրկնություններ:




Լրահոս