«Քառյակն» արտագաղթի հարցով խորհրդարանական լսումներ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգը ներկայացնելուց հետո ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե իշխանությունները ձևավորել են աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որում թեև ներառված են մի շարք կարևոր հարցեր, սակայն կա մի հարց, որն արտացոլված չէ այդ օրակարգում:

Նա նշեց, որ քառյակի ուժերը պահանջում են ԱԺ նախագահից, իրականացնելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածները, հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Պատգամավորը հայտնեց, որ խոսքն աղետալի չափերի հասնող և Հայաստանի անվտանգությանը սպառնացող հարցն է` լայնածավալ արտագաղթը:

«2008-13թթ հեռացել են 212 հազար մարդ: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են սկսել բաց քննարկումներ երկրի արտագաղթի ծավալները նվազեցնելու շուրջ: Եկեք, բաց խոսակցություն սկսեք երկիրը դատարկվելուց փրկելու նպատակով»,- ընդգծեց նա:

Զուրաբյանին հակադարձեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.«Մենք ժողովրդի հետ շփվում ենք առանց միջնորդների»: Իսկ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավելեց .

«Արտագաղթի հետ կապված քառյակի բարձրացրած հարցը պատասխան չստացավ, այն շատ հրատապ է, դա ընդդիմության կամ իշխանության հարց չէ, այն կարող է դեմոգրաֆիկ լուրջ վտանգներ ունենալ: Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք անցկացրել արտագաղթի և դեմոգրաֆիական խնդիրների վերաբերյալ, և ցանկանում ենք ԱԺ-ին այդ ուսումնասիրությունները հասու դարձնել: Դուք որոշեք, դա կարող է լինել փակ կամ բաց քննարկումներ, բայց դա թիվ մեկ անհրաժեշտություն է և թիվ մեկ մարտահրավերը»:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Դուք գնահատական եք հնչեցնում, այնինչ դա հանձնաժողովների խնդիրն է, հարցը պատրաստեք, կնայենք»:




Լրահոս