ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸ

Որոտանի հէկ-ի վաճառքի գործարքը լի է մութ կողմերով, եւ պատահական չէ, որ իշխանությունները փորձում են իրարամերժ հայտարարություններ անելով թաքցնել այս գործարքի մանրամասները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե վաճառվել են ոչ թե Որոտանի հէկ-ի բաժնետոմսերը, այլ ընկերությանը պատկանող գույքը: «Գույքը վաճառել ա «Որոտան» ՓԲԸ-ն: «Որոտան» ՓԲԸ-ն վաճառել ա իր ոչ թե ողջ գույքը, այլ գույքի մի մասը։ Դրա իրավունքն ուներ… Եվ էս պարագայում որեւէ բաժնետոմս, ըստ էության, ոչ թե ըստ էության, ուղղակի, չի վաճառվել, բաժնետոմսերն ամբողջությամբ մնացել են, եւ այս հէկ-ի տնօրինման տակ դեռեւս կան մի շարք գույքեր եւ ինքը շարունակելու է»,-ԱԺ ամբիոնից ասել էր նա՝ իր այդ պատասխանը դեմագոգիա որակած պատգամավորին էլ մեղադրելով տարրական իրավաբանական գիտելիքներ չունենալու մեջ: Պարզվում է, սակայն, որ Հրայր Թովմասյանը ճիշտ տեղեկություններ չի տրամադրել ԱԺ պատգամավորներին ու փորձել է ստել:

 

Խոսում են փաստաթղթերը
Իրականում Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե գույքի մի մասը, այլ իր ունեցած գույքն ամբողջությամբ: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ 105-էջանոց պայմանագիրը՝ գրված անգլերեն ու հայերեն: Եվ ահա այդ պայմանագրի 2-րդ հոդվածից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով, նյութական, թե ոչ նյութական» (էջ 30): Խոսքը, ինչպես մանրամասնած է պայմանագրում, Որոտանի հէկ-ի ե՛ւ սարքավորումների, ե՛ւ տեխնիկայի, ե՛ւ շենքերի, շինությունների, ե՛ւ շարժական գույքի, ե՛ւ հումքի ու պաշարների մասին է:
Ու հիմա ստացվել է հետաքրքիր պարադոքս. Որոտանի հէկ-ը, որի բաժնետերն է ՀՀ կառավարությունը, այլեւս չունի գույք: Արդյունքում հէկ-ը պարզապես զրկված է իր կանոնադրության 2.2 կետով սահմանված գործունեություն ծավալելու, այսինքն՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվելու հնարավորությունից: Ինչպե՞ս կարող է Որոտանի հէկ-ը էլեկտրաէներգիա արտադրել, երբ չունի դրա համար անհրաժեշտ սարքավորումներն ու գույքը:
Փաստորեն, Սերժ եւ Տիգրան Սարգսյանների թեթեւ ձեռքով Որոտանի հէկ-ն այսօր հայտնվել է լուծարման շեմին: Նշենք, որ Հայաստանում նույն Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք ստեղծվել է նման նախադեպ:

 

Տառապանքս փորձ ունի
2010թ. դեկտեմբերի 16-ի նիստում կառավարությունն ընդունեց ««Ձորահէկ» ՓԲԸ կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին» N 1660-Ն որոշումը: Դրա համաձայն՝ կառավարությունը թույլատրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը 3 մլն 600 հազար դրամով «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին օտարել «Ձորահէկ» հիդրոէլեկտրակայանի գույքը: Արդյունքում ստեղծվել էր նույն վիճակը. հէկ-ը ֆիզիկապես պատկանում էր «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին, իսկ իրավաբանորեն՝ ՀՀ կառավարությանը, մասնավորապես՝ ՊՆ-ին (2002թ. հունվարի 15-ի որոշմամբ այս հէկ-ի բաժնետոմսերը հանձնվել էին ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանը): Ըստ մամուլում եղած հրապարակումների` «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ն պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
Եվ ահա, «Ձորահէկ»-ի գույքը վաճառելուց վեց ամիս անց՝ 2011թ. մայիսի 5-ին, կառավարությունը N 546-Ա որոշմամբ պարզապես լուծարեց «Ձորահէկ»-ը եւ այդ հիդրոէլեկտրակայանը դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի լիակատար սեփականությունը: «Ձորահէկ»-ը լուծարելու համար ՀՀ ՊՆ-ն բերել էր «շատ լուրջ հիմնավորում». հէկ-ի ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին, «ուստի անհրաժեշտություն է առաջացել լուծարելու «Ձորահէկ» ՓԲԸ-ն»:
Հիմա ճիշտ նույն կարգավիճակում է Որոտանի հէկ-ը. կառավարությունը 2013թ. նոյեմբերին ընդունեց որոշում՝ հավանություն տալով Որոտանի վաճառքին, եւ կնքված գործարքի արդյունքում վաճառվեց ընկերության ողջ գույքը: Հիմա հերթը հասել է լուծարմանը. չի բացառվում, որ ամիսներ անց կառավարությունը դիմի այդ քայլին:

 

ՀԷԿ-ն իմ թուլությունն է
Վերադառնալով Որոտանի հէկ-ի օտարմանը՝ նշենք, որ 2001թ. սկսած՝ իշխանությունները բազմիցս փորձել են մասնավորեցնել Որոտանի հէկ-ը, սակայն վերջին պահին հրաժարվել են այդ մտքից: Որոտանի հէկ-ը մշտապես իր վրա է գրավել շատերի ուշադրությունը՝ գրգռելով ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ախորժակը: Այս հարցում հատկապես ակտիվ է եղել Սերժ Սարգսյանը:
2002թ., երբ Ս. Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, կառավարության 2002թ. հունվարի 15-ի որոշմամբ ՀՀ ՊՆ-ի կառավարմանն էր հանձնվել «Ձորահէկ»-ը, իսկ արդեն կառավարության՝ 2003թ. նոյեմբերի 6-ի N1694-Ն որոշմամբ Որոտանի հէկ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ պաշտպանության նախարարին:
Յոթ տարի անց կառավարությունը 2010թ. նոյեմբերի 4-ի 1455-Ն որոշմամբ փոխեց Որոտանի հէկ-ի բաժնետոմսերի կառավարչին. այդ լիազորությունը ՀՀ պաշտպանության նախարարի փոխարեն տրվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին: Սակայն լիազորությունները Արմեն Մովսիսյանին փոխանցվեցին 6 ամիս անց միայն: Իսկ այդ ընթացքում 2011թ. հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել էր Որոտանի հէկ-ի կանոնադրությունը: Մի ընկերության կանոնադրություն, որի բաժնետոմսերի կառավարիչը բոլորովին այլ պաշտոնյա էր: Իսկ 2011թ. մայիսի 24-ի իր գրության մեջ Օհանյանը, հղում անելով կառավարության որոշմանը, էներգետիկայի նախարարին տեղեկացրել էր, որ Որոտանի կառավարման լիազորությունները ժամանակավորապես վերապահվել են նրան:
Որոտանի հէկ-ի դեգերումներն այսքանով, սակայն, չեն ավարտվել: Դեռ մինչեւ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնելը, փորձ է արվել հէկ-ը մասնավորեցնել: Այն ընդգրկվել է ԱԺ ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» օրենքի նախագծում: Սակայն 2002թ. դեկտեմբերի 26-ին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց օրենքում, ու մասնավորեցման ծրագրից հանվեց Որոտանի հէկ-ը: Հետո հէկ-ն ընդգրկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» նախագծում, որտեղից, սակայն, եւս հանվեց:
Դրանից հետո Որոտանի հէկ-ն այլեւս չի ընդգրկվել մասնավորեցման որեւէ ծրագրում: Եվ ահա այսքանից հետո 2014թ. հունվարի 29-ին պարզվեց՝ Որոտանի հէկ-ը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:

 

Որպես վերջաբան
«Ժողովուրդ»-ը իր երեկվա համարում, անդրադառնալով այս հէկ-ի մասնավորեցման գործընթացին, տեղեկացրել էր, որ որպես Որոտանի հէկ-ի գույք՝ վաճառվել էին նաեւ Սպանդարյանի ու Տոլորսի ջրամբարները, որոնք, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում են պետական հատուկ նշանակության ջրային համակարգ: Իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածը պարզապես արգելում է պետական նշանակության ջրային համակարգերի մասնավորեցումը: Սա արդեն լուրջ կռվան է՝ ապօրինի գործարքը չեղյալ համարելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Առաջիկայում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն, հնարավոր է, բարձրացնի ջրի սակագինը: Ընկերությունը մտադիր է ջրի վարձը մեկ խորանարդ մետրի համար թանկացնել 7,5 դրամով` այն դարձնելով 177,7 դրամ: Սակագինը բարձրացնելու պատճառը ոչ միայն 2013-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված գնաճն է, այլեւ եվրո-դրամ հարաբերակցությունը, սպառված ջրի ծավալն ու էլեկտրաէներգիայի սակագինը: «Սակագների բարձրացման հայտի համար հիմք է ծառայել սղաճը, որն աճել է 5.8%-ով՝ 2012թ. 2.6%-ի դիմաց: Մանրածախ ծառայությունների սակագինը բարձրացել է 8,8 դրամով, սակայն քանի որ ընկերության կողմից ջրի վաճառքի կանոնավորման ու ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ այդ նույն ժամանակ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1,2 մլն խմ-ով, ինչը զսպիչ գործոն է, հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1.3 դրամով: Արդյունքում՝ գրանցվել է 7.49 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ)»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց ընկերության հանրային կապերի վարչության պետ Մուրադ Սարգսյանը: Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վերջնականապես կսահմանվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, հաշվարկների 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ նոր սակագներն ուժի մեջ կմտնեն նշված որոշումից 1 ամիս անց:

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ

Փետրվարի 26-ի գիշերը, Խոջալուի իրադարձությունների հետ կապված, ադրբեջանական AntiArmenia կիբեռխումբը իրականացնելու է հարձակումներ հայկական կայքերի վրա:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ տարվա մեջ կան կոնկրետ օրեր, երբ ադրբեջանցիները գրոհներ են ձեռնարկում հայկական կայքերի ուղղությամբ: «Առաջինը միշտ հունվարի 20-ին է լինում, որին հաջորդում է փետրվարի 26-ը, այն սովորաբար ամենաուժեղն է լինում»,-ներկայացնում է փորձագետը` նշելով, որ հարձակումները հիմնականում Ադրբեջանի տարածքից են իրականացվում` չնայած երբեմն ադրբեջանցի հաքերները փորձում են IP-երը թաքցնել:
Փորձագետը նշում է նաեւ, որ հայկական կայքերը կարողանում են դիմադրել ադրբեջանական կողմի գրոհներին, ինչը չի կարելի ասել Արցախի պետական կայքերի մասին, որտեղ երբեմն տարրական անվտանգության կանոնները չեն պահպանվում:




Լրահոս