ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԸ ԿԱ. ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Օրերս երգչուհի Քրիստինե Պեպելյանն անմոռանալի անակնկալ էր պատրաստել իր երկրպագուների համար: Տպավորված վերջիններիս նվիրվածությամբ եւ հավատարմությամբ` երգչուհին որոշել էր իր հերթին ցույց տալ նրանց հանդեպ իր հատուկ վերաբերմունքը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ՝ տեղեկանալու, թե ինչից սկսվեց այդ ամենը:
-Քրիստինե, ինչպես սկսվեց Ձեր եւ Ձեր երկրպագուների միջեւ այս հատուկ կապը:
-Բավականին երկար ժամանակ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսնում էի մի էջ, որն ամբողջությամբ գերհագեցած էր իմ ստեղծագործական կյանքին ու գործունեությանը նվիրված նյութերով: Այստեղ ես հանդիպում էի այնպիսի տեղեկությունների, որոնք իմ զարմանքն ու հիացմունքն էին հարուցում, եւ որ կարեւոր է` ներկայացված տեղեկատվությունը մշտապես հավաստի էր:
-Դուք ինքնե՞րդ որոշեցիք գտնել էջի պատասխանատուներին եւ անմիջական կապ հաստատել նրանց հետ:
-Այո, հենց այդպես էլ որոշեցի, գտա այս էջի գլխավոր պատասխանատուին` Աննային, ու սկսեցինք սկզբնական շրջանում ինտերնետային տարբերակով հաղորդակցվել: Բավականին մտերմացանք: Իրականում ես շատ տպավորված եմ: Հավատացե՛ք, անչափ հաճելի է ունենալ նման զգացողություն: Իմ երկրպագուների ջերմությունն այնքան առատ էր, որ նույնիսկ ինտերնետային հաղորդակցությամբ էր հնարավոր զգալ այդ ամենը: Տեւական ժամանակ վիրտուալ հաղորդակցությունից հետո մի քանիսի հետ նաեւ անմիջական ծանոթություն հաստատեցինք: Նրանց ջերմությունն անծայրածիր է: Նրանք երբեմն ինձ նույնիսկ գերագնահատում են:
-Ե՞րբ հղացավ երկրպագուների համար անակնկալ պատրաստելու գաղափարը:
-Ինչպես ասացի, բավականին երկար ժամանակ մեր հաղորդակցությունը միայն ինտերնետային էր, բայց երբ այն դուրս եկավ այդ միջավայրից եւ տեղափոխվեց իրական կյանք, ես հասկացա, որ այս մարդկանց սերն ու նվիրվածությունը չեմ կարղ անպատասխան թողնել: Չնայած նրան, որ ես միշտ եմ սիրում իմ երկրպագուներին եւ գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը,այս անգամ, որոշեցի այդ սիրո արտահայտման բնույթը փոխել:
-Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ամենը։
-Անակնկալիս բնույթը հետեւյալն էր. հրավիրել երկրպագուներին ձայնագրման ստուդիա՝ ականատես լինելու իրենց սիրելի երգերի ձայնագրման աշխատանքներին: Ես երկրպագուներիս ականատես դարձրեցի իմ եւ «Հայաստանի ձայնը» նախագծի իմ թիմի մասնակից Արամ Գինոսյանի դուետի ձայնագրման աշխատանքներին: Երգը կոչվում է «Սերը կա», որի երաժշտության հեղինակը հենց ես եմ, իսկ խոսքերի հեղինակը Արմինե Մխիթարյանն է:
-Փաստորեն, արդեն սկսվել են Արամի հետ Ձեր դուետի ձայնագրման աշխատանքները:
-Այո, սկսվել են, եւ ես շատ ուրախ եմ, որ իմ երկրպագուներին ականատեսը դարձրեցի հենց Արամի հետ դուետի ձայնագրման աշխատանքներին:
Նրանք իրապես տպավորվել էին իմ այս անակնկալից: Ես նախապես իրենց տեղեկացրել էի, որ գնալու ենք ձայնագրման ստուդիա, բայց փակագծերն ամբողջությամբ չէի բացել: Երբ հասա ձայնագրման ստուդիա, նրանք արդեն այնտեղ էին եւ ասացին, որ վաղուց են եկել եւ չեն համբերում տեղեկանալ՝ ինչ անակնկալի մասին է խոսքը: Նույնիսկ իրենք իրար հետ բազմաթիվ տարբերակներ էին մշակել. իմ տեսահոլովակում նկարահանվել, երգել ինձ հետ, պարել միասին եւ այլն:
-Հնարավո՞ր է մոտ ապագայում կրկին կազմակերպեք նման բան Ձեր երկրպագուների մեկ այլ խմբի համար:
-Չեմ կարծում, որ նման բան նորից կանեմ: Իրականում անակնկալը գեղեցիկ է իր օրիգինալությամբ եւ անկրկնելիությամբ: Հնարավոր է այլ անակնկալներ լինեն, չեմ բացառում, բայց հենց այս տեսակի անակնկալը հավանաբար եզակի կմնա:
Ես շատ շնորհակալ եմ իմ յուրաքանչյուր երկրպագուին՝ նվիրվածության եւ ինձ այսպես արժեւորելու համար: Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար յուրովի թանկ մարդ է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. սեպտեմբերի 11-15-ը անցկացվելու է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցելու են ավանդական երգի-պարի եւ նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից եւ Լեhաստանից:
Փառատոնն իրականացնում է «Ավանդական տոների վերածնունդ» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունը: Մասնակցում են Երեւանից՝ «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Հարց հայոց», Բյուրականից՝ «Կաթնաղբրիկ» եւ «Խնդում», Ուջանից՝ «Կարոտ», Ներքին Բազմաբերդից՝ «Գորանի» խմբերը, ինչպես նաեւ Սասունիկի եւ Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան եւ Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Լեհաստանից մասնակցելու են «Վիելկոպոլանի» եւ «Սզամոտուլի» խմբերը:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ եւ ճանաչողական էքսկուրսիաներ Երեւանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում եւ Գեղարդում, Ուջանում եւ այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ «Խաղաղության մշակույթ» թեմայով եւ մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:
Նկատենք, որ «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի իրականացումը նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը եւ մշակույթի հանրահռչակմանը:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի պատմաճարտարապետական կոթողների եւ հոգեւոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները եւ վերաարժեւորելու հայ մարդու՝ մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:
Այս տարի եւս հանրապետության բազմաթիվ պետական եւ մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաեւ այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում:

 

«ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն այսուհետ «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակներում չի ողջունի հեռուստադիտողին, փոխարենը աշխատանքային օրերին՝ ժամը 16:00-ին, «Առաջին ալիք»-ի եթերում օգտակար խորհուրդներ կտա մայրերին:
«Մայրիկների ակումբ» հաղորդումը նախատեսված է ապագա, նորատի եւ արդեն իսկ փորձառու մայրերի համար: Այն պատմում է հղիության, 0-ից 12 տարեկան երեխաների առողջության, խնամքի, հոգեբանության, զարգացման եւ ժամանցի մասին: Կես ժամվա ընթացքում կներկայացվի գրեթե 10 թեմա:
«Մայրիկների ակումբ»-ի անդամ կարող են դառնալ բոլոր հղի կանայք եւ մայրերը: Նրանք հնարավորություն կունենան պարբերաբար մասնակցել տարբեր մասնագետների հետ հանդիպումների, միջոցառումների եւ նկարահանումների:

 

ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Երգիչ Վլադիմիր Բարխոյանն արդեն տեւական ժամանակ է՝ գտնվում է Եվրոպայում, ավելի կոնկրետ՝ Իտալիայում:
Դեռ ուսանողական տարիներից Իտալիան տեսնելու ցանկություն ունեցող երգիչն այս տարի որոշել է իրականացնել իր երազանքը: Պասիվ հանգիստ նախընտրող երգիչն արդեն հասցրել է շրջել Հռոմում, այցելել տեսարժան եւ պատմամշակութային վայրեր, լողալ ու արեւահարվել:
Երգիչը սիրում է իր տարեդարձի նախօրեին «փախչել» երկրից եւ իր հանգիստն անցկացնել պատմամշակութային որեւէ հայտնի վայրում:
Վերադառնալով Հայաստան՝ նա պատրաստվում է ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալել:

 

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
Օրեր առաջ ավարտվել են «Պահապան հրեշտակներ» կոչվող նոր երգի տեսահոլովակի նկարահանումները: Այն նվիրված է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին: Հայ հայտնիների կատարմամբ այս երգի գաղափարը երաժիշտ Արմեն Գեւորգյանինն է: Նոր երգի երաժշտության հեղինակները Արմեն Գեւորգյանն ու Քնարիկ Սասունյանն են, խոսքերը գրել է Քնարիկ Սասունյանը, իսկ գործիքավորումն արել է Արեգ Առուստամյանը:
«Պահապան հրեշտակներ» երգը կատարել են Էմմին, Սոնա Շահգելդյանը, Նարեկ Բավեյանը, Սարոն ու Անգելինա Գասպարյանը, ովքեր նկարահանվել են նաեւ տեսահոլովակում:

 

 




Լրահոս