Արվեստի օջախը խղճուկ վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ վաստակաշատ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, չնայած իր հունական ծագմանը, ծնվել եւ մեծացել է Գյումրիում: Շուրջ 93 տարվա պատմություն ունի մեծ արվեստագետի անունը կրող Գյումրու նկարչական դպրոցը: Մերկուրովի անվան նկարչական ճանաչված օջախը, որն աշխարհին տվել է այնպիսի հայտնի արվեստագետներ, ինչպիսիք են Էմիլ Գազազը, Մինաս Ավետիսյանը, Ասլամազյան քույրերը եւ այլոք, այսօր շենքային լուրջ խնդիր ունի:

Ջիվանու 91 հասցեում կառուցված դպրոցի նախկին շենքը ավագանու որոշմամբ՝ մի քանի տարի առաջ օտարվեց եւ այժմ ունի նոր սեփականատեր: Իսկ դպրոցը տեղափոխվել է Հ. Թումանյանի անվան մանկական գրադարանի մի հատված: Պայմաններն այդտեղ անբավարար են. մոտ 60 սան ունեցող դպրոցում պարապմունքներն անցկացվում են նեղ ու հազիվ հարմարեցված 3 դասասենյակներում:

Դպրոցի սաների խոսքով՝ լուսավորության պակասի պատճառով իրենց արվեստը տուժում է: Բացի այդ` սահմանափակ է շարժվելու տարածքը, որը նկարչի համար եւս պարտադիր պայման է: Եթե այս ամենին ավելացնենք մոտեցող ցրտերին ընդառաջ ջեռուցման բացակայությունը, ապա ակներեւ կդառնա, որ նկարչական դպրոցի վիճակն իսկապես աղետալի է:

Եվ չնայած այս խղճուկ պայմաններին՝ աշակերտները շարունակում են ստեղծագործել եւ մասնակցել միջազգային ցուցահանդեսներին:

Նկարչական դպրոցին օգնության ձեռք մեկնողն այսօր միայն «Շիրակ հայրենակցական միավորում» հ/կ-ն է, որը կազմակերպում է ցուցահանդես-վաճառքներ եւ ստացված հասույթով անհրաժեշտ գույք գնում դպրոցի համար: Սակայն, ինչպես նշեց «Շիրակ հայրենակցական միավորում» հ/կ նախագահ Վարազդատ Ավոյանը, գլխավորը գույքը չէ, գլխավորը նկարչական դպրոցի շենքային պայմանների բարելավումն է, որը մինչ այսօր ոչ պետական մարմինների, ոչ որեւէ բարերարի կամ անհատ ձեռներեցի աջակցությամբ չի իրականացվել:

Ավելացնենք, որ դպրոցը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, ուսուցումն էլ վճարովի է:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի

 




Լրահոս