ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍԱ ՈՉ ՄԵԿԻ ԴԱՇԻՆՔԸ ՉԷ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է հոկտեմբերի սկզբին հանդես գալ համաժողովով կամ մեծ մամլո ասուլիսով ու ներկայացնել կազմակերպության առաջիկա ծրագրերը: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ կազմակերպության ներսում քննարկվում է համաժողովի հարցը, որի շուրջ տարբեր տեսակետներ են հնչում:

Կազմակերպության անդամների մի մասը գտնում է, որ անհրաժեշտ է ասուլիսի միջոցով հասարակությանը տեղյակ պահել իրենց հետագա անելիքների մասին, մյուս մասն էլ ճիշտ է համարում համաժողով անցկացնելը, ինչպես դա արեց «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ» միությունը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի գլխավորությամբ:
Մի քանի օր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է այսօր նիստ անցկացնել Հրազդան քաղաքում: Սակայն պարզվում է՝ հկ-ի ներկայացուցիչները որոշել են այն հետաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը, քանի որ չեն կարողացել ապահովել առավելագույն թվով մասնակիցների ներկայությունը: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:
-Պարոն Եղիազարյան, ինչո՞ւ որոշվեց հետաձգել Հրազդանում նախատեսված նիստը, ի՞նչ խնդրի առաջ է կանգնել «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը, որ նման որոշում է կայացրել:
-Որոշվեց հանդիպումը հետաձգել, քանի որ այնտեղ տղաները պատրաստ չեն, մենք էլ չենք ցանկանում հավելյալ խոսակցությունների տեղիք տալ, ավելորդ անգամ մարդկանց անհանգստացնել, դրա համար էլ որոշում ենք կայացրել նիստն անել ամսի 30-ին: Այնպիսի մի արտառոց բան չկա, որի պատճառով ենք հետաձգել: Ուղղակի զբաղվածության պատճառով է նման որոշում կայացվել: Իսկ մենք ուզում ենք բոլորս համախմբված լինել նման հանդիպումների ժամանակ, եւ համախմբված, միասին լինելու համար պետք է օրը փոխեինք, հարմարեցնեինք բոլորին, որպեսզի կարողանանք բոլորով ամբողջական պատկերը ներկայացնել հանրությանը: Պարզ ասեմ՝ ուզում ենք բոլորս ներկա լինել:
-Իսկ ովքե՞ր պետք է մասնակցեին Ձեր հրավիրած նիստին, Հրազդանի ազատամարտիկները ներկա՞ են լինելու:
-Ազատամարտիկներ ներկա լինելու են, ես կարծում եմ, որ եթե Սասուն Միքայելյանն էլ ժամանակ ունենա, հրավիրվածի կարգավիճակում ինքն անպայման ներկա կգտնվի, որովհետեւ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք նրա հետ: Մենք շատ լավ ընկերներ ենք: Մի քանի տասնյակ հրամանատարներով որոշել ենք հանդիպել, կարծում եմ՝ ինքը ներկա կգտնվի:
-Տեղեկություններ կան, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի գլխավորած «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ» միությունը ղեկավարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, որն էլ հենց այդ կառույցների ստեղծման նախաձեռնողն է: Ի վերջո, ի՞նչ կապ ունի Գ. Ծառուկյանը Ձեր հկ-ի հետ:
-Մամուլը մշտապես նման տեղեկություններ է հրապարակում, նման ինֆորմացիա է շահարկում, ուղղակի այդքան էլ վիրավորական տեղեկություններ չեն, որ մենք վիրավորվենք: Բայց մենք արդեն բազմիցս ասել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը ուղղակի միացել է մեր դաշինքին ու վերջ, այլ բան պետք չէ փնտրել: Սա ոչ մեկի դաշինքը չէ, այնտեղ կան մի քանի տասնյակ հրամանատարներ ու բոլորս միասին որոշել ենք հավաքվել իրար գլխի: Միլիոն մարդ` միլիոն կարծիք: Այսօր այնքան հեշտ են սուտը ճշմարտության տեղ անցկացնում, որ արդեն կարմրելու պրոցեսը չկա, որպեսզի նման ստերի դեպքում մարդը կարմրի: Դրա համար էլ ում մտքով ինչ անցնում է դա էլ ասում է: Դա Ռուստամ Գասպարյանի կառույցը չէ, հրամանատարների կողմից ստեղծված դաշինք է: Ռուստամ Գասպարյանն ուղղակի այդ դաշինքը ստեղծողներից մեկն է:
-Նշվում է նաեւ, որ Դուք պատրաստվում եք մինչեւ հոկտեմբերի 10-ը համաժողով անցկացնել, որպեսզի կարողանաք մասնակցել եռյակի հրավիրած համապետական հանրահավա քին: Կա՞ նման բան:
-Նման նպատակ չկա, եթե կողքից ինչ-որ բաներ են ասում՝ դա դեռ չի նշանակում, որ այդպիսի նպատակ ունենք, բայց չեմ կարող ասել, որ չի կարող այդպիսի բան լինել: Չգիտեմ, իրավիճակը ցույց կտա, բայց այս պահի դրությամբ նման որոշում չենք կայացրել: Մեզ համար կարեւորը նորմալ երկիր ունենալն է, մենք անձնական որեւէ բան չունենք:

 

 

 

ԱԺ-ՈՒՄ ՔՆՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նշենք, որ օրենքի նախագծի քննարկումը դեռեւս փետրվարին հետաձգվել էր: Նախագծի հեղինակներն են` ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանն ու խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիմնական զեկուցողը լինելու է Գագիկ Ջհանգիրյանը:

Նշենք, որ դեռեւս 2014 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը քննարկել եւ բացասական եզրակացություն էր տվել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Պատգամավորներն առաջարկում էին արտակարգ դրության ժամանակ չներգրավել զինված ուժերին: Կառավարությունն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ բացի տարածքային ամբողջականությունն ապահովելուց, ՀՀ զինված ուժերը պետք է ապահովեն նաեւ երկրի ներքին անվտանգությունը:
«Այս նախաձեռնությամբ նորից վեր են բարձրացվում հարցեր, որոնք քննարկվել են օրենքի ընդունման ժամանակ»,-հայտարարել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ըստ նրա՝ ուժի կիրառումն ընդհանրապես պայմանավորվում է համաչափության հիմնարար (սահմանադրական) սկզբունքով, որն ուղղակիորեն բացառում է ուժի անհամաչափ կիրառումը հանրային իշխանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ներգրավված բոլոր ուժերի` ոստիկանության, ազգային անվտանգության եւ, իհարկե, զինված ուժերի կողմից:
«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք, թե ընդամենը կարող է հանրահավաք լինել: Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է եւ, Աստված չանի, որ Հայաստանում երբեւէ նորից արտակարգ դրություն լինի»,-հայտարարել էր նախկին նախարարը:
ՀՀ արդարադատության նախարարը փոխվել է, եւ այսօր պարզ կլինի, թե այս օրենքի «ճակատագիրն» ինչ է լինելու: Արդյոք ՀՀ իշխանությունները շարունակելո՞ւ են իրենց խոսքն առաջ տանել, թե՞ ի վերջո ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջարկած նախագծին դրական եզրակացություն են տալու:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՈՐԴԻՆ ԵԿԵԼ ԷՐ ՀՈՐ ՀԵՏԵՎԻՑ

Երեկ, մինչ կառավարության նիստում որոշվում էր Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կառավարության հետնամուտքի դիմաց մի խումբ տղաների հետ բավականին ուրախ կատակներ էր անում եւ սպասում հորը:
Երբ Սուրեն Խաչատրյանը դուրս եկավ ՀՀ կառավարության հետնամուտքից, երիտասարդները նախ շնորհավորեցին նրան, իսկ մի փոքր ուշ Խաչատրյանը՝ հավաքելով իր «թիկնազորին», նստեց մեքենան եւ հեռացավ:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի տղան Ավետիք Բուդաղյանի սպանության կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ մնաց, ապա նրան ազատ արձակեցին՝ պատճառաբանելով, որ ինքնապաշտպանվել է իր տան վրա եկած զինված մարդկանցից:

 

6 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԵԶԴԻՆԵՐԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի գյուղերը Իրաքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով հավաքել են ընդամենը 6 մլն դրամ: Երեկ այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ի նախագահ Բորիս Մուրազիից: Հավաքված գումարը մարզպետարանը փոխանցել է եզդիներին օգնելու նպատակով ստեղծված հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել էր մարզի գյուղապետերին եզդիներին օգնելու համար գումար հավաքել: Իսկ ՀՀ մյուս մարզերից դեռ ոչ մի արձագանք չկա: Ի դեպ, սրան զուգահեռ Իրաքում սեպտեմբերի 21-ի գիշերը ամերիկյան օդուժի օգնությամբ զինվորականների լայնամաստշաբ գործողությունների արդյունքում եզդիները սպանել էին ավելի քան 150 ահաբեկիչների:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը Բնապահպանության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը եւ էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Բացի այդ, պարզվել է, որ բավարար հսկողություն չի իրականացվում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին եւ մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ եւ հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչները լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներով: Համայնքային արոտավայրեր տանող ճանապարհների բացակայության արդյունքում օգտագործվում են արգելոցի տարածքները:

 




Լրահոս