ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ՃՆՇՈՒՄՆԵՐ՝ «ԹԵԺ ԱՇՆԱՆՆ» ԸՆԴԱՌԱՋ

ՀՀ կառավարության առջեւ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ուղարկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է ուժի լեզվով խոսել ՀՀ քաղաքացիների հետ: ԱԺ նախկին նախագահ Հ.Աբրահամյանը, ով այդ օրինագծի ընդունման պատասխանատուն էր, առեւտրականներին ասել էր, թե «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն անշրջելի է, զիջում չի լինելու, քանի որ «մանրերի» հետեւից ընկնելով կառավարությունը կկարողանա խոշոր գործարարներին դուրս բերել ստվերից: Այս կտրուկ խոսքերին զուգահեռ, պարզվում է, գործի է դրվել նաեւ ուժային մեթոդը. երեկ առավոտյան ԱԺ շենքի մոտ կայացած բողոքի ակցիայից ժամեր անց մի քանի մասնակիցներ իրենց աշխատավայրերից ոստիկանություն են հրավիրվել: Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ մի քանի առեւտրականներ հարցաքննվել են որպես վկա, քանի որ քրեական գործ էր հարուցվել սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ այդ ընթացքում Տիգրան Մեծի փողոցը փակելու առիթով: Ասել է թե՝ գործող իշխանությունն արդեն ակնհայտ վախի դրսեւորումներ է ցուցաբերում եւ «թեժ աշունը» չմեկնարկած, պրոֆիլակտիկ աշխատանքների են անցել՝ ճնշելով, վախեցնելով քաղաքացիներին, որպեսզի ոչ մի դեպքում փողոց դուրս չգան:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ, ոչ իշխանական եռյակի ծպտյալ ղեկավար Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ում ռումբ կա տեղադրված. ավելի ուշ այն հերքվեց:

 

 
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կողմից կազմակերպած հանրահավաքներին չի գնում, քանի որ այդ մասով որեւէ որոշում չի կայացվել: Դրա փոխարեն, ըստ մեր զրուցակցի, ինքը Շենգավիթում, 3-րդ մասում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ: «Այնպես չէ, որ միտինգ եմ հավաքում, գնում հանդիպում եմ մարդկանց հետ, զրուցում եմ»,- ներկայացրեց Մարգարյանը: Խոսելով այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորը պաշտպանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը՝ ասելով. «Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ, այդ ժամանակ էլ կասեմ կողմ եմ, թե դեմ եմ… օդի մեջ չեմ ուզում խոսել, ես ուզում եմ աշխատել թղթի հետ»: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչի՞ դեմ են հանրահավաքներ անում ԲՀԿ-ականները՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ:

 

 

 

Սովորաբար, երբ ՀՀ պաշտոնյաները չեն ցանկանում իրենց պարտականությունները կատարել՝ հղում են անում օրենքի անկատարությանը, թե «օրենքը մեզ սահմանափակում է», սակայն երբեք քայլ չեն անում այդ օրենքի կատարելագործման համար: Դրա հերթական դրսեւորումը Ոսկու շուկայի «անասնակերպ արարած» որակմանն արժանացած Վաղարշ Աբրահամյանի արարքի նկատմամբ առկա անտարբերությունն է: Մինչ օրս Վ. Աբրահամյանն անպատիժ է, քանի որ նրա դեմ իր աշխատակիցները չեն բողոքում եւ ՀՀ ոստիկանությունը զլանում է որեւէ քայլ անել՝ տնօրենին պատժելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն էլ նույն հիմքով ազատվեց քրեական պատասխանատվությունից: Դեռեւս այս տարվա ապրիլին Խ. Խաչատրյանն ու իր թիկնապահ Հունանը իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում ծեծի էր ենթարկել սառնարանի մասնագետ Վյաչեսլավին: Սակայն վերջինս չի բողոքում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս առիթով հարուցված քրգործը կարճվել է՝ բողոք չլինելու պատճառաբանությամբ:

 

 

 

Մարդկային գազանությունը սահման չունի: Սեպտեմբերի 20-ին մեքենան չզիջելու պատճառով Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին առաջացած վիճաբանությունը ավարտվեց մահացու ծեծով: Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Զոհրաբ Կարապետյանն ու Հրանտ Շաբոյանը հենց փողոցում դաժան ծեծի էին ենթարկել Ծովակ գյուղի բնակիչներ Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա երիտասարդ որդուն՝ Մանուկին: Ծեծի հետեւանքով Գագիկի մարմնի վրա գերթե տեղ չէր մնացել, որ կոտրված չլիներ եւ նա հիվանդանոցում մահացավ: Որդին շարունակում է ամբուլատոր բուժումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս գործով գլխավոր դերակատարներից մեկը՝ Մարտին Հակոբյանը, ով եւս հետախուզման մեջ էր, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Հրանտ Շաբոյանն ու նա արդեն կալանավորված են: Իսկ Զոհրաբ Կարապետյանը դեռ հետախուզման մեջ է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ոստիկանները օր ու գիշեր հսկում են կալանավորվածների բնակարանները, որպեսզի Ծովակի բնակիչները «սամասուդ» (ինքնադատաստան) չկազմակերպեն:

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՊԱՂԵԼՈՒ

Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ԱԺ ոչ իշխանական ուժերը, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտապեցին հայտարարել, թե Հայաստանում այսօր առկա չէ սահմանադրական ճգնաժամ եւ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա: ԲՀԿ ներկայացուցիչները իշխանության առաջադրած սահմանադրական բարեփոխումների օրակարգը որակեցին որպես կեղծ օրակարգ` ընդգծելով, որ հրապարակ նետելով այս գաղափարը` փորձ է արվում ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունը շեղել շատ ավելի կարեւոր ու հրատապ քաղաքական խնդիրներից:
Իրականում ԲՀԿ-ի բոլոր այս պնդումները ճշմարտությունից հեռու չէին, խնդիրն այն է, սակայն, որ այսօր հենց նույն ԲՀԿ-ականներն իրենք են ձեռնամուխ եղել իշխանությունների ծրագրած` ժողովրդի ուշադրությունը շեղելու գործընթացի սպասարկմանը` սահմանադրական բարեփոխումների` մինչ այս կեղծ որակված խնդիրը բերելով հանրային քննարկման առաջնային օրակարգ: Համենայնդեպս` ԱԺ ոչ իշխանական եռյակի մարզային հավաքների ընթացքում հնչած ելույթների բովանդակության առյուծի բաժինը նվիրված է հենց սահմանադրական բարեփոխումների խնդրին: Արդյունքում` ստացվում է, որ ոչ իշխանական եռյակը կամա թե ակամա սպասարկում է իշխանության շահերը եւ իրագործում Սերժ Սարգսյանի գծած սցենարը:
Սակայն եթե ոչ իշխանական ուժերն իրապես ցանկանում են հասնել երկրում համակարգային փոփոխությունների` ապա բացի սահմանադրական բարեփոխումներից (ինչը եռյակը մերժում է), բացի երկար ժամանակ եւ մեծ ջանքեր պահանջող օրենսդրական փոփոխություններից, կա մեկ ճանապարհ. դա իշխանափոխությունն է, որի պահանջը, սակայն, եռյակն այդպես էլ չի առաջադրում: Ընդ որում ընդգծենք, որ այս իրավիճակում «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի` առանձին գործիչների շուրթերով հնչեցված հայտարարությունները հաշիվ չեն, քանզի գաղտնիք չէ, որ գործընթացների ուղղությունը որոշողը ԲՀԿ-ն է:
Ուստի` եթե Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում հայտնվել պարտվողի դերում` նա առանց հապաղելու պետք է կայացնի իշխանության հրաժարականը պահանջելու որոշում` չընկրկելով դրա արդյունքում իր բիզնեսների վրա գործադրվելիք հնարավոր ճնշումների վտանգից: Հակառակ պարագայում` եթե Ծառուկյանը հապաղի, Սերժ Սարգսյանը հաղթելու է` անկախ այն բանից` կիրագործվեն սահմանադրական բարեփոխումները, թե ոչ: Առաջին դեպքում նա կդառնա ԱԺ նախագահ` նոր սահմանադրությամբ վերապահված հսկայական լիազորություններով, իսկ սահմանադրական բարեփոխումները չհաջողելու դեպքում էլ` կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ի վերջո, ոչ ոք չի կարող ասել, որ անգամ գործող Սահմանադրությամբ` լինելով ՀՀԿ ղեկավարը եւ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը` Սերժ Սարգսյանը կկորցնի ներկայում ունեցած իշխանական լծակները:

 




Լրահոս