ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ տեղեկացրել էինք, երեկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց իր պատգամավորական մանդատը չվերցնելու որոշման մասին: Ու թեեւ նրա այս որոշման մասին որոշակի շրջանակների հայտնի էր դեռեւս մինչեւ ընտրությունները, այդուամենայնիվ, այն մթնոլորտը, որում «Հանրապետության» ղեկավարը հայտարարեց իր այդ քայլի մասին, եւ այն ձեւը, որով նա դա արեց, ցույց տվեց, որ Կոնգրեսում տեւական ժամանակից ի վեր առաջացած ճեղքվածքները շատ ավել խորն են, քան կարելի էր ենթադրել:
Այդ ճեղքվածքները սկսեցին դեռեւս անցած տարվա գարնանից, երբ ծրագրվեց իշխանության հետ երկխոսության սցենարը: Իսկ այն, որ դա երկուստեք ծրագրված սցենար էր, այսօր արդեն քչերի մոտ է կասկած առաջացնում: Թե այդ գործընթացից կոնկրետ ինչ շահեց իշխանությունը, եւ ինչ կորցրեց Կոնգրեսը, լավագույնս հայտնի է հենց իրենց` իշխանության եւ Կոնգրեսի առաջին դեմքերին: Սակայն փաստն այն է, որ երկխոսության չստացված փորձով մեկնարկած, այնուհետեւ ԲՀԿ-ին արված համագործակցության «քաղաքագիտական» առաջարկով ամրապնդված Կոնգրեսի հեղինակազրկումն իր գագաթնակետին հասավ նախընտրական փուլում, երբ հանրության ու նաեւ ՀԱԿ անդամ  որոշ ուժերի համար ակնհայտ դարձավ, որ  իրենք այսքան ժամանակ պայքարել են ոչ թե գաղափարների, այլ կոնկրետ խմբի քաղաքական  նպատակների իրականացման համար:
Այս  կարծիքն արդեն համոզմունքի վերածվեց մայիսի 8-ին կայացած ՀԱԿ հետընտրական հանրահավաքում, որտեղ թեեւ իշխանությունների հասցեին հայհոյախառն որակումների պակաս չկար, սակայն կար նաեւ այդ նույն իշխանության հետ աշխատելու անթաքույց ցանկություն, եւ ՀԱԿ-ի  այսպես ասած` «կառուցողական» հատվածը հայտարարեց ԱԺ մանդատները վերցնելու պատրաստակամության մասին: Իհարկե, նաեւ ձեռքի հետ  այդ նույն մանդատների օրինականությունը  Սահմանադրական դատարանում վիճարկելով:
Եվ բնականաբար, սա չէր կարող չհարուցել Հայ ազգային կոնգրեսին անդամակցող այն ուժերի վրդովմունքը, որոնք  այս ամենի արդյունքում հայտնվեցին «քցվածի» եւ «աութսայդերի» կարգավիճակում: Այդ թվում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը ՀԱԿ-ի հետընտրական  գործունեությունը որակեց «իմիտացիոն»,  իսկ վերջին կես տարվա պայքարի ձեւերը` իր համար  «ոչ ընկալելի»:
Ըստ էության, Կոնգրեսի որդեգրած ոչ վճռական վարքագծից դժգոհությամբ էր պայմանավորված նաեւ ՀԱԿ անդամ մեկ այլ քաղաքական ուժի` ԺՈՒԿ-ի` նախօրեին տարածած հայտարարությունը, որով վերջինս կոչ էր անում բոլոր շահագրգիռ ուժերին միանալ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները չեղյալ հայտարարելու իրենց պահանջին: Ընտրություններից հետո կարծես թե հանրային  շփումներից խուսափում են նաեւ Կոնգրեսի` մանդատներ չստացած մյուս երեւելի դեմքերը` Դավիթ Շահնազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Անդրանիկ Քոչարյանը…
Եվ ահա այս մթնոլորտում Արամ Սարգսյանի երեկվա հայտարարությունը եկավ արագացնելու Կոնգրեսի պառակտման  գործընթացը:  Շուտով ՀԱԿ-ից դուրս կգան շատ կուսակցություններ ու անհատներ:
Որոշ փորձագետների գնահատմամբ, առաջիկայում Արամ Զավենիչին կարող է հետեւել նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որն իր գաղափարակից ընկերոջ հեռացման առթիվ երեկ միայն ասել  է. «Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, կրկին ափսոսում եմ»:  
Փորձագետների գնահատմամբ, Դեմիրճյանը էլ ավելի կափսոսի, եթե շարունակի  իր երրորդական դերակատարությունը մի կառույցում, որի ղեկավարը հրապարակավ հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանին ձայն տվողները Հայաստանը վերածում են թուրքերի համար արոտավայրի», ապա, ընդամենը մի քանի օր անց, իր քաղաքական որդեգիրներին ուղարկեց «այդ արոտավայրում»  աշխատելու:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս