Հանրային մարդիկ այլոց սկսել են պիտակավորել Ալիևի հետ առնչությունների համար. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից տարվող տեղեկատվական պատերազմին և տվյալների հասանելիությանը:

«Բոլորիդ հայտնի է, ինչպիսի երկիր է Ադրբեջանը: Աշխարհին է հայտնի: Այդ երկրում որևէ կիսաազատ խոսք ասողը միանգամից հռչակվում է Հայաստանի լրտես, հետո կալանավորվում, աքսորվում կամ սպանվում: Սա գիտի ողջ աշխարհը: Այս տեսանկյունից Հայաստան-Ադրբեջան հարթությունում որևէ գործընթացի վրա մեր ու հարևան երկրի իրողությունների տարբերությունը միշտ էլ ազդում է: Միգուցե ինչ-որ տեղ չի երևում, բայց, միևնույն է, դա կա: Հազար անգամ եմ տեսել ինքս:

Վերջին ժամանակներում բոլորս ենք ականատես լինում, որ չգիտես՝ ինչու, Հայաստանում էլ սկսել են հանրային մարդիկ այլոց պիտակավորել Ալիևի հետ առնչությունների, Ադրբեջանից ֆինանսավորվելու ու նման արտահայտություններով: Հիմա, խնդրում եմ, վերցրեք այդ արտահայտությունների գրավոր հոդվածները անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու կարդացեք: Հեշտ կգտնեք. մեր թշնամիները դրանք շատ մեծ հաճույքով տիրաժավորում են աշխարհում: Կարդացեք, ու դրանցով փորձեք գաղափար կազմել Հայաստանի իրողությունների մասին ոչ հայաստանցու աչքերով:

Հավատացնում եմ՝ ենթագիտակցական հավասարության նշանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև միանգամից առաջ է գալիս: Սա կեղծ իրականություն է անշուշտ, սակայն չեմ կարողանում հասկանալ ինչի ենք մենք այն ստեղծում, ինչի ենք կրկնում ադրբեջանցիներին: Փոխանակ նրանք քաղաքակրթվեն ու գան մեր ճանապարհով, որ կարողանանք ավելի հեշտ խնդիրները լուծել, մե՞նք ենք իջնում նրանց մակարդակին: Ի՞նչ է սա տալու մեզ, բացի վնասից: Խնդրում եմ խորհել սրա մասին», – հայտարարեց նա:




Լրահոս