ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

165 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՄԵԿ ՆՍՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անարդյունավետ ծախսեր անելու սովորույթն արդեն վաղուց հայտնի է երեւանցիներին: Մեզ համար «Ավելի լավ Երեւան» ապահովող քաղաքապետը հերթական անգամ քաղաքային բյուջեի հաշվին ձեռք է բերել թանկարժեք նստարաններ եւ աղբամաններ: Մեկ նստարանն արժի 165 հազար դրամ, իսկ աղբամանը՝ 77 հազար: Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ, որով քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 30 հատ նստարան՝ վճարելով մոտ 5 մլն դրամ:

Հայաստանում պաշտոնական տվյալներով՝ ամեն երրորդ քաղաքացին համարվում է աղքատ, չափազանց բարձր է գործազրկության մակարդակը, եւ դրան հակառակ` ցածր` տնտեսական ակտիվության ցուցանիշը: Եւ այս տվյալների ֆոնին քաղաքային իշխանությունների, ՀՀ պետական կառույցների անտրամաբանական շռայլությունները մշտապես զայրացնում են մեր հասարակությանը: Մասնավորապես նույն անտրամաբանական ու շատ թանկ գնով տեւական ժամանակ է, ինչ քաղաքային իշխանությունները ձեռք են բերում նստարաններ եւ աղբամաններ, որոնց համար բյուջեից վճարվում են հսկայական չափերի հասնող գումարներ: Շուրջ 400 դոլար ամեն նստարանի համար վճարելը, այն էլ՝ անբարեկարգ եւ փոսառատ փողոցների ֆոնին, իհարկե, մեղմ ասած՝ խայտառակություն է:
Մի կողմ թողնելով այն, որ նմանատիպ նստարանները հնարավոր է ձեռք բերել առավել մատչելի գներով, նշենք, որ քաղաքապետարանի այս ծախսը պատճառաբանված չէ, քանի որ ձմռան ամիսների ընթացքում նստարանները, որպես կանոն, վնասվում են, եւ կարիք է առաջանում դրանք նորերով փոխել: Ավելին՝ այս ամիսներին մարդիկ նստարանների կարիք այդքան էլ չեն զգում, որովհետեւ ցրտի պատճառով բոլորն էլ տուն են շտապում:
Եւ դեռ հարց է, թե նոր տեղադրված նստարանները ինչ տեսք կունենան գարնանը, երբ ձնից մաքրվեն: «Ժողովուրդ»-ը Երեւանի ավագանու անդամ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տրամաբանական է այն, որ յուրաքանչյուր նստարանի համար վճարվում է 165 հազար դրամ:
«Ես դեռեւս հուլիսին այս թեմայի շուրջ հարցում եմ արել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ հետաքրքրվել եմ, թե ինչու է Երեւանի փողոցներում տեղադրված թանկարժեք նստարանների լաքը թափվում: Մինչդեռ այն չպետք է թափվեր: Չէ որ դա այդ կազմակերպության՝ «Նիկոլ Դուման»-ի պարտականությունների մեջ էր մտնում»,- նկատեց տիկին Բախշյանը, որի հարցմանը քաղաքապետարանի համապատասխան բաժինը պատասխանել է հետեւյալ կերպ. «Երեւան քաղաքում պուրակների, այգիների կահավորման նպատակով ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված նստարանների գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրով նախատեսված է երաշխիքային սպասարկում մեկ տարում, որի արժեքը ներառված է նստարանների ձեռք բերման պայմանագրային գնի մեջ»: «Սա են ինձ պատասխանել: Այսինքն՝ ստացվում է, որ այդ կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա մեջ հետեւել նստարանների որակին: Բայց մենք հակառակն ենք տեսնում: Իսկ ավելի լավ չէ՞, որ մենք առաջնորդվենք ժողովրդական իմաստուն ասացվածքով՝ ոտքդ մեկնիր քո վերմակի չափով, այսինքն՝ կատարենք ծախսեր, որոնք ավելի նպատակային կլինեն: Ես այս մասին զրուցել եմ նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, ով նշեց, որ այդ կազմակերպությունը բարեխիղճ է, եւ թանկարժեք չէ, իսկ նստարաններն էլ որակով են: Այո՛, շատ գեղեցիկ են, եթե տեսքը չի փոխվում: Ես օրերս Եռաբլուրում էի եւ նկատեցի, որ նստարաններն ամբողջովին լաքազրկված էին: Հիմա ո՞վ պետք է հետեւի դրանց»,- մտահոգվեց ավագանու անդամը:
Նրա համոզմամբ՝ պետք է վերանայվեն այդ գնումների մասին օրենքով սահմանված մրցույթի պայմանները: «Դրա համար էլ մենք 2015 թվականի բյուջեում առաջարկելու ենք, որ վերանայվեն այդ պայմանները, կամ մրցույթին մասնակցեն այլ կազմակերպություններ եւ էժան գնով նստարաններ առաջարկեն»,-տեղեկացրեց տիկին Բախշյանը: Նշենք, որ նախորդ մրցույթին մասնակցող միակ ընկերությունը «Նիկոլ Դումանն» է եղել:
Վերջերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի փողոցներից թվով շուրջ 18 հատ աղբաման են գողացել: Ինչի արդյունքում քաղաքային բյուջեն 1 մլն 386 հազար դրամի կորուստ ունեցավ: Սակայն այս փաստը, կարծեք թե, առանձնապես չի մտահոգում քաղաքային իշխանություններին, որոնք ձեռնամուխ են լինում նոր, թանկարժեք աղբամաններ պատվիրելուն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎՈՒՄ  ԱՊՕՐԻՆԻ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում ապօրինի կառուցապատումը ստացավ համատարած բնույթ, որը կանոնակարգելու ուղղությամբ իշխանությունների՝ վերջին տարիներին գործադրած ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս:
Դեռեւս 2006 թվականին կառավարության ընդունված որոշմամբ բոլոր ապօրինի շինությունները պետք է օրինականացվեն, հակառակ դեպքում համայնքն իրավունք ունի դրանք ճանաչել որպես իր սեփականություն եւ վաճառել աճուրդով:
Գյումրու քաղաքաշինության բաժնից տեղեկացանք, որ 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանում օրինականացվել է 197 ինքնակամ կառուցված շինություն եւ հողամաս, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 25 մլն դրամ: Սակայն, ինչպես նշեցին ոլորտի պատասխանատուները, Գյումրիում չափազանց շատ են անօրինական շինությունները, որոնք քաղաքացիները չեն շտապում օրինականացնել: Այդ գործընթացից հատկապես շահում է տեղական բյուջեն, քանի որ կառավարության որոշմամբ սեփականացրած շինությունների գումարները մուտքագրվում են տեղական բյուջե եւ ծախսվում են համայնքի խնդիրների վրա:
Ըստ գոտեւորման` յուրաքանչյուր քառակուսիի դիմաց կառավարության սահմանած գները տարբեր են: Նշենք, որ համայնքապատկան հողի վրա կառուցված շինությունները չօրինականացնելու դեպքում քաղաքացին տուգանվում է նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով, սեփական տարածքի վրա՝ երկու հարյուրապատիկի չափով: Իսկ եթե ապօրինի շինությունները հայտնաբերվել են, դրանց տերերը զգուշացվել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել, ապա տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափ: Սակայն պատասխանատուների համար շարունակում են լուրջ խնդիր մնալ «դոմիկները», քանի որ դրանք ընդհանրապես ենթակա չեն օրինականացման: Տարածքը կօտարվի միայն այն ժամանակ, եթե այն ազատվի եւ աճուրդային կարգով տրամադրվի քաղաքացիներին՝ բնակարան կառուցելու համար, մինչդեռ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված բնակիչն ի զորու չէ այն գնել:
Ի դեպ, նշենք, որ 2010 թվականից ուժի մեջ մտած ՀՀ օրենքի համաձայն՝ իրավունք հաստատող փաստաթուղթը կորցրած կամ չպահպանած քաղաքացիների կողմից կառուցված շինությունների գործընթացն անվճար է կատարվում: Ավելացնենք նաեւ, որ ըստ ՀՀ հողի մասին օրենքի՝ արգելվում է օտարել փողոցները, մայթերը, այգիները եւ այն տարածքները, որոնցում գտնվող կառույցները ենթակա են ապամոնտաժման:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 




Լրահոս