Կանխարգելիչ առողջապահական այցելություններ՝ սոցիալական փաթեթի շահառուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին առաջին անգամ սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսվում է կազմակերպել կանխարգելիչ առողջապահական հետազոտություններ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։ Ծրագիրն արդեն իրավական հիմք է ստացել ՀՀ կառավարության թիվ 375 որոշումով։ Այն ոչ միայն հնարավորություն կտա հիվանդությունները վաղ ախտորոշել, այլև այդ ճանապարհով տնտեսել հիվանդանոցային ծառայությունների ձեռք բերմանն ուղղված պետական միջոցները։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկվեցին նոր ծրագրի իրականացման մեխանիզմները։

Վահան Պողոսյանը մանրամասնեց, որ սոցփաթեթի մոտ 100 հազար շահառուների համար ստեղծված այս հնարավորությունը համահունչ է նախարարության որդեգրած` բնակչությանն առողջ պահելու և ոչ թե հիվանդաբուժությամբ զբաղվելու գաղափարախոսությանը։

«Սա շատ կարևոր ծրագիր է, և առողջության պահպանման առաջնային օղակի ղեկավարներն ու մասնագետներն այնպես պետք է իրականացնեն, որ կարողանանք ապահովել սպասվող արդյունքները»,-ասաց փոխնախարարը։

Թե կանխարգելիչ հատկապես ի՞նչ հետազոտություններ կներառվեն ծրագրում` կհաստատվի ՀՀ կառավարության որոշումով և առողջապահության նախարարի հրամանով։ Նախնական ցանկն ուղարկվել է պոլիկլինիկաներ և բժշկական ամբուլատորիաներ` մասնագետների կողմից առաջարկներ ստանալու նպատակով։
Վահան Պողոսյանը հորդորեց տեղերում նախապես ճշգրտումներ կատարել` իմանալու համար, թե յուրաքանչյուր թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ սոցփաթեթի քանի շահառու է հաշվառված։

«Չպետք է սպասել, թե ձեզ մոտ հաշվառված շահառուները երբ կգան պոլիկլինիկա։ Ճիշտ կլինի, որ թերապևտներն ու ընտանեկան բժիշկները հրավիրեն նրանց, մանրամասն ծանոթացնեն ծրագրին»,-ասաց փոխնախարարը` պահանջելով բոլորի նկատմամբ առավելագույն ուշադրություն և հոգատարություն ցուցաբերել։
«Բնակչության առողջության նկատմամբ հոգածության բոլորովին նոր մոտեցում և ձևաչափ է ներդրվում, որը հետագայում ընդլայնվելու է»,-ասաց Վահան Պողոսյանը` շեշտելով, որ ծրագրի լավ մեկնարկով է պայմանավորված նաև հետագա հաջողությունը։




Լրահոս