ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՉԸ «ՉԻ ԱՆՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի դեղատնային բիզնեսի ներկայացուցիչներին հանձնարարել էր՝ մարզկենտրոնում դեղորայքն  էժանացնել  10 տոկոսով: «Մինչեւ դեղորայք ներմուծող ընկերությունները իրենց գնացուցակներում փոփոխություններ չանեն, այստեղ դժվար թե որեւէ զեղչային համակարգ գործի»,- վստահեցնում են դեղերի սյունեցի ներկրողները: Կապանի դեղորայքի շուկայի առաջատարներ` «Ալֆա Ֆարմ» եւ «Նատալի Ֆարմ» ընկերությունների գնացուցակներն այսօրվա դրությամբ անփոփոխ են մնացել: «Նատալի ֆարմի» դեղատանը այս պահին զեղչեր գործում են: «Զեղչվում են այն դեղերը, որոնք մոտ ապագայում ժամկետանց կդառնան, կամ էլ թանկ են ու դժվար են վաճառվում: Փետրվարի 1-ից էժանացվել են ճնշման սարքերը, սրտի դեղերը` 10, մյուսները՝ 8, երրորդները` 15 տոկոսով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դեղատան համակարգող Անահիտ Պողոսյանը: Քաղաքում լուրեր էին տարածվել, որ դեղերի էժանացման մեթոդով փորձում են ժամկետանցներն իրացնել: «Մեր դեղատանը դա բացառվում է»,- ասաց Անահիտ Ղազարյանը,- «Ամեն ամսվա 25-ին գործածությունից դուրս են գալիս այդ դեղամիջոցները: Փետրվար եւ մարտ ամսվա ժամկետանցներն արդեն չեն վաճառվում»: Մյուս խոշոր ընկերությունը՝ «Ալֆա ֆարմն» է, որի ներկայացուցիչ Մարգարիտա Գալստյանը համոզված է. իրենց դեղորայքը արդեն իսկ մատչելի գներով է վաճառվում: «Ամենաշատը իրացվում են սրտի կաթիլները եւ հաբերը, դրանց 10 տոկոսը նվազեցնելով` գնի մեջ զգալի փոփոխություն գրեթե չի լինի (100-ի փոխարեն դրանք կվաճառվեն 90 դրամով), իսկ թանկերն էլ զեղչելու տեղ չունեն: Ամեն դեպքում իրավիճակի մասին մայրաքաղաքում տեղյակ են, կսպասենք  նրանց որոշմանը»,- նշեց «Ալֆա Ֆարմի» ներկայացուցիչը:




Լրահոս