ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՏՆԱՏԱԿ Է ԱՐԵԼ
Թաիլանդի Սուրին գավառում բուդիստական արարողությանը մասնակցող փիղը ոտնատակ տալով սպանել է մի տղամարդու:  Մոտ 50 տարեկան տղամարդը բարձրացել է ծառի վրա, եւ երբ ոստիկանները պահանջել են, որպեսզի ցած իջնի, նա ծառից վայր է ընկել ուղիղ փղերի ոտքերի տակ եւ բարկացրել հսկա կենդանուն: Փիղը  կնճիթով բարձրացրել է նրան, ապա գցելով գետնին՝ սկսել է ոտնատակ անել: Ներկաներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել կենդանու ոտքերի տակից, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է: Ողբերգական միջադեպից հետո արարողությունը շարունակվել է:

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՆ Է
Լոնդոնի օլիմպիական խաղերում հուլիսի 30-ի դրությամբ ազգային հավաքականների հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է, որը նվաճել է 6 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ը` 3 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իտալիայի օլիմպիական թիմը, որը նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: ՀՀ հարեւան երկրներից մեդալ են նվաճել Վրաստանն ու Ադրբեջանը:

ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ
Ուկրաինայի ներկայացուցիչ 39-ամյա Արթուր Այվազյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում: Ստենդային հրաձգության 50 մետրի մրցումներում հայ մարզիկը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը՝ դուրս մնալով հետագա պայքարից: 37 մասնակիցների մեջ  Այվազյանը զբաղեցրեց 19-րդ տեղը: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին ութ մարզիկներ: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:

ՊԱՐՏՎԵՑ
Ձյուդոյի 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արմեն Նազարյանն ավարտեց իր մրցելույթները Լոնդոնի օլիմպիական խաղերում: 1/16-րդ եզրափակիչում Ռայմոնդ Օվինուի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո հայ ձյուդոյիստը 1/8-րդ եզրափակիչում պարտվեց Լեհաստանը ներկայացնող Պավել Զագրոդնիկին: Արդյունքում օլիմպիական ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ոչ մի մեդալ չվաստակեց:

ՀԱՂԹԵՑ ՆՈԿԱՈՒՏՈՎ
Վալենսիայում կայացած Կ-1-ի Mix fight Events մրցաշարի 14 մենամարտերից կենտրոնականը եղել է 26-ամյա Վարդան Մնացականյանի (65 կգ) մենամարտը անպարտելի իսպանացի Էրիկ Էսպարզա Կորտեսի հետ: Իսպանիայում բնակվող հայ մարզիկը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: Մնացականյանը WUFC վարկածով ֆուլ-կոնտակտ կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն է:                                    

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս