ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ են Հայաստանում երեկոյան ժամերին փակվում եկեղեցիների դռները: Գուցե ինչ-որ մեկը հուսահատ եւ ընկճված ցանկանում է ուշ ժամի գնալ Աստծո տուն եւ հոգեպես հանգստանալ:

Սրբուհի Կիրակոսյան, 25 տարեկան, լեզվաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ ժամը 19:00-ն բոլոր եկեղեցիների դռները բաց են: Ելնելով որոշ անվտանգության նկատառումներից` եկեղեցիները փակվում են ժամը 19:00-ից հետո: Բայց, անշուշտ, այդ ժամերը փոփոխական են, որովհետեւ ամառային շրջանում շատ ավելի երկար են բաց լինում, տոնական օրերին՝ նույնպես, անգամ մինչեւ կեսգիշեր եւ ավելին, օրինակ՝ Ամանորի կամ Սուրբ ծննդյան գիշերը: Այսինքն՝ մեծ տաղավար տոներին, երբ ժողովուրդն ավելի շատ է այցելում եկեղեցիներ, այս դեպքում, իհարկե, մասնավոր կարգադրությամբ բոլոր եկեղեցիները բաց են լինում: Մնացյալ օրերին, եթե եկեղեցիները բաց պահելու անհրաժեշտություն նկատվեր, ապա համապատասխան հրահանգները կլինեին, բայց այդպիսի հարց չի նկատվել՝ ելնելով իրողություններից: Եթե Դուք առիթ ունենայիք ուշ ժամի եկեղեցիներ այցելել, ապա ինքներդ կտեսնեիք, որ այդ ժամերին եկեղեցու տարածքը, եւ ինչու չէ, նաեւ ներսի մասը, դժվար վերահսկելի են դառնում, քանի որ եկեղեցիները չունեն անվտանգության համակարգեր: Դա եւս հաշվի է առնվում: Եկեղեցին, ցավոք, ի վիճակի չէ այնքան միջոցներ ներդնել, որպեսզի այդ ամենն ապահովի, ու դա եւս նկատի ունենալով` որոշակի ժամ է սահմանված դռները փակելու համար: Տարվա բոլոր եղանակներին տարբեր ժամեր են սահմանված՝ օրվա մթնելու հետ կապված:

տեր Վահրամ քահանա Մելիքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միգուցե ոմանց հաճելի լինի երեկոյան ժամերին եկեղեցի այցելելը, բայց դժվար չէ նաեւ պատկերացնելը, թե ինչ կկատարվի նման շինություններում կեսգիշերից հետո:




Լրահոս