ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ չենք տեսել սերիալներում, փոխարենը նա խաղում է թատրոնում, վարում տարբեր կորպորատիվ երեկոներ ու երգում: Նոր է վերադարձել հանգստից: Ընտանիքով 14 օրով մեկնել էին Կիպրոս` Միջերկրական ծով, լավ հանգստացել, կտրվել քաղաքային աղմուկից ու լիցքաթափված վերադարձել: 
-Թատրոնում ունե՞ք բավականաչափ զբաղվածություն:
-Այո՛, հիմնականում Պարոնյան թատրոնում եւ, իհարկե, կոմերցիոն ներկայացումներում: Զաղված եմ նաեւ Համազգային թատրոնում, հիմա էլ Նարեկ Դուրյանի “Օպերացիա Նեմեսիս” ներկայացման մեջ եմ խաղում: 
-Տարիներ առաջ Դուք եւ Նարեկ Ղափլանյանը ,Երկու ընկեր` չհաշված կյանքըե կոմերցիոն ներկայացման գլխավոր հերոսներն էինք, պրոդյուսերն էլ Նունե Եսայանն էր: Ի՞նչ եղավ այդ ներկայացումը, թիթեռնիկի կյա՞նք ունեցավ:
-Չէ՛, ինչո՞ւ, 4 սեզոն խաղացինք: Ու քանի որ դերասանական կազմը բավականին մեծ էր, այսօրվա դերասանների ռիթմն էլ մի քիչ անկանոն է` սերիալներ, տարբեր նկարահանումներ, դժվար է բոլորին հավաքել մի տեղում, դադար տվեցինք: Այդ ամենի հետ մեկտեղ աղջիկ դերակատար ունեինք, որն ամուսնացավ, գնաց ԱՄՆ: Իսկ ներկայացումը վերականգնելու համար մեծ ծավալի աշխատանքներ են պահանջվում: Պետք է նոր դերակատարուհի գտնել, դե Նարեկն էլ` գլխավոր դերակատարներից մեկը, գնաց Միացյալ Նահանգներ, ու այդպես ներկայացումը կնքեց իր մահկանացուն: 
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք չեք նկարահանվում սերիալներում, ֆիլմերում: 
-Երեւի համապատասխան առաջարկներ չկան ո՛չ ֆիլմերի, ո՛չ սերիալների կողմից: Առաջարկներ հաճախ են լինում, բայց ինձ հեշտ չէ համոզել: Գիտեմ, գովում են իրենց սերիալը, ասում, որ նմանը չկա, բայց 14-րդ սերիայից հետո դա էլի դառնում է շարքային ինչ-որ անիմաստ բան: 
-Սովորաբար դերասանները համաձայնում են սերիալում նկարահանվել, քանի որ ֆիլմարտադրություն չկա:
-Ինչի՞ չկա:
-Կա՞:
-Ռեժիսորներ կան, որ լավ ֆիլմեր են նկարում, նկարել: Իհարկե, էնպես չէ, ոնց որ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում, բայց Հայաստանի համար վատ չէ:
-Եթե պնդում եք, որ ֆիլմարտադրություն կա, ապա ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում այդ ֆիլմերից գոնե մեկում:
-Չգիտեմ, չեմ կարող ասել: Առաջարկ էլ, որ ասեմ, այդպիսին չկա: Կար մի առաջարկ Հրաչ Քեշիշյանի կողմից. մեր ազգային հեղինակի գործերից մեկի հիման վրա ֆիլմ պետք է նկարահանվեր, բայց դա էլ կիսատ մնաց ինչ-ինչ պատճառներով:
-Դուք դերասան եք, որը զբաղված է թատրոնում, վստահ եմ՝ չեք հերքի այն փաստը, որ միայն թատրոնի աշխատավարձով տուն պահելը անհնար է:
-Դրա համար էլ կոմերցիոն ներկայացումներ գոյություն ունեն:
-Նույնիսկ այդ դեպքում տղամարդը կկարողանա՞ տուն պահել:
-Նայած տունը քանի քառակուսի է (ծիծաղում է-խմբ.): 
-Հումորը վատը չէր, բայց սոցիալական հարցեր կարգավորելու համար, թատրոնից բացի, այլ աշխատանք էլ է հարկավոր:
-Իհարկե, այդ աշխատավարձով կկարգավորես որոշ չափով, բայց 5 աստղին արժանի տունը պահել չես կարող:
-Դուք կողմնակի եկամուտ, բիզնես չունե՞ք:
-Կողմնակի լինում է, երբ հրավիրում են երգելու, միջոցառումներ ու տարբեր երեկոներ վարելու: Դերասանը չի կարող հույսը դնել միայն պետական աշխատավարձի վրա, դա շատ ծիծաղելի է ու տխուր: 
-Իսկ ես լսել էի, որ ինչ-որ խաղատուն ունեք:
-Դա “Game zone” ինտերնետ ակումբն էր, որը գտնվում էր Ջրվեժում, բայց ես այն փակեցի, ձեռք չտվեց: 
-Նոր բիզնես սկսելու նախագիծ չկա՞:
-Մտքեր կան, բայց դեռ չեմ կոնկրետացրել:
-Դուք նաեւ երգում եք, բայց Ձեր ժանրն այնպիսին է, որ դժվար թե հարսանիքներին հրավիրեն:
-Ճիշտ եք նկատել, ինձ ավելի շատ երիտասարդական երեկոներին ու կորպորատիվ միջոցառումներին են հրավիրում, որտեղ գերակշռող մասը երիտասարդներ են: Կնունքների ու հարսանիքների երգել չեմ կարող: Եկամտի մեծ մասը ապահովում են կորպորատիվ երեկոները: 
-Թամադայությո՞ւն էլ եք անում:
-Չեմ փորձել: Մի անգամ ընկերոջս հարսանիքն էր, միացյալ ուժերով թամադայություն արեցինք, այսինքն՝ փորձեցինք անել: 
-Երբեւէ չե՞ք փորձել ռաբիս կատարել:
-Մի անգամ երազումս փորձեցի, բայց վեր թռա, կիսատ մնաց, կրկներգին էլ չհասա (ծիծաղում է-խմբ.):
-Սիրո՞ւմ եք այն, ինչով զբաղվում եք: Ցանկություն չի՞ լինում թողնել այս տարատեսակ աշխատանքներն ու զբաղվել այլ գործով:
-Դեռ դրան չենք հասել: Շատ եմ սիրում իմ գործը: Աստված տա, ավելի բարգավաճի դերասանի գործն ու կյանքն էս երկրում, բայց Աստված մի արասցե, որ ավելի վատանա կամ էսպես մնա, որ դու էլ ստիպված լինես այլ գործեր անել կողքից, կորցնես քո պրոֆեսիան ու փորձես ինչ-որ ձեւով ընտանիք պահել:
-Կամ էլ ցանկություն առաջանա հեռանալ, ինչպես շատերն են անում:
-Ափսոս, շատ-շատ տաղանդավոր մարդիկ, երիտասարդներ գնացին: Թող էնքան լավ լինի մեր երկրում, որ բոլորը հետ գան: 
-Բավականին լավատես եք:
-Որովհետեւ սիրում եմ իմ երկիրը: Այդքան շրջագայել եմ, բայց մեկ է, Հայաստանն ուրիշ է: Շատ առիթներ են լինում դրսում մնալու, բայց ես չեմ մնում, հետ եմ գալիս: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս