Գործը հասել է նրան, որ Էրդողանն անում է անհեթեթ հայտարարություններ. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին:

«Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: Սա խոսում է այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, և ԵՄ անդամ Կիպրոսի պետությունը դատապարտում է ոչ միայն ցեղասպանությունը, այլ թուրքական ժխտողականությունը: Նման որոշումները ջղաձգումների մեջ են գցում թուրքական իշխանություններին: Գործը հասել է նրան, որ պարոն Էրդողանն անում է ոչ տրամաբանական, անհեթեթ հայտարարություններ, որը անտրամաբանական է նույնիսկ նրանց համար, որոնք մասնակցելու են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին»,- ընդգծեց  նա:

Որպես օրինակ ԱԺ փոխնախագահը նշեց.  «Մարդն ասում էր, որ հայերն իրենք են հարմարեցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը Գալիպոլիի ճակատամարտի հետ: Սա ցինիզմի ամենավերջն դրսևորումն է: Բայց ուզում եմ իմ թուրք գործընկերներին ու նրանց բարեկամներին հիշեցնել, որ պետք չի շատ ոգևորվել Գալիպոլիով: Այդ բանակը ուղիղ երեք տարի անց 1918թ-ի մայիսին խայտառակ պարտություն է կրել հայոց առաջին պետության և հայկական բանակին՝ Սարդարապատում: Եթե չգիտեք, իմացեք»,-եզրափակեց նա:




Լրահոս