Մեզ մոտ սպասում են, խնդիրն առաջանում է, նոր փորձում են այն լուծել. Մեսրոպ Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում տիրող տնտեսական բարդ իրավիճակի, տրանսֆերտների կտրուկ նվազման և հրատապ անհրաժեշտ քայլերի մասին Armlur.am-ը զրուցեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարոն Առաքելյան, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ կա, որը գնալով խորանում է:

-Տնտեսական ճգնաժամ Հայաստանում որպես այդպիսին 2014 թվականի վերջին ամիսներին նկատվում էր, ինչը հիմնականում կապված է Ռուսաստանի տնտեսությունում առկա խնդիրների հետ, որն ուղղակիորեն անդրադարձավ ՀՀ տնտեսության վրա: Մասնավորապես` տրանսֆերտների կտրուկ նվազում արձանագրվեց: Այս տարվա երկու ամիսների ընթացքում արդեն մոտ 2,5 անգամ նվազել են: Բավականին լուրջ խնդիրներ կան արտաքին առևտրաշրջանառության հարցում: Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է բնակչության եկամուտների, սպառման և տնտեսության մյուս ցուցանիշների վրա: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ճգնաժամը Ռուսաստանում լոկալ է, համեմատելով 2009 թվականի ճգնաժամի հետ, կարելի է ասել, որ սա պայմանավորված է քաղաքական գործոններով, ինչն իր անդրադարձն է թողել ՌԴ-ի և դրանից կախված երկրների տնտեսությունների վրա: Սա ավելի է վատացնում մեր տնտեսության վիճակն ու առաջիկա մեկ երկու տարիներին, կարծում եմ, այս տեմպերն ավելի կահագնանան:

-Կարելի՞ է ասել, որ ԵՏՄ անդամակցությունն ավելի վատացրեց մեր տնտեսության վիճակը:

-Վերջին ամիսներին նկատվող խնդիրները կապել ԵՏՄ անդամակցության հետ, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մինչև ԵՏՄ անդամակցությունը, մեր տնտեսությունը բավականին լուրջ կախվածություն է ունեցել Ռուսաստանից և շարունակում է ունենալ: Մասնավորապես` բյուջեի չափ մասնավոր տրանսֆերտների ստացումը համարվում է Հայաստանի բնակչության զգալի մասի եկամուտները և արտաքին ապրանքաշրջանառությունը: Ներդրումների մասով էլ Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է: Այսինքն` այդ ամենը եղել է վերջին մոտ 10 տարվա ընթացքում և ԵՏՄ անդամակցությունը այդ առումով բան չի փոխել: Մեր խնդիրները կախված են եղել ՌԴ տնտեսությունից: Իսկ ԵՏՄ անդամակցությունը` որպես այդպիսին, մի քանի ամիսների համար մեզ որևէ դրական բան չի տվել, քանի որ առանց այն էլ մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք համագործակցություն, ԱՊՀ երկրների հետ համագործակցության շրջանակներում նաև ազատ առևտրի հնարավորություն: ԵՏՄ-ի շնորհիվ լուրջ տնտեսական ձեռքբերումներ չենք ունեցել և առաջիկայում ևս լուրջ տնտեսական ակնկալիքներ սպասել պետք չէ: Դրան էլ գումարենք, որ այդ միությունը դեռևս ձևավորման փուլում է: Իսկ միասնական արժութային միության ստեղծումը համարվում է տնտեսական այդ միության ձևավորման վերջին փուլը: Եվրոպական միությունը ևս ձևավորումից տասնյակ տարիներ հետո նոր միայն միասնական արժույթ ունեցավ: Այս պահին ԵՏՄ-ն ընդամենը ընդհանուր մաքսային համակարգի փուլ է ձևավորել:

-Կառավարությունը, Կենտրոնական բանկն ի՞նչ քայլերով, ի՞նչ գործիքներով պետք է փորձեն պահպանել ՀՀ տնտեսությունը:

-Մեր տնտեսութան հիմնական խնդիրները ներդրումների բավական ցածր ցուցանիշն է, հիմնական ճյուղերում մոնոպոլիայի առկայությունը, ինչն էլ բերում է ստվերի: Տնտեսության մեջ հիմնականում այդ խնդիրներն են, որոնք հանգեցնում են բնակչության եկամուտների նվազմանը, աղքատության ավելացմանը: Այս խնդիրների լուծման համար առաջին հերթին պետք է ունենալ մրցակցային դաշտ, ինչի համար պետք է ձևավորել տնտեսական վստահելի համակարգ: Վստահության բարձրացման շնորհիվ է, որ հնարավորություն կունենանք նոր ներդրումներ ունենալ տնտեսության մեջ, ինչպես ներքին ներդրումների, այնպես էլ փոքր ներդրումների: Պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ թույլ կտան գործող և սկսնակ բիզնեսներին շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում: Պետք է կրճատել ստվերային տնտեսությունը, քանի որ վերջին տարիներին նկատվում է բյուջեի եկամուտների հավաքագրման խնդիր, ինչը նման տեմպերի պահպանման պարագայում նոր խնդիրներ կառաջացնի բնակչության համար:

-Որպես տնտեսագետ` Դուք տեսնու՞մ եք որևէ դրական, ռեալ քայլ:

-Ցավոք, տնտեսության մեջ առկա խնդիրների լուծման համար մինչև հիմա կատարվող բարեփոխումներն ինչ-որ լոկալ, կարճաժամկետ բնույթ են կրում: Այսինքն` կա ինչ-որ խնդիր, հիմա փորձում են լուծել, որի ազդեցությունն ընդամենը մեկ երկու ամսվա կյանք կունենա: Առկա խնդիրների լուծման համար կարճաժամկետ միջոցներ են ներգրավում, ավելացնում են արտաքին պարտքը, հետո նորից մտածում: Երկարաժամկետ` 5-10 տարվա կանխարգելիչ միջոցառումներ չեն անում: Եվ հիմնական խնդիրը դա է: Մեզ մոտ սպասում են խնդիրն առաջանում է, նոր փորձում են այն լուծել: Դրա փոխարեն, պետք է կանխատեսել և մինչև խնդիրների առաջացումը դրանք կանխարգելել:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի

Լուսանկարը` PanArmenian.net-ի




Լրահոս